Գրիգոր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժանմունքի օպերլիազորներ Նարեկ Բարսեղյանի, Տիգրան Ավանեսյանի և գործով չպարզված այլ ծառայողների հետ՝ խմբով, 2020 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 01:00-ին, Երևան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանին և վերջինիս ծանոթ Արմեն Ղազարյանին փաստացի բերման է ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:
16․02․2023թ. նշանակված էր հերթական դատական նիստը։
«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ-ն այս գործով իրականացնում է թվով երկրորդ մշտադիտարկումը։ ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը, նախքան դատական նիստի սկսվելը, նիստերի քարտուղարին տեղյակ պահեց իր դիտորդական առաքելության մասին՝ հայտնելով նիստը լուսանկարահանելու ցանկության մասին։ Դատական նիստերի քարտուղարը նիստը նախագահող դատավորին տեղեկացրեց, որ նիստին ներկա է նաև ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը, սակայն, դատավորը դատական նիստի մասնակիցների հետ չքննարկեց նիստը լուսանկարահանելու թույլատվության հարցը։
Դատական նիստին ներկա էին տուժող կողմի ներկայացուցիչը, դատախազը, ամբաստանյալները, ինչպես նաև ամբաստանյալների պաշտպաններից երկուսը։
Դատարանը ներկաներին հայտնեց, որ գործով վկա հանդիսացող Դալաքյանը մարզում չի գտնվում, այդ իսկ պատճառով չի ներկայացել դատական նիստին:
Պաշտպաններից մեկը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ։ Մեղադրանքի կողմն առարկություն չուներ միջնորդության վերաբերյալ։ Սակայն, դատարանը որոշում կայացրեց միջնորդությունը մերժելու մասին՝ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի դրույթին, ըստ որի՝ թույլատրվում է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքն այն դեպքում, երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը։ Դատարանը հավելեց, որ չեն սպառվել բոլոր հնարավոր միջոցները, և եթե հաջորդ դատական նիստին վկան կրկին բացակայի, դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի ուժով, որոշում կկայացնի վերջինիս բերման ենթարկելու մասին։
Պաշտպանական կողմը ներկայացրեց ևս մեկ միջնորդություն՝ հրապարակել գործով վկա հանդիսացող Մանուկյանի նախաքննական ցուցմունքը՝ հիմք բերելով այն հանգամանքը, որ վկան մահացել է։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ հրապարակելով վկայի նախաքննական ցուցմունքը։
Դատարանը, հաշվի առնելով գործի անհարկի ձգձգումների անթույլատրելիությունը, հաջորդ դատական նիստը նշանակեց 22․02․2023 թվականին ժամը՝ 16։30-ին։