Գրիգոր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժանմունքի օպերլիազորներ Նարեկ Բարսեղյանի, Տիգրան Ավանեսյանի և գործով չպարզված այլ ծառայողների հետ՝ խմբով, 2020 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 01:00-ին, Երևան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանին և վերջինիս ծանոթ Արմեն Ղազարյանին փաստացի բերման է ենթարկել բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:
17․01․2023թ. նշանակված էր հերթական դատական նիստը։
ՄԻՄՀ դիտորդը, նախքան դատական նիստի սկսվելը, դատական նիստերի քարտուղարին տեղյակ պահեց իր դիտորդական առաքելության մասին, նաև հավելեց, որ ցանկություն ունի նիստը լուսանկարահանելու: Այնուամենայնիվ, դատական նիստի ընթացքում նիստերի քարտուղարը դատարանին չհայտնեց դիտորդի դատական նիստերի դահլիճում գտնվելու մասին:
Դատական նիստը բացվելուց հետո նիստերի քարտուղարը դատարանին ներկայացրեց դատական նիստին ներկայացած անձանց, նաև զեկուցեց այն մասին, որ ուղեկցող ոստիկանները ամբաստանյալներին չեն բերել դատարան: Ուղեկցող ոստիկանների հետ հեռախոսազրույցի արդյունքում հայտնի է դարձել, որ վերջիններս տեղյակ չեն եղել դատական նիստի մասին։ Դատարանը դատական նիստի ներկաներին պարզաբանեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել է դատական նիստից 40 օր առաջ՝ 08.12․2022թ.-ին։ Ամբաստանյալի պաշտպանը դատարանին հիշեցրեց, որ արդեն 4-րդ դատական նիստը չի կայանում ուղեկցող ոստիկանների անգործության պատճառով, և որ այս խնդիրը լուրջ ուսումնասիրման կարիք ունի։
Դատարանը որոշում կայացրեց նոր նիստ նշանակել 27․01․2023թ.-ին։
Հատկանշական է այն փաստը, որ ուղեկցող ոստիկանների և ՔԿՀ-ի անգործության պատճառով խախտվում է ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորված ողջամիտ ժամկետում գործերի քննության պահանջը: Միայն պետության պատասխանատվությամբ տեղի ունեցած ձգձգումները կարող են արդարացնել «ողջամիտ ժամկետի» պահանջը խախտելը (Հյումենն ընդդեմ Լեհաստանի, 15.10.1999թ. վճիռ, § 66, Բուչոլզն ընդդեմ Գերմանիայի, 06.05.1981թ. վճիռ, § 49)։ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ պետությունը պատասխանատու է իր բոլոր մարմինների՝ ոչ միայն դատական մարմիների, այլ նաև բոլոր պետական հաստատությունների գործողությունների համար (Մարտինս Մորեիրան ընդդեմ Պորտուգալիայի 26.10.1988թ. վճիռ, § 60): Այս իմաստով, անտեսանելի են Հայաստանի Հանրապետության ջանքերը, ինչն ուղղակիորեն տապալում է ողջամիտ ժամկետում գործի քննության հավանականությունը: