Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող <<Իգլա>> տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ գործով, որպես համակատարողներ, անցնում են Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը, իսկ որպես օժանդակող՝ Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը:
Հարկ է նշել, որ սույն գործով նախկինում կայացված դատավճիռը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանման արդյունքում ուղարկվել է նոր քննության։ Վճռաբեկ դատարանը նաև լուծել է խափանման միջոցների հարցը, մասնավորապես, Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի նկատմամբ կիրառել է երաշխավորության ինստիտուտը։
Սույն դատական նիստով հերթական նիստը նշանակված էր 23.12.22 թվականին Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում։
Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ դիտորդը ներկայացել է դատական նիստերի քարտուղարին և հայտնել դատական նիստի ընթացքի լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին: Այնուամենայնիվ, դատական նիստի ընթացքում քարտուղարը դատարանին չի տեղեկացրել այդ մասին:
Դատական նիստը բացվեց 20 րոպե ուշացումով։ Դատարանը, բացելով դատական նիստը, հայտնեց, որ չհիմնավորված հանգամանքներով պայմանավորված նիստին չի ներկայացել մեղադրողը՝ դատախազը։
Ուշագրավ է այն փաստը, որ սույն դատական նիստը քննության է վերցված 17.07.17թ-ից ուստի անհրաժեշտություն կա անդրադառնալու քրեական գործի քննության ողջամիտ ժամկետում քննությանը, որի մասին ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2006թ. հունիսի 13-ին ընդունած 98 որոշմամբ նշում է, որ֊ քրեական գործերով վարույթի տևողության ողջամիտ ժամկետի հետ կապված Եվրոպական դատարանը ձևավորել է որոշակի սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանում այդ ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու համար: «Էկլեն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության» գործով Դատարանն ընդհանրացրել է այդ խնդրի հետ կապված իր հետևյալ մոտեցումները. քրեական գործով «ողջամիտ ժամկետը» սկսում է հաշվվել այն պահից, երբ առաջադրվում է մեղադրանքը: Դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան գործն ուղարկվում է դատարան: Այդ ժամկետը կարող է հաշվվել անձին ձերբակալելու պահից, կամ այն պահից, երբ տվյալ անձը պաշտոնապես տեղեկացվել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կամ նախնական քննությունն սկսելու պահից:»
Գործի ողջամիտ ժամկետում քննելու իրավունքին անդրադառնում է նաև ՄԻԵԿ-ն իր 6-րդ հոդվածում: ՄԻԵԴ-ը մի շարք նախադեպային վճիռնելով անդրադարձել է գործի անհարկի ձգձգման անթույլատրելիությանը, քանի որ «ձգձգումները կարող են վնասել արդյունավետությունն ու օբյեկտիվությունը (Հ.-ն ընդդեմ Ֆրանսիայի, 1989, § 58, Քեյթ Կլիտշե Դե Լա Գրենջեն ընդդեմ Իտալիայի, 1994, § 61)»։
Դատարանը, դատախազին շուրջ 20 րոպե սպասելուց հետո, որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը:
Ի դեպ, դատախազի՝ դատական նիստին անհարկի չներկայանալը ուղղակի շոշափում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջն առ այն, որ դատախազը պարտավոր է պահպանել աշխատանքային կարգապահությունը, ինչպես նաև դատախազի վարքագծի կանոնները։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 10.01.2023թ., ժամը՝ 12:00-ին։