ISHR Մշտադիտարկումների արդյունքներով միջանկյալ զեկույց

1349

«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» միջազգային հասարակական կազմակերպության /ISHR/ Հայաստան բաժանմունքը 2021 թվականի սեպտեմբեր ամսից իրականացնում է «Օրենքի գերակայության ամրապնդումը Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է IGFM Գերմանիա բաժանմունքի աջակցությամբ, Գերմանիայի տնտեսական զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ:

Ծրագիրը նպատակ է հետապնդում ի նպաստ ծառայելու արդարադատությանը, և որպես միջոց ընտրվել է դատական գործընթացների մշտադիտարկումը: Դիտարկվում են Երևան քաղաքի և մարզերի դատարաններում կայացող դատական նիստերը:

Ինչպես հայտնի է, 2022 թվականն ամփոփվեց դատաիրավական մի շարք բարեփոխումներով: Այդ իմաստով, կարևոր է արձանագրել, որ 2022 թվականի հուլիսի 21-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը, որի առանցքային ուղղությունն  արդարադատության դյուրացումն է ռեսուրսային հարստացման, նաև նոր մեխանիզմների ներդրման ճանապարհով: Կարևոր էր նաև մասնագիտացված` հակակոռուպցիոն, վարչական և սնանկության դատարանների ինստիտուտի ներդրումը: Դատավորների ցուցակի համալրումը, նաև մասնագիտացված դատարանները նոր դատավորներով համալրելը, անշուշտ, ուղենշային արձագանք էր արդարադատությանը բախվող մարտահրավերներին: Ի դեպ, նախանշված բարեփոխումների մի մասն ընթացիկ փուլում է:

2022 թվականի դեկտեմբեր-2023 թվականի հունվար ամիսների հաշվետու ժամանակահատվածի մշտադիտարկման արդյունքում Կազմակերպությունն արձանագրել է հետևյալ պատկերը.

 

Կատարված բարեփոխումների էությունը, հիրավի, վկայում է պետության ջանքերի մասին, որոնք ուղղված են արդարադատության որակական և քանակական մակարդակների բարձրացմանը, միևնույն ժամանակ, այդ բարեփոխումներն իրավակիրառ դաշտում ի զորու չեն եղել հաղթահարելու որոշ հարցեր, որոնց առկայությունը վնասում է  արդարադատությանը շոշափելի կերպով: Դատարանները, լայն իմաստով, պահպանում են դատավարական ընթացակարգերը, այնուամենայնիվ, շատ դեպքերում բացակայում է   ակնկալվող ջանասիրության դրսևորումն այնպիսի մարտահրավերների  հաղթահարման մեջ, ինչպիսիք են՝ գիտելիքների ոչ բավարար լինելը, մասնագիտական աճի կանգը, ժամանակի սխալ կառավարումը, նախաձեռնողականության և հետևողականության անկայունությունը: Արդյունքում, որպես հակազդում, խաթարվել են արդյունավետ արդարադատությունը պայմանավորող ներքոնշյալ սկզբունքները

                      ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

   ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

       ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ

     ՕՐԵՆՔԻ ԱՌՋև ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

                    Առավել հաճախ արձանագրված դատավարական խնդիրները

.  Դիտարկված դատական նիստերը հիմնականում բացվել են ուշացումով, որի պատճառ, մեծամասամբ, հանդիսացել է դատական նիստերը նախագահող դատավորների ծանրաբեռնվածությունը

.  Դատական գործերը հիմնականում անհարկի ձգձգվում են դատական նիստերի կարճ տևողությամբ, կողմերի ներկայության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռք չառնելու կամ դատական նիստերը, նույնիսկ խոշտանգման կամ երեխայի խնամքի գործերով, ուշ հերթի նշանակելու հանգամանքներով պայմանավորված, ինչի արդյունքում անձիք շարունակում են զրկված մնալ իրենց իրավունքներից և  ազատություններից

. ՄԻՄՀ/ISHR / դիտորդները գրեթե միշտ կամ չեն ներկայացվել դատարաններին, կամ նիստերը նախագահող դատավորները տեղեկացել են և, դատավարական կարգի խախտմամբ, դատական նիստերի ընթացքում չեն անդրադարձել դիտորդներին պատշաճ ներկայացնելու հարցին, իսկ որոշ դեպքերում էլ նիստերը նախագահող դատավորները դիտորդներին հարկ չեն համարել ներկայացնել՝ պատճառաբանելով, որ դատական նիստերը դռնբաց են, ինչի պատճառով դիտորդները հնարավորություն չեն ունեցել լուսանակարահանում իրականացնել: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ դատական նիստերի քարտուղարը դատական նիստը նախագահող դատավորի ներկայությամբ կողմի ներկայացուցչին կողմնորոշել է առարկել դիտորդի կողմից լուսանկարահանում իրականացնելու դեմ: Հետաքրքիր է նաև որոշ դատավորների վերաբերմունքն այն իմաստով, որ չեն թույլատրում իրենց լուսանկարահանել:

.  Դատաիրավական փոփոխությունների արդյունքում դեռևս 2018 թվականին ԲԴԽ որոշմամբ սահմանվել են ՀՀ առաջին ատյանի դատարանների նստավայրերի սպասարկման տարածքները: Որոշման կիրարկման գործընթացը չի կազմակերպվել անհրաժեշտ կերպով, ինչով տեղեկատվության ամբողջական հասանելիություն կապահովվեր հասարակության համար: Մասնավորապես, DataLex դատական տեղեկատվական համակարգում բացակայում են տեղեկություններ, դատարանների, օրինակ, քրեական և քաղաքացիական գործերով դատական նիստերի կայացման իրավասու նստավայրերի  վերաբերյալ: Բացի այդ, համակարգը կծկտուր տեղեկատվություն է պարունակում գործերի վերաբերյալ, օրինակ՝  մի քանի ամբաստանյալի ներգրավվածությամբ գործում տեղադրված է միայն մեկ ամբաստանյալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, կամ տեղադրված չեն դատարանի որոշումները (գործ՝ թիվ ԵԴ/1383/01/20)

. Դատարանը, վկային առաջինը հարցաքննելով, խախտել է հարցաքննության քրեադատավարական կարգը (գործ՝ թիվ ՍԴ1/0014/01/22)

.Դատարանը թույլատրել է գործով դատախազի բացակայության դեպքում այլ դատախազի կողմից մեղադրանքի պաշտպանություն՝ առանց լիազորագրի (գործ՝ թիվ ՇԴ/0134/01/21 )

.Դատարանները որոշ դեպքերում անհրաժեշտ միջոցներ ձեռք չեն առնում կալանավորված անձանց ներկայությունը դատական նիստին երաշխավորելու ուղղությամբ  (գործ՝ թիվ  ԵԴ/1383/01/20)

.Դատական նիստերի դահլիճի դատավարական հատվածն այցելուների հատվածից զրահապատ ապակե միջնորմով բաժանված լինելու պատճառով հանրային հնչեղության գործով դատաքննության  լսելիության խնդիրը չի վերացվում  (գործ՝ թիվ ԵԴ/0253/01/19)

Ծրագրի շրջանակում դատական մշտադիտարկումները շարունակվում են, որոնց արդյունքներն ամփոփվելու են ծրագրի ավարտին հրապարակվող զեկույցում:

Սիրակ Եղիազարյան

 Ծրագրի փորձագետ համակարգող

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments