2023 թվականի փետրվարի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացավ դատական նիստը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքով։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի, նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար վերջինից ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը մեղադրվում է կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Ըստ մեղադրանքի, նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար վերջինից ստացել է 1 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական
բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հարկ է նշել, որ ենթադրելի հանցանքները կատարվել են նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամկետում, հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը պետք է քննվի տվյալ պահին գործած քրեական օրենսգրքով։ Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժը մեղմացնող նորմերն ունեն հետադարձ ուժ։ Տվյալ դեպքում վերոնշյալ հանցանքների համար նախատեսված սանկցիաներից հանվել է գույքի բռնագրավման պահանջը, ուստի, պատիժը սահմանելիս օրենքը պահանջում է առաջնորդվել նոր քրեական օրենսգրքի դրույթներով։
Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկայացած կողմերին։ Դատական նիստին ներկայացել էին մեղադրողները, ամբաստանյալ Արմեն Գևորգյանը, ամբաստանյալների պաշտպանները։ Պատշաճ կերպով ծանուցված ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել նիստին։
Դատական նիստերի դահլիճում գտնվող ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը, ով նախօրոք ներկայացել էր դատական նիստերի քարտուղարին և հայտնել էր նիստը լուսանկարահանելու խնդրանքի մասին, դատարանին չներկայացվեց։
Դատարանը հարցրեց պաշտպանության կողմին, թե ինչ տեղեկություններ ունեն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառների մասին։ Պաշտպանության կողմը հայտնեց, որ առկա է բժշկական փաստաթուղթ։ Այն ներկայացվեց դատարանին և մեղադրանքի կողմին։ Մեղադրանքի կողմը հայտնեց, որ չի ցանկանում դիրքորոշում հայտնել։
Դատարանը, ելնելով ներկայացված բժշկական փաստաթղթի բովանդակությունից, որոշեց հետաձգել դատական նիստը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի փետրվարի 21-ին, ժամը՝ 13։00-ին։
Հարկ է նշել, որ դատական նիստերի դահլիճի դատավարական հատվածն այցելուների հատվածից բաժանված է զրահապատ ապակե միջնորմով։ Նիստի ընթացքը լսելի դարձնելու համար կիրառվում են բարձրախոսներ, որոնք, սակայն, չեն ապահովում նիստի լսելիությունը։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի հրապարակային դատավարության իրավունք։ Մալհոուսն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (Malhous v. the Czech Republic, 2001, §§ 55-56) գործով ՄԻԵԴ նախադեպային վճռի համաձայն՝ դռնբաց նիստը նպաստում է արդար դատաքննության իրականացմանը։ Միևնույն ժամանակ Աքսեն ընդդեմ Գերմանիայի (Axen v. Germany, 1983, §28) գործով հստակ է ՄԻԵԴ-ի դիրքորոշումն առ այն, որ բանավոր նիստի իրավունքը կապված է այն հարցի հետ, որ պետք է հաստատվի, թե արդյոք դատաքննությունը համապատասխանում է հրապարակային լինելու պահանջին։
«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ-ն արդեն իսկ դիմում է ներկայացրել նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ՄԻՄՀ/ISHR/ մշտադիտարկման խմբի անդամների ներկայությունը դատական նիստերի դահլիճի դատավարական հատված թույլատրելու վերաբերյալ, որպեսզի այդկերպ ապահովվի դատաքննության ընթացքի լսելիությունը՝ որպես դատական վարույթի հրապարակայնության՝ քրեադատավարական սկզբունքի շոշափելի երաշխիք։