Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Սույն քրեական գործն ի սկզբանե գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն, տուժող կողմի՝ տարածքային ընդդատություն կիրառելու մասին միջնորդությունը բավարվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ պաշտպանության կողմը խափանման միջոց ընտրված կալանավորման հարցը 2022թ. ապրիլի 12-ին բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն, Վերաքննիչ դատարանը խափանման միջոցը թողել է անփոփոխ։
30․01․2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը: ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին, հայտնեց նիստը լուսանկարահանելու ցանկության մասին, սակայն, քարտուղարը դիտորդին չներկայացրեց դատարանին։
Դատական նիստին չէր ներկայացել գործով մեղադրողը։ Նիստին չէր ներկայացել նաև գործով վկա Արգիշտի Մարգարյանը, ով, նիստերի քարտուղարի տեղեկացմամբ, պատշաճ ձևով ծանուցվել էր նիստի մասին։ Նիստերի քարտուղարը նաև հավելեց, որ փորձել է հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել վկայի հետ, սակայն, վերջինս չի պատասխանել զանգերին։
Դատարանը նիստի ներկաներին տեղյակ պահեց, որ գործով մեղադրող Է․ Մանասյանը ազատվել է աշխատանքից և նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իսկ, քանի որ նոր դատախազի մասին տեղեկություն ՀՀ դատախազության կողմից դեռ չի ներկայացվել, ուստի, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը:
Հատկանշական է այն հանգամանքը որ գործով վկա հանդիսացող անձանցից երեքը գտնվում են Արցախի Հանրապետությունում, իսկ վերջիններիս տեղափոխման հարցը մնում է խնդրահարույց, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի ուժով որոշում կայացրեց բերման ենթարկել դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած վկաներ Արգիշտի Մարգարյանին, Սերգեյ Դարամանյանին, Արտաշես Հակոբյանին, Արման Օհանյանին, Գրիգոր Վարդանյանին:
Գործի ողջամիտ ժամկետի քննությանը սույն դատավարությունում վնասում են ոչ միայն դատախազի և վկայի բացակայությունը, այլև Ադրբեջանի անթույլատրելի վարքը, որը, բացի հումանիտար աղետից, ստեղծում է նաև դատավարական խնդիրներ, որոնք ուղղակիորեն վնասում են ՄԻԵԿ 6-րդ հոդվածի պահանջները։ Դատարանը, համաձայնեցնելով կողմերի հետ, հաջորդ դատական նիստի օրը նշանակեց 2023 թվականի փետրվարի 6-ին, ժամը՝ 12։30-ին։