Monitoring, Արտուշ Միրաքյանի գործով դատավարությունը

1144

Արտուշ Միրաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016թ․ նոյեմբերի 30-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի թիվ 1009-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության <<Նուբարաշեն>> ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ։

11.01.2023 թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը:

Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին՝ հայտնելով դատական նիստը լուսանկարահանելու ցանկության մասին: Դատական նիստին քարտուղարը դատարանին կողմերի ներկայանալու մասին զեկուցելուց հետո ներկայացրեց  նաև ՄԻՄՀ դիտորդին: Դիտորդը ներկայացավ դատարանին՝ խնդրելով նիստը լուսանկարահանելու թույլտվություն:  Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, թույլատրեց լուսանկարահանումը մասամբ. նախագահող դատավորը չթույլատրեց լուսանկարահանել իրեն:

Դատական նիստին ներկա չէր ամբաստանյալի պաշտպանը: Ամբաստանյալը դատարանին տեղեկացրեց, որ պաշտպանը առավոտյան զանգահարել և տեղեկացրել է, որ հիվանդության պատճառով չի կարողանալու նիստին մասնակցել: Դատարանը, խորհրդակցելով կողմերի հետ, որոշեց դատական նիստը շարունակել առանց պաշտպանի,

Դատարանն ուսումնասիրեց գործի նյութերը, մասնավորապես տուժող Արմեն Աղաջանյանի և ամբաստանյալ Արտուշ Միրաքյանի առերեսման արդյունքները: Երկու կողմն էլ իրենց առերեսման ժամանակ պնդել են նախաքննական ցուցմունքները, որոնց վերաբերյալ լրացումներ չեն արվել: Դատարանը ներկաներին տեղյակ պահեց, որ գործի նյութերի մեջ առկա է նաև դեպքի վայրի տեսաձայնագրությունը:

Տուժող կողմի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց դատարանին այն մասին,  որ տեսաձայնագրությունը փոխանցվի ամբաստանյալի պաշտպանին, որպեսզի հետագայում տեսաձայնագրությանը ծանոթ չլինելու հանգամանքը հիմք չհանդիսանա հերթական դատական նիստի հետաձգման համար:

Դատախազը, իր հերթին, առանց որևէ հիմք մատնանշելու, միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու մասին այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (01.07.1998թ. ընդունված) 310-րդ հոդվածը հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում հնարավոր է, և/ կամ պարտադիր է դատական նիստի հետաձգումը:

Դատախազի և պաշտպանի գործողություններն ակնհայտորեն կասկածի տակ են դնում ռազմավարական նշանակության այս գործով արդար, այն է՝ նաև անհապաղ, ողջամիտ ժամկետում քննության դատարանի պոզիտիվ պարտականության կատարումը:

Այսպես.

«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը  նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ»  ՄԱԿ-ի  1984  թվականի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ «(…)  պետությունն  ապահովում  է,  որպեսզի  իր  իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ քննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու,  որ  խոշտանգում  է  կիրառվել  իր  իրավասությանը  ենթակա  ցանկացած  տարածքում»։

Մարդու  իրավունքների  եվրոպական  դատարանի  կողմից  ընդդեմ  Հայաստանի  կայացված  մի  շարք  վճիռներում  արձանագրվել  է,  որ  պետությունն  իր  պոզիտիվ  պարտականության շրջանակներում չի կատարել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի  առնչությամբ  արդյունավետ  քննություն,  ինչը  հանգեցրել  է  Եվրոպական  կոնվենցիայի  3-րդ  հոդվածի  ընթացակարգային  բաղադրիչի  խախտման։  Մարդու  իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քննությունը չի իրականացվել անհրաժեշտ անհապաղությամբ, (…), ինչը  հանգեցրել  է  կարևոր  ապացուցողական  տվյալների  կորստի:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, որը ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է և գերակայություն ունի վերջինիս նկատմամբ, արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը գործը ողջամիտ ժամկետում քննելն է։ Գործերի քննության անհիմն և չպատճառաբանված ձգձգումները մարդու իրավունքի կոպիտ խախտումներ են։

Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպերը հաստատում են, որ քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտման փաստը գնահատելիս հաշվի են առնվում միայն օբյեկտիվ պատճառներ: Իսկ մնացածը` դատարանների ծանրաբեռնվածությունը, դատավորների անփորձությունը, դատական կամ ընդհանրապես իրավական համակարգի անկատարությունը, մեղադրյալի և նրա պաշտպանի, ինչպես նաև գործի մյուս մասնակիցների վարքագիծը գործի քննությունը ձգձգելու օբյեկտիվ պատճառ դիտվել չեն կարող:

Դատարանը հետաձգեց դատական նիստը, և հաջորդ դատական նիստը նշանակեց 22.03.2023թ.-ին:

 

 

5 1 vote
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments