Կարեն Սարգսյանի գործի մշտադիտարկումը (թիվ ՇԴ/0052/01/22 գործով 17.01.2023թ․դատական նիստը)

1156

Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի փետրվարի 19-ին, ժամը` 19:40-ին, ընտանիքում կնոջը՝ Մարինե  Սարգսյանին, բռնության է ենթարկել, և 2022 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում նրա նկատմամբ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 3-րդ մասի 1-ից 5-րդ կետերով կիրառվել է անհետաձգելի միջամտություն՝ «արգելվել է մինչև 20-օրյա ժամկետում վերադառնալ Մարինե Սարգսյանի բնակության հասցե, այցելել Մարինե Սարգսյանին, ինչպես նաև վերջինիս բնակվելու վայր, մոտենալ նրան՝ պահպանելով 200 մետր հեռավորություն, հարորդակցվել նրա հետ հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով և հարկադրվել է հեռանալ վերջինիս բնակության վայրից» և Կարեն Սարգսյանը, ծանոթացված ու տեղեկացված լինելով իր նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին, 2022 թվականի փետրվարի 20-ին, ժամը` 03:40-ին, այցելել է Մարինե Սարգսյանի փաստացի բնակության՝ Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոց 29/7-րդ հասցեի տուն, փորձել մուտք գործել բնակարան` այդ կերպ դիտավորությամբ չկատարելով իր նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշման պահանջները:

Այսպիսով, Կարեն Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:

Կարեն Հենրիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Նախքան դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին և հայտնեց լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին: Դատական նիստը սկսվելուց հետո քարտուղարը դատարանին տեղեկացրեց  դիտորդի՝ դատական նիստերի դահլիճում գտնվելու մասին։

Նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկա գտնվող կողմերին, որից հետո նախագահող դատավորը ներկայացրեց ՄԻՄՀ դիտորդին, կողմերից ճշտեց՝ արդյոք դեմ չեն լուսանկարահանմանը, որին առարկեցին մեղադրողը և պաշտպանը: Դատարանը, լսելով, կողմերի կարծիքը, չթույլատրեց դիտորդին լուսանկարահանում իրականացնել:

Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալը և տուժողը, ովքեր պատշաճ ծանուցվել էին։

01.07.1998թ․ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ և 303-րդ հոդվածների համաձայն՝ դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է։ Ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Հետևապես, դատարանը հետաձգեց դատական նիստը և հաջորդ դատական նիստը նշանակեց 02․03․2023թ․, ժամը՝ 11։00-ին։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments