Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառք ստանալու մասին գործով մշտադիտարկումը (թիվ ԵԴ/0253/01/19 գործով 31․01․2023թ. դատական նիստը)

1234

2023 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ դատական նիստը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառք ստանալու  և փողերի լվացման մեղադրանքով։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանի, նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար վերջինից ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը մեղադրվում է կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Ըստ մեղադրանքի, նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար վերջինիցս ստացել է 1 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ, թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Հարկ է նշել, որ հանցանքները կատարվել են նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամկետում, հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը պետք է քննվի տվյալ պահին գործած քրեական օրենսգրքով։ Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժը մեղմացնող նորմերը ունեն հետադարձ ուժ։ Տվյալ դեպքում վերոնշյալ հանցանքների համար նախատեսված սանկցիաներից հանվել է գույքի բռնագրավման պահանջը, ուստի,  պատիժը սահմանելիս պետք է առաջնորդվել նոր քրեական օրենսգրքով։

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկայացած կողմերին։ Դատական նիստին ներկայացել էին մեղադրողները, ամբաստանյալները, պաշտպանության կողմի պաշտպանները։ Դատական նիստերի դահլիճում գտնվող ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը, ով նախօրոք ներկայացել էր դատական նիստերի քարտուղարին և հայտնել էր նիստը լուսանկարահանելու խնդրանքի մասին,պատշաճ կերպով չներկայացվեց։ Պատշաճ կերպով ծանուցված թարգմանիչը չէր ներկայացել նիստին՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ։ Փոխարենը թարգմանիչը դատարան էր ներկայացրել թարգմանության մեջ տեղ գտած խնդրահարույց բառերի իմաստաբանական պարզաբանումը, թարգմանչի որակավորման փաստաթղթերը, լիազորագիրը։

Դատարանը կողմերին առաջարկեց ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի հետ։ Քանի որ պաշտպանության կողմը ժամանակ խնդրեց՝ փաստաթղթերին ծանոթանալու համար, ուստի, դատարանը հայտարարեց ընդմիջում։

Ընդմիջումից հետո դատարանը ճշտեց կողմերի դիրքորոշումը։

Մեղադրանքի կողմը հայտարարեց, որ ներկայացված պարզաբանումները նշանակություն չունեն, քանի որ դատարանում հետազոտված թարգմանության մեջ հայտնաբերվել են խոտաններ և առանձին բառերի իմաստային անհամապատասխանություններ, որից հետո թարգմանություն կատարած կազմակերպությունը ներողություն է խնդրել և հայտնել, որ թարգմանությունը խոտան է։ Տվյալ կազմակերպությունը շտկել է թարգմանությունը և ներկայացրել դատարան, սակայն, նոր թարգմանությունը չի հետազոտվել դատարանում, քանի որ դատարանը որոշել էր թարգմանությունը կատարած թարգմանչի ներկայությամբ կատարել թարգմանության հետազոտումը։ Նա նաև հայտարարեց, որ տվյալ պարագայում նպատակահարմար չի գտնում նյութի հետազոտումը թարգմանչի բացակայությամբ։

Պաշտպանության կողմը հայտարարեց, որ դատարանին ուղարկված պարզաբանությունը հստակեցնելու փոխարեն էլ ավելի է խճճում թարգմանության բացատրությունը, և որ նիստը պետք է հետաձգվի։

Դատարանն արձանագրեց, որ, թեև թարգմանիչը դատական նիստին չներկայանալը պատճառաբանել է վատառողջ լինելու հանգամանքով, սակայն, դա հավաստող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել։ Նաև նշեց, որ թարգմանիչը կծանուցվի հաջորդ դատական նիստի ամսաթվի մասին և հաջորդ դատական նիստին կտա պատշաճ բացատրություններ։

Պաշտպանության կողմը միջնորդություն ներկայացրեց՝ փետրվարի 7-ին նիստ չնշանակելու մասին, քանի որ մեղադրյալ Արմեն Գևորգյանը այդ օրը, ժամը՝ 12։30-ից մինչև 20։00-ը,  հեռակապով մասնակցելու է միջազգային համաժողովի։

Դատարանը ճշտեց, թե արդյոք ընդմիջումներ չեն լինելու։

Մեղադրյալ Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ լինելու են կարճ ընդմիջումներ։

Մեղադրանքի կողմն առարկեց, քանի որ միջնորդությանը կից փաստաթղթերում համաժողովի ժամի վերաբերյալ տվյալներ նշված չեն։

Մեղադրյալ Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ այդ փաստաթուղթն իրեն ուղարկվել է իր խնդրանքով, իսկ համաժողովին մասնակից ֆոկուս խմբերի ժամանակացույցը ուղարկվելու է համաժողովից 1-2 օր առաջ։

Մեղադրանքի կողմը պնդեց, որ մինչև այս ներկայացված բոլոր միջնորդություններին կից ներկայացվել է միջոցառման անցկացման օրակարգը և ժամանակացույցը: Մեղադրյալ Արմեն Գևորգյանը, ի հակադրումն մեղադրանքի կողմի պնդման, արձանագրեց, որ մինչև այդ պաշտպանության կողմի ներկայացած բոլոր միջնորդությունները վերաբերել են ֆիզիկական ներկայություն պահանջող միջոցառումներին, իսկ տվյալ պարագայում խոսքը գնում է առցանց տարբերակով անցկացվող համաժողովի մասին։ Այնուամենայնիվ, մեղադրանքի կողմը պնդեց, որ ժամանակացույցը պետք է ներկայացվի դատարան, քանի որ հնարավոր է, որ Արմեն Գևորգյանի մասնակցության ժամանակահատվածը չհամընկնի ողջ համաժողովի անցկացման ժամանակացույցի հետ, և հնարավոր լինի անցկացնել դատական նիստը։

Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ եթե իրեն ուղարկվի ժամանակացույցը, նա կներկայացնի այն դատարան։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի փետրվարի 14-ին։

Հարկ է նշել, որ դատական նիստերի դահլիճի դատավարական հատվածը ներկաների  հատվածից բաժանված էր ձայնամեկուսիչ ապակիով։ Նիստի ընթացքը լսելի դարձնելու համար կիրառվել էին բարձրախոսներ, որոնք, սակայն, չէին ապահովում նիստի  լսելիությունը։ Նիստի փակվելուց հետո դատական կարգադրիչների ծառայության պետի հետ տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ բարձրախոսների ցածր ձայնը օդափոխման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրների արդյունք է։          Արձանագրված խնդիրը վկայում է ոչ թե կոնկրետ կարգադրիչի, այլ մեկ ամբողջ ստորաբաժանման կողմից «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում ամրագրված՝ դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին ստուգելու գործառույթի տապալման մասին: Ավելին, սա  ուղղակիորեն հակասության եզրեր է պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ հրապարակային դատավարության իրավունքի ապահովման իմպերատիվ պահանջի իրացման առումով։

Խնդրո հարցի առնչությամբ ՄԻԵԴ-ը Մալհոուսն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (Malhous v. The Chech Republic [ՄՊ], 2001, §§ 55-56) գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ դռնբաց նիստը նպաստում է արդար դատաքննության իրականացմանը։ Միևնույն ժամանակ Աքսեն ընդդեմ Գերմանիայի (Axen v. Germany, 1983, § 28 ) գործով ՄԻԵԴ նախադեպի համաձայն՝ բանավոր նիստի իրավունքը կապված է այն հարցի հետ, որ պետք է հաստատվի, թե արդյոք դատաքննությունը համապատասխանում է հրապարակային լինելու պահանջին։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments