Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն, բացի այդ, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
18.01.2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը։
Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին և հայտնեց լուսանակարահանում իրականացնելու ցանկության մասին: Ի դեպ, սույն գործով ՄԻՄՀ/ISHR/-ն իրականացնում է 3-րդ դիտարկումը։
Դատական նիստը բացվեց 1 ժամ ուշացումով։ Դատական կարգադրիչի տեղեկացմամբ, դատական նիստի ուշացումը պայմանավորված էր ուղեկցող ոստիկանների՝ ամբաստանյալին ուշացումով տեղափոխելու հանգամանքով:
Դատական նիստի բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը դատարանին ներկայացրեց դատավարության կողմերին, սակայն, չներկայացրեց ՄԻՄՀ/ISHR/ դիտորդին։
Դատարանը դատական նիստի ներկաներին տեղյակ պահեց, որ նիստին հրավիրված 3 վկաներ օբյեկտիվ պատճառով չեն կարողացել նիստին ներկա գտնվել, քանի որ ավելի վաղ ադրբեջանական կողմը փակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ նիստին հիշյալ վկաները գտնվում էին Արցախում։ Հարկ է նկատել, որ ադրբեջանական կողմի շրջափակումը, բացի մարդասիրական աղետ ստեղծելուց, անկատար է դարձնում ՄԻԵԿ 6-րդ հոդվածում ամրագրված՝ գործերի ողջամիտ ժամկետում քննության իմպերատիվ պահանջը։
Գործով վկա էր հրավիրված Վլադիկ Բարսեղյանը, ով մարտական գործողություններին ընդգրկված էր եղել որպես ժամկետային զինծառայող, գործել էր ամբաստանյալ Իշխան Վահանյանի հրամանատարության տակ, ով այն ժամանակ հանդիսացել էր գումարտակի հրամանատար։
Դատարանը վկային տեղեկացրեց իր քրեադատավարական իրավունքների մասին:
Վկային հարցեր ուղղեցին դատավորը, պետական մեղադրողը և տուժող կողմի իրավահաջորդը։ Վկան իր պատասխաններում կաշկանդված էր, հարցերի մեծամասնությանը տալիս էր չեզոք պատասխան։ Տուժող կողմի իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, վկային որ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որի մասին նախազգուշացվել էր նաև դատարանի կողմից։ Ինչպես նշել էինք նախորդ դիտարկման ժամանակ, այս դատական նիստին նույնպես ամբաստանյալի պաշտպանը լուռ էր, չուներ հարցեր վկային։ ՄԻԵԴ-ը Բերտուզին ընդդեմ Ֆրանսիայի (Bertuzzi v. France, վճիռ 13.02.2003թ., § 30) գործով հայտնել է դիրքորոշում առ այն, որ կողմին ներկայացնելու համար իրավաբան նշանակելն ինքնին չի երաշխավորում արդյունավետ պաշտպանություն: Նշանակված իրավաբանին կարող են երկար ժամանակ թույլ չտալ իրականացնել իր գործառույթները կամ էլ նա կարող է խուսափել իր գործառույթներն իրականացնելուց։ Իրավիճակին ծանոթ լինելու դեպքում ներպետական մարմինները պետք է փոխարինեն իրավաբանին, եթե նրանք դա չանեն, կողմը գործնականում կզրկվի արդյունավետ պաշտպանության հնարավորությունից՝ չնայած իրավաբանական օգնությունը նախատեսող դրույթի առկայությանը։
Կարևոր է նաև այն հանգամանքը որ նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանն իր մասնագիտական գիտելիքներով գործում է համապատասխան ներպետական ակտերին և միջազգային պայամանագրերին։ Այս փաստը հաստատում է դատական նիստի տևողությունը՝ 08․12․2022թ.-ին՝ 249 րոպե, 19.12․2022թ.-ին՝ 420 րոպե, 18․01․2023թ.-ին՝ 90 րոպե։ Դիտարկվող նիստին նույնպես դատարանը պատշաճ կերպով ապահովում էր վկայի պաշտպանությունը, որի վկայությունն է այն, որ դատական կարգադրիչները թույլ չտվեցին տուժողի իրավահաջորդին մոտենալ վկային։
Դատարանը, կողմերի հետ համաձայնեցնելով, հաջորդ դատական նիստը նշանակեց 2023 թ. փետրվարի 7-ին։