Կարապետ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի հեկտեմբերի 3-ին իր վարածՙՙ «Օպել Օմեգա՚՚» մակնիշի ավտոմեքենայով, զբոսաշրջիկ Ռոբերտ Սահակյանին և նրա ընտանիքի անդամներին Սպիտակ քաղաքից Երևան տեղափոխելիս Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորաններում ավտոմեքենան խափանվելուց հետո, ի սկզբանե խարդախությամբ զգալի չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Ռոբերտ Սահակյանին գցելով մոլորության մեջ՝ այլ ավտոմեքենա վարձելու և էքսկուրսիան շարունակելու պատրվակով, վերջինից ստանալով զգալի չափերով՝ 230.000 ՀՀ դրամ, հեռացել և այլևս չի վերադարձել՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով նշված գումարը:
09.01.2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը:
Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին՝ հայտնելով դատական նիստը լուսանկարահանելու ցանկության մասին: Սակայն, դատական նիստի բացվելուց հետո քարտուղարը, ներկայացնելով նիստին ներկա կողմերին, միաժամանակ դատարանին չտեղեկացրեց ՄԻՄՀ դիտորդի դատական նիստերի դահլիճում գտնվելու մասին:
Դատական նիստը բացվեց 15 րոպե ուշացումով. դատական կարգադրիչներից մեկը ներկաներին տեղյակ պահեց դատական նիստի մի փոքր ուշ բացվելու մասին, քանի որ ամբաստանյալին տեղափոխող մեքենան դեռ ճանապարհին էր: Դատարանը դատական նիստը բացելուց հետո ներկաներին տեղեկացրեց, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում: Նիստին ներկա չէր ամբաստանյալի պաշտպանը՝ Հովհաննես Վարդանյանը, ով հանրային պաշտպանի գրասենյակից էր: Ամբաստանյալը դատարանին պարզաբանեց, որ իր պաշտպանը ազատվել է աշխատանքից՝ գործը փոխանցելով նոր պաշտպանի, որը կրկին հանրային պաշտպանի գրասենյակից է, սակայն, նոր պաշտպանի մասին տեղեկություն չուներ ինչպես ամբաստանյալը, այնպես էլ դատարանը:
Հատկանշական է այն փաստը, որ գործը ստանձնած նոր պաշտպանը խախտել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջն առ այն, որ պաշտպանությունը ստանձնելուց անմիջապես հետո պաշտպանը վարույթն իրականացնող մարմին ներկայացնում է՝
- անձը հաստատող փաստաթուղթ,
- փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը, այսինքն՝ փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը,
- իր լիազորությունները հաստատող և սույն օրենսգրքով պաշտպան հրավիրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ վավերացված փաստաթուղթը, օրինակ՝ լիազորագիրը, կամ պաշտպան նշանակելու մասին իրավասու մարմնի որոշումը:
Դատարանը ներկաներին տեղյակ պահեց, որ փաստաբանը համապատասխան կարգով չի ներկայացել դատարան, անգամ չի դիմել դատարան՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Հետևաբար, դատարանը, առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի պահանջով, հետաձգեց դատալսումը:
Դատարանների նախագահների խորհուրդն իր N98 որոշմամբ, հիմք ընդունելով ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետը, անթույլատրելի է համարել դատական նիստերի անհարկի ձգձգումները, որը խախտում է գործի քննության ողջամիտ ժամկետը:
Դատարանը, ըստ քրեադատավարական ընթացակարգի, ամբաստանյալից ճշտեց մեղադրական եզրակացությունը ստացած լինելու մասին: Պարզվեց, որ ամբաստանյալը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի ստացել: Հանրային մեղադրողը տեղեկացրեց դատարանին, որ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ (որտեղ պահվում է ամբաստանյալը), որի վարչակազմը, իր հերթին խախտելով ՀՀ Կառավարության թիվ 1543-Ն որոշման 175-րդ կետի պահանջը, ամբաստանյալին չի փոխանցել մեղադրական եզրակացությունը:
Դատական նիստի ընթացքում միջնորդությամբ հանդես եկավ նաև տուժողը, ով ազգությամբ ռուս էր: Նա միջնորդություն ներկայացրեց դատարան՝ թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Դատավորը հետաձգեց դատական նիստը՝ հավելելով, որ, ելնելով դատարանի և անձնական աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունից, ավելի ուշ կտեղեկացնի դատական նիստի օրվա և ժամի մասին: