2023 թվականի փետրվարի 13-ին ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ դիմումի «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» 02.12.2022թ. թիվ 143-Ա որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ։
Դատական նիստի բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած անձանց՝ հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներին և որպես երրորդ անձ ներգրավված «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ-ի ներկայացուցչին։ Որպես երրորդ անձ ներգրավված և պատշաճ կերպով ծանուցված «ԱՐՄԵՆԻԱ ԹԻՎԻ» ՓԲԸ-ի, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ի, «ՇԱՆԹ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները չէին ներկայացել դատական նիստին։ Դատարանը, առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմերով, շարունակեց դատական նիստը երրորդ անձանց ներկայացուցիչների բացակայությամբ։
Դատական նիստերի դահլիճում գտնվող ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը պատշաճ կերպով ներկայացվեց: Դատարանը, կողմերի հետ քննարկելով դիտորդի՝ դատական նիստի ընթացքը լուսանկարահանելու խնդրանքը, դիտորդին թույլատրեց կատարել լուսանկարահանում։
Երրորդ անձի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց երրորդ անձի դիրքորոշումը։
Հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց գործին նոր ապացույց կցելու։ Նա հայտնեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդունել է կազմակերպություններից մեկի հայտը, մինչդեռ, հայտում եղել են օտարալեզու տվյալներ, ինչը չի թույլատրվում վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համաձայն։
Դատարանը լսեց կողմերի կարծիքները։
Պատասխանողի ներկայացուցիչը հայտարարեց, որ Հանձնաժողովը որոշում կայացնելիս հաշվի է առել նաև նախորդ տարիներին հայցվորի մոտ կատարված մշտադիտարկումների արդյունքները։ Դատարանը հակադարձեց, որ ֆինանսական կամ մասնագիտական մասով առարկություններ չեն եղել։ Պատասխանող կողմն արձագանքեց, որ գնահատվել են հայցվորի ինչպես ներկա գործունեությունն ու կարողությունները, այնպես էլ նախորդ տարիներին հեռարձակող հանդիսանալիս նրա ծավալած գործունեությունը։
Դատարանը հարցրեց պատասխանող կողմին, թե որն է եղել հայցվորի հայտը մերժելու առանցքային պատճառը, բացի նախկին գործունեությանը տված գնահատականից, հայտը մերժելու այլ պատճառներ եղե՞լ են։ Պատասխանողի ներկայացուցիչը պատասխանեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։ Նա մեջբերեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասը, որի համաձայն՝ լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է գործող այն հեռարձակողներին, որոնք թույլ են տվել օրենսդրության նվազ քանակով կամ վտանգավորությամբ խախտումներ։ Դատարանի հարցին, թե եղել են արդյոք նման խախտումներ հայցվորի կողմից, Պատասխանողի ներկայացուցիչը պատասխանեց, որ այո, եղել են մի քանի խախտումներ։ Հայցվորի ներկայացուցիչը պնդեց, որ բոլոր այդ խախտումները բողոքարկվել են, կիրառված բոլոր սանկցիաները վիճարկվել են և հիմա քննվում են վարչական դատարանում։ Դատարանը հարցրեց, թե արդյոք հայցվորի ներկայացուցիչն ունի տվյալներ քննվող այդ գործերի մասին։ Հայցվորի ներկայացուցիչն ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող է ճշտել և դատարանին տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։
Պատասխանողի ներկայացուցիչը պնդեց, որ հայցվորը բողոքարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի բոլոր որոշումները։
Դատարանը ճշտեց հայցվոր կողմից, թե արդյոք իր վստահորդ կազմակերպությունը հանդիսանում է հեռարձակող։ Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ հայցվորը հանդիսանում է հեռարձակող, սակայն, չունի լիցենզիա։
Երրորդ անձի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ հայցվոր կողմը կատարում է նորմի սուբյեկտիվ մեկնաբանում։ Ըստ նրա, որոշումն ընդունելու պահին բոլոր կազմակերպություններն են չունեին լիցենզիա, ուստի, գտնվում էին հավասար պայմաններում։ Նա ևս պնդեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, հանձնաժողովը հավասար պայմանների առկայության դեպքում իրավունք ուներ գնահատել կազմակերպություններում նախորդ տարիներին կատարված մշտադիտարկումների արդյունքները, ինչն էլ և արել է հանձնաժողովը, ուստի, հանձնաժողովի որոշման մեջ ապօրինի ոչինչ չկա։
Դատարանն առաջարկեց կողմերին մասնագիտական կարծիք հայտնել այն բանի մասին, որ եթե մինչև այդ չի կայացել մրցույթ, ուրեմն, բոլոր հեռարձակողները հայտերը հանձնաժողով ուղարկելու պահին գործել են առանց լիցենզիայի։ Հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, որ, իր կարծիքով, եթե ունենային լիցենզիա, ապա չէին մասնակցի մրցույթին։ Նա հայտնեց, որ կա դատական որոշում, ըստ որի՝ լիցենզիաների գործողությունը դադարեցվել էր։ Որոշ կազմակերպություններ դատարանի որոշումից հետո շարունակել էին հեռարձակումը, որի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դատարանի՝ օրինական ուժի մտած որոշումը չկատարելու առթիվ։
Պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ մեկ այլ որոշմամբ դատարանն անհիմն է ճանաչել բոլոր սլոթների անվավեր ճանաչման պահանջը։
Դատարանը բավարարեց Հայցվորի՝ մեկ այլ կազմակերպության հայտում առկա օտարալեզու նյութերը որպես նոր ապացույց գործին կցելու մասով ներկայացրած միջնորդությունը։
Դատարանը հայտարարեց ապացույցների հետազոտում։
Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո դատարանը հայտարարեց, որ գործի քննություն ավարտված է։
Վճիռը կհրապարակվի 2023 թվականի փետրվարի 22-ին՝ դատական համակարգի պաշտոնական կայքի միջոցով։