Ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին մշտադիտարկումը (թիվ ԱՎԴ2/0532/02/22 գործով 17․01․2023 դատական նիստը )

1167

2003 թվականի հունվարի 17-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ հայցի Ռոման Քոչարյանի ընդդեմ Վիկտորիա Քոչարյանի՝ վերջինիս ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջով։

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկայացած կողմերին: Դատական նիստին ներկայացել էր  պատասխանողի ներկայացուցիչը։ Հայցվոր կողմը պատշաճ կերպով ծանուցվել էր նիստի մասին, սակայն, առանց հարգելի պատճառի, չէր ներկայացել դատական նիստին։ Դատարանը, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի պահանջից, հստակեցնելով պատասխանող կողմի կարծիքը, որոշում կայացրեց հայցվոր կողմի բացակայությամբ գործի քննությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ:

Դատական նիստերի քարտուղարը դատարանին ներկայացրեց նաև ՄԻՄՀ դիտորդին: Դիտորդի դատական նիստը լուսանկարահանելու խնդրանքը կողմերի հետ քննարկելուց հետո բավարարվեց։

Այնուհետև, դատարանը ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան։ Հայցվորը դատարանի որոշմամբ ճանաչվել է անգործունակ, որից հետո բուժում է ստացել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում։ Այդ պատճառով էլ նա բաց է թողել ժառանգությունն ընդունելու ժամկետը, և պատասխանողը, ով հանդիսանում է հայցվորի խնամակալը, վաճառել է ժառանգություն հանդիսացող գույքը։

Հայցվորը պահանջում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վերականգնել  իր իրավունքները ժառանգություն հանդիսացող գույքի նկատմամբ և, արդեն օգտվելով համասեփականատիրոջ իր իրավունքից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անվավեր ճանաչել  գույքի առուվաճառքի պայմանագիրը։

Պատասխանողի ներկայացուցիչը առարկեց՝ պնդելով, որ գործը պետք է կարճվի, քանի որ հայցվորը հայցը բավարարելու պահին արդեն մահացած է եղել և հայցվորի միակ ժառանգը մայրն է՝ պատասխանող Վիկտորիա Քոչարյանը, ուստի վեճը սպառվել է։ Նա նշեց, որ մահվան վկայականը կարճ ժամկետում կներկայացնի դատարան։

Դատարանը հայտարարեց, որ, ելնելով պատասխանողի ներկայացուցչի արած հայտարարությունից, դատավարությունը անհանարին է շարունակել։ Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը և պատասխանող կողմի վրա դրեց ապացույցներ ներկայացնելու պարտականությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի մարտի 22-ին, ժամը՝ 11։00-ին։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments