Գրիգոր Խաչատրյանի՝ գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին դատական նիստի մշտադիտարկումը (թիվ ՇԴ/4975/02/20 գործով 24.01.2023թ. դատական նիստը)

1130

Դիմելով դատարան՝ հայցվոր Գրիգոր Խաչատրյանը պահանջել է վավեր ճանաչել իր և պատասխանողներ Լևոն և Ֆրանսուհի Հավանջյանների միջև 17.12.2009 թվականին կնքված՝ ք. Գյումրի, Կամոյի փողոցի 40ա շենքի 55 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը:

Դատարանի 11.12.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

18.11.2021 թվականին պատասխանողների դուստրը՝ Օսաննա Հավանջանը դիմում է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ իր ծնողները մահացել են: Հայտնել է նաև, որ իր ծնողները դեռևս 2009 թվականին խնդրո առարկա բնակարանը վաճառել են հայցվոր Գրիգոր Խաչատրյանին: Միաժամանակ նշել է, որ տվյալ բնակարանի նկատմամբ պահանջ չունի:

10.03.2022 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել հանգուցյալ պատասխանողների դստերը՝ Օսաննա  Հավանջանին, որպես պատասխանող ներգրավելու մասին, ինչը դատարանի կողմից մերժվել է:

17.05.2022 թվականի դատարանի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է՝ մինչև քաղաքացիական գործով իրավահաջորդության հարցի լուծումը:

30.09.2022 թվականին հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ներկայացված հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու մասին:

Դատարանը 05.10.2022թ. որոշմամբ գործի վարույթը վերսկսել է և 2023 թվականի հունվարի 24-ին, ժամը՝ 17:10-ին, հրավիրել նախնական դատական նիստ։

Քանի որ դատական նիստը նախագահող դատավորը մինչև դատական նիստը սկսվելն արդեն իսկ գտնվում էր դատական նիստերի դահլիճում, ուստի, ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ նրան և լուսանկարահանման թույլտվություն խնդրեց: Նախագահող դատավորն ասաց, որ կներկայացնի դատական նիստի ընթացքում, սակայն, դատական նիստը սկսելուց հետո չներկայացրեց դիտորդին։

Ըստ ընթացակարգի,՝ դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:

Հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել՝ որպես պատասխանող գործին Գյումրու համայնքապետարանին ներգրավելու մասին, քանի որ ժառանգություն դեռ չի ընդունվել պատասխանողների իրավահաջորդի կողմից, սակայն, դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը խնդրեց միջնորդության քննությունը հետաձգել հաջորդ դատական նիստին, քանի որ բանավոր պայմանավորվածություն է եղել հայցվորի և պատասխանողների իրավահաջորդի միջև, որ վերջինս կընդունի ժառանգությունը և առուվաճառքի գործարքը կիրականացնի։

Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել և հաջորդ դատական նիստ նշանակեց 21․02․2023թ․, ժամը՝ 11։05-ին։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments