Արմեն Գրիգորյանի՝ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու գործով մշտադիտարկումը (թիվ ԵԴ/1040/01/22 գործով 19․01․2023թ. դատական նիստը)

1094

2023 թվականի հունվարի 19-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում կայացավ դատական նիստն  Արմեն  Գրիգորյանի՝ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկայացած կողմերին։ Դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրողը և ամբաստանյալի պաշտպանները։ Դատական նիստերի դահլիճում գտնվող ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը, ով նախօրոք ներկայացել էր դատական նիստերի քարտուղարին և հայտնել էր նիստը լուսանկարահանելու խնդրանքի մասին, պատշաճ կերպով չներկայացվեց։

Դատախազի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալի պաշտպանը մեղադրանքի վերաբերյալ հայտնեց դիրքորոշում առ այն, որ նոր քրեական օրենսգրքով ազգային թշնամանք տարածելը ապաքրեականացված է, որ ամբաստանյալի արած արտահայտությունները գտնվել են խոսքի ազատության տիրույթում, նաև ամբաստանյալը չէր կարող թշնամանք տածել իր նշած դաշտավայրերի բնակչության հանդեպ, քանի որ ինքը ևս ծնունդով նշված դաշտավայրից է։

Ամբաստանյալի պաշտպանի  պնդմամբ, ներկայացված փաստը չի կարող ընդունվել որպես ապացույց, քանի որ բերված հոդվածն ունի վերլուծական բնույթ և ոչ մի կապ չունի ամբաստանյալի հետ։ Նա նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ արված արտահայտությունները ազգային պատկանելիության հետ ոչ մի կապ չունեն և պայմանավորված են քաղաքական հայացքներով։

Դատարանն պաշտպանության կողմին առաջարկեց առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջով և առարկություններ հայտնել միայն մեղադրական եզրակացության չհրապարակվող մասի վերաբերյալ, իսկ փաստարկների դեմ առարկությունը կատարել մեղադրական եզրակացության հրապարակումից հետո միայն։

Պաշտպանության կողմը կարծիք հայտնեց, որ այդպես կսահմանափակվի ելույթ ունենալու իրենց իրավունքը։

Դատախազը շարունակեց ներկայացնել մեղադրական եզրակացությունը։

Ամբաստանյալի ներկայացուցիչն առարկեց՝ հայտնելով, որ ելույթները քաղաքական են։ Ըստ նրա, բերված հոդվածների հետ Արմեն Գրիգորյանի կապը անհայտ է։

Ամբաստանյալի պաշտպանի առարկությունից հետո դատախազը շարունակեց ներկայացնել մեղադրական եզրակացությունը։

Պաշտպանության կողմը միջնորդեց  փորձագետին դատաքննության հրավիրելու մասին։

Դատարանը հայտարարեց, որ փորձագետի եզրակացությունը չի քննվում դատավարության ժամանակ, եթե առկա է նրան դատական նիստին հրավիրելու միջնորդություն, և խնդրեց դատախազին բաց թողնել մեղադրական եզրակացության համապատասխան հատվածը։

Դատախազն ավարտեց մեղադրական եզրակացության հրապարակումը, որից հետո  դատարանն անցավ իրեղեն ապացույց հանդիսացող լազերային սկավառակների զննմանը։

Դատարանը քննեց թվով 7 լազերային սկավառակ։ Յուրաքանչյուր սկավառակի դիտումից հետո պաշտպանության կողմը հանդես էր գալիս նույնաբովանդակ հայտարարությամբ առ այն, ելույթներն ունեն քաղաքական բնույթ։

7-րդ սկավառակի դիտման ժամանակ առաջացան խնդիրներ՝ կապված որպես ապացույց ներկայացված սկավառակում տեղ գտած սոցիալական ցանցերից բերված մեկնաբանություններից որոշների վերաբերերելիության հետ։ Ըստ պաշտպանության  կողմի՝ բերված որոշ մեկնաբաննություններ կապ չունեին գործի հետ։

Հարկ է նշել,որ Ֆլեիչներն ընդդեմ Գերմանիայի գործով (Fleischner v. Germany, 2019, § 40-41) ՄԻԵԴ նախադեպային վճռի համաձայն՝ կողմերը պետք է ներկայացնեն համապատասխան և բավարար ապացույցներ՝ հօգուտ իրենց գործի։ Միևնույն ժամանակ Սենթրո Եվրոպա 7 Ս․ռ․լ-ն և  Դի Ստեֆանոն ընդդեմ Իտալիայի գործով (Centro Europa 7 S.r.l. and Di Stefano v. Italy, 2012, § 198) ՄԻԵԴ-ի դիրքորոշմամբ, ներպետական դատարանները պետք է նաև գնահատեն ներկայացված ապացույցների համապատասխանությունը։

Մեղադրանքի կողմը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի առանձնացվեն ապացույցների վերաբերելի հատվածները։

Պաշտպանական կողմը չառարկեց միջնորդության դեմ։

Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 22-ին, ժամը՝ 11։00-ին։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments