(թիվ ԱՐԴ1/5047/02/21 գործով 12.01․2023թ. դատական նիստը)
2023 թվականի հունվարի 12-ին ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ դիմումի Մելինե Պողոսյանի ընդդեմ Բաբիկ Հունանյանի՝ վերջինիս ծնողական իրավունքներից զրկելու պահանջի վերաբերյալ։
Դատական նիստը սկսվեց 30 րոպե ուշացումով, քանի որ դատավորը նույն ժամին՝ ժամը 12։40-ին, երկու դատական նիստ էր նշանակել։ Դատական նիստը սկսվելուց առաջ ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին և հայտնեց դատական նիստը լուսանկարահանելու ցանկության մասին։ Այդ ժամանակ դատական նիստերի դահլիճում էր գտնվում դատական նիստը նախագահող դատավորը, ով կողմերի հետ սկսեց քննարկել դիտորդին լուսանկարահանման իրավունք տալու հարցը: Հայցվորի ներկայացուցիչը դժվարանում էր հստակ պատասխան տալ այդ առնչությամբ, իսկ նիստերի քարտուղարը կողմնորոշում էր հայցվորի ներկայացուցչին թույլ չտալ լուսանկարահանել դատական նիստը, մասնավորապես, անցնելով իրեն ըստ օրենքի թույլատրված գործառույթների սահմանները՝ հայցվորի ներկայացուցչին հուշում էր, որ վերջինիս «իրավունքներից է բխում լուսանկարահանում թույլ չտալը»: Հայցվորի ներկայացուցիչն, ի վերջո, հստակ կարծիք չհայտնեց։ Նախագահող դատավորը նպատակահարմար չգտավ թույլատրել դիտորդին լուսանկարահանում իրականացնել՝ պատճառաբանելով, որ թույլտվության համար անհրաժեշտ է լսել կողմերի կարծիքը, իսկ կողմերը դատարան չեն ներկայացրել, ներկայացել է միայն կողմերից մեկի ներկայացուցիչը։ Պետք է նշել, որ նիստը նախագահող դատավորը կոպտորեն խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածում ամրագրված դատական նիստի կարգն այն իմաստով, որ լուսանակարահանման թույլտվության հարցին պետք է անդրադառնար ոչ թե մինչև դատական նիստը բացելը, այլ միայն դատական նիստը բացելուց հետո:
Դատական նիստը բացվելուց հետո քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած մասնակիցներին՝ հայցվորի ներկայացուցչին ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցչին։ Պատասխանող կողմը պատշաճ կերպով ծանուցվել էր դատական նիստի մասին, սակայն, առանց հարգելի պատճառի, չէր ներկայացել դատական նիստին։ Դատարանը ճշտեց հայցվոր կողմի դիրքորոշումը՝ պատասխանող կողմի բացակայությամբ դատական նիստն անցկացնելու վերաբերյալ։ Հայցվորի ներկայացուցիչը համաձայնեց դատական նիստը պատասխանող կողմի բացակայությամբ անցկացվելուն։
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը դատարանին էր ներկայացրել եզրակացությունը՝ Բաբիկ Հունանյանին ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Դատարանը նկատեց, որ ներկայացված փաստաթղթում ամսաթվի անհամապասխանություն կա։ Վերջին դատական նիստից հետո պետք է նշանակված լիներ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր նիստ, որն անցկացվել է, սակայն, նիստին մասնակցել է միայն հայցվորը․ պատասխանողը չի ցանկացել մասնակցել, իսկ հայցվորի երեխաները գտնվել են երկրից դուրս՝ ՌԴ-ում։ Հանձնաժողովը չէր փոխել նախորդ նիստում իր արած եզրակացությունը, ուստի, չէր կազմել նոր եզրակացություն, ինչի արդյունքում էլ առաջացել էր ամսաթվերի հետ կապված անհամապատասխանությունը։
Դատարանը կարևորեց, որ երեխաները քննվող հարցի առնչությամբ իրենց կարծիքն արտահայտելու համար բավարար տարիքի են հասել, այսինքն՝ նրանց 10 տարին լրացած է, ուստի, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացության մեջ պետք է նշվի նաև երեխաների կարծիքը։ Երեխաների ՌԴ-ում գտնվելու փաստի մասով դատարանը նշեց, որ հանձնաժողովի նիստին նրանց մասնակցությունը կարող է ապահովվել էլեկտրոնային հեռակապի միջոցների կիրառմամբ։
Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ Միասնական սոցիալական ծառայությունից ստացված իր տվյալների համաձայն՝ պատասխանողը չի ցանկանում որևէ կապ ունենալ երեխաների հետ։ Հայցվորի ներկայացուցչի կարծիքով, երեխաներին լսելն այս գործի քննման ընթացքում պարտադիր չէ, մանավանդ, որ օրենսդիրը նման իմպերատիվ պահանջ չի ներկայացնում։ Նա նաև հիշեցրեց, որ հայցը ներկայացվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ ծնողի՝ մեկ տարի անընդմեջ չարամտորեն ծնողական պարտավորությունները չկատարելու, այդ թվում՝ ալիմենտ չվճարելու հիմքով՝ ընդգծելով, որ պատասխանողը ալիմենտ չի վճարել 6 տարի անընդմեջ։
Դատարանը, լսելով հայցվոր կողմին, պնդեց, որ գործի քննությունը պետք է հետաձգվի։ Դատարանը երեխաներին լսելու և նախատեսված ձևով կազմված եզրակացությունը դատարան ներկայացնելու պարտավորությունը դրեց խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի վրա։
Հարկ է նշել, որ սույն գործով հայցը վարույթ է ընդունվել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, այսինքն՝ անցել է արդեն 16 ամիս, կայացել է 6 դատական նիստ, և գործը դեռ գտնվում է նախնական դատական նիստի փուլում։ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 98 որոշմամբ՝ քաղաքացիական գործերով կարող է պահանջվել հրատապություն նաև երեխաների նկատմամբ խնամակալության վեճերին վերաբերող գործերով։ ՄԻԵԴ-ը նշել է, որ չափազանց կարևոր է, որպեսզի խնամակալության գործերը հնարավորինս շուտ քննվեն (Հոկկանեն ընդդեմ Ֆինլանդիայի գործ (Hokkanen v. Finland), 1994թ. սեպտեմբերի 23-ի վճիռ, պարբերություն 72), հատկապես, երբ խնդրո առարկա ժամկետը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ծնողների և երեխաների միջև հարաբերության վրա (Ցիկակիսն ընդդեմ Գերմանիայի գործ (Tsikakis v. Germany), 2011 թվականի փետրվարի 10-ի վճիռ, պարբերություններ 64 և 68): Ելնելով այն փաստից, որ ըստ Դատարանների նախագահների խորհրդի իրավական համակարգի անկատարությունը չի կարող օբյեկտիվ պատճառ հանդիսանալ ողջամիտ ժամկետի պահանջի խախտման համար, կարելի է եզրակացնել, որ սույն գործով դատավարության ընթացքում տեղի է ունենում ողջամիտ ժամկետների խախտում։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի մարտի 9-ին, ժամը՝ 16։00-ին։