Արմեն Մանուկյանի և այլոց գործով մշտադիտարկումը (թիվ ԵԴ/1789/01/22 գործով 06.02.2023թ. դատական նիստը)

1119

Թիվ ԵԴ/1789/01/22 քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված են Արմեն Մանուկյանը, Սահակ Վարդանյանը և Արթուր Դավթյանը:

Արմեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել, կրել հրազեն և հրազենային փամփուշտներ, հնչեցրել է սպանության, ծանր վնաս պատճառելու սպառնալիք և իրականացրել է մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հանցափորձ:

Սահակ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի դիտավորությամբ կազմակերպել է առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության փորձի պարտակման փորձ:

Արթուր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել և փորձել է պարտակել առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանության փորձ:

Արմեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ Սահակ Վարդանյանի և Արթուր Դավթյանի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

06.02.2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը: Դատական նիստի սկսվելուց առաջ ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ նիստերի քարտուղարին և հայտնեց դատական նիստը լուսանկարահանելու ցանկության մասին: Դատական նիստը բացվեց սահմանված ժամին, դատական նիստերի քարտուղարը դատարանին ներկայացրեց նիստին ներկայացած դատավարության մասնակիցներին, սակայն, չներկայացրեց դիտորդին: Դատական նիստին ներկա էին  դատախազը, ամբաստանյալներից՝ Սահակ Վարդանյանը, նրա պաշտպան Տիգրան Ղազարյանը: Դատական նիստին ներկա չէին ամբաստանյալներ Արթուր Դավթյանը և Արմեն Մանուկյանը: Դատական նիստերի քարտուղարը դատարանին չտեղեկացրեց, թե քրեակատարողական հիմնարկն ինչ պատճառով չի ապահովել Արմեն Մանուկյանի ներկայությունը դատարան: Դատարանը, հաջորդ դատական նիստին Արմեն Մանուկյանի և Արթուր Դավթյանի ներկայությունն ապահովելու նպատակով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի ուժով որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը, միաժամանակ, Արթուր Դավթյանին ձերբակալելու մասին որոշում կայացրեց:

Դատական նիստը հետաձգվեց, և հաջորդ դատական նիստը նշանակվեց 20.02.2023թ.-ին, ժամը՝ 13:30-ին:

Հատկանշական է այն հանգամանքը, որ դատական դեպարտամենտի կողմից վարվող datalex.am էլեկտրոնային հարթակում այս անգամ ևս տեղեկությունները հրապարակված են կծկտուր, մասնավորապես, բացակայում է տեղեկությունը հանրային մեղադրողի մասին: Ինչպես նաև նույն հարթակի «Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն» բաժնում ներկայացված է միայն Արթուր Դավթյանի մեղադրական եղրակացությունը, մեղադրանքով անցնում են 3 անձ, և դատարանի կողմից քրեական վարույթի անջատման մասին որոշում չի կայացվել:

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments