Հայցվոր Անահիտ Ռոստոմյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ Անահիտ Ռոստոմյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին՝ համալսարանի ռեկտորի 22.09.2022թ. թիվ 333 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջի վերաբերյալ։
Հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 04.10.2022 թվականին ընդունվել է վարույթ։
20.12.2022 թվականին նշանակվել է դատական նիստ, որը չի կայացել նախագահող դատավոր Վ. Թորոսյանի՝ Ազգային ժողովի նիստին մասնակցելու կապակցությամբ։
Նախնական դատական հերթական նիստը նշանակված էր 14․02․2023 թվականին, ժամը՝ 12։30-ին։
Դատական նիստը սկսվեց 25 րոպե ուշացումով, քանի որ նիստը նախագահող դատավորը նույն ժամին՝ ժամը 12։30-ին, հրապարակում էր հետաձգված նիստերի վճիռները։
Դատական նիստը սկսվելուց առաջ ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատարանին, հայտնեց դատական նիստը լուսանկարահանելու ցանկության մասին։ Դատարանը ոչ հաստատող, ոչ էլ ժխտող պատասխան չներկայացրեց, իսկ դատական նիստի բացվելուց հետո լուսանկարահանման հետ կապված որևէ անդրադարձ չարեց: Պետք է նշել, որ նիստը նախագահող դատավորը կոպտորեն խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածում ամրագրված դատական նիստի կարգն այն իմաստով, որ լուսանկարահանման թույլտվության հարցին պետք է անդրադառնար դատական նիստը բացելուց հետո։
Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած մասնակիցներին՝ հայցվորին, հայցվորի ներկայացուցչին և պատասխանողի ներկայացուցչին։
Հայցվոր կողմի ներկայացուցիչը ներկայացրեց պահանջը, համաձայն որի՝ հայցվորը 24.06.2022 թվականին Համալսարանից «Հումանիտար գիտությունների և արվեստի» ֆակուլտետի գործավարի պաշտոնից (ամսական աշխատավարձը՝ 150.000 ՀՀ դրամ) ազատման ծանուցում է ստացել։ Աշխատանքից ազատումը հիմնավորվել է ֆակուլտետների լուծարմամբ։ Համալսարանը հայցվորին առաջարկել է ամբիոնի գործավարի ժամանակավոր պաշտոնը՝ ամսական 120.000 ՀՀ դրամ աշխատավարձով, քանի դեռ աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, և համալսարանի ենթակայության տակ գտնվող քոլեջի գործավարի պաշտոնը՝ ամսական 100.000 ՀՀ դրամ աշխատավարձով։ 01.09.2022 թվականին հայցվոր կողմը գրավոր պատասխանով մերժել է համալսարանի ռեկտորի առաջարկները, հիմնավորելով, որ նշված երկու հաստիքները համապատասխան չեն իր մասնագիտական պատրաստվածությանն ու որակավորմանը։
Հայցվոր կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ֆակուլտետները լուծարվել են, սակայն, նույն օրը Հիմնադրամի հոգաբարձուների կողմից վերակազմավորվել են, իսկ տվյալ ֆակուլտետի գործավարի պաշտոնում նշանակվել է այլ անձ, ով նախկինում եղել է ամբիոնի գործավար։
Պատասխանող կողմը պնդեց, որ հայցվորին իր պաշտոնից ազատել են համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի՝ առանց որևէ դրույթ խախտելու։
Հայցվորի ներկայացուցչի կողմից ապացույցները պատշաճ կերպով ներկայացվել են դատարանին և պատասխանող կողմին։ Պատասխանող կողմը ապացույցները ներկայացրել է դատարանին, սակայն, չի ուղարկել հայցվոր կողմին, ինչն առաջացրեց դատական նիստը շարունակելու անհնարինություն։ Ապացույցները հայցվոր կողմին փոխանցվեցին դատական նիստի ժամանակ։ Դատավորը հայտարարեց 5 րոպե ընդմիջում, որպեսզի, հայցվոր կողմը կարողանար ծանոթանալ պատասխանող կողմի ներկայացրած ապացույցներին։
Չնայած ընդմիջումը հայտարարվել էր 5 րոպե, այնուամենայնիվ ընդմիջումն ավարտվեց 15 րոպե անց, քանի որ նախագահող դատավորը ընթացքում այլ գործ էր քննում։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի՝ վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը, ուստի, դատարանը մինչ հաջորդ նիստը ներառյալ ժամանակ հատկացրեց պատասխանող կողմին բերված առարկությունների փաստական հիմնավորումները դատարան ներկայացնելու համար ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի ապրիլի 11-ին, ժամը՝ 15։00-ին։