Զեփյուռ Իզյանի աշխատանքային իրավունքների վերականգնման մասին մշտադիտարկումը (թիվ ԵԴ/53535/02/22 գործով 26․12․2022 դատական նիստը)

1166

2022 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Երևան քաղաքի դատարանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի 2-րդ նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ հայցի Զեփյուռ Իզյանի ընդդեմ <<Դիջիթեյն>> ՍՊԸ-ի՝ վերջինիս և Զեփյուռ Իզյանի միջև կնքված թիվ 2178 աշխատանքային պայմանագրի 1․1 կետը մասնակի՝ Զեփյուռ Իզյանի աշխատանքի վայրը նաև Երևան քաղաքի Ամիրյան 26 կամ Հ․ Հակոբյան 3 հասցեները սահմանելու մասով անվավեր ճանաչելու, աշխատանքային վայրի փոփոխման վերաբերյալ հրամանը և կարգապահական տույժի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ։

Դատական նիստը սկսվելուց հետո նիստերի քարտուղարը ներկայացրեց դատավարությանը ներկայացած մասնակիցներին՝ հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներին։

Դատարանը չներկայացրեց ՄԻՄՀ դիտորդին այն դեպքում, մինչև դատական նիստի սկսվելը դատական նիստերի քարտուղարի միջոցով տեղեկացվել էր դիտորդի դատական նիստերի դահլիճում գտնվելու և լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին։

Դատարանը ճշտեց դատավարության կողմերի դիրքորոշումը։ Հայցվորն  ամբողջությամբ պնդեց իր պահանջները, պատասխանողն ամբողջովին ընդունեց հայցվորի պահանջները։

Հայցվորը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ հայցի հիմքը և առարկան լրացնելու թույլտվության վերաբերյալ։ Քանի որ պատասխանողը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի հիմքով սույն թվականի դեկտեմբերի 2-ի հրամանով աշխատանքից ազատել էր հայցվորին՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ։ Հայցվորի ներկայացուցիչը պահանջում էր նաև անվավեր ճանաչել նշված հրամանը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի պահանջի ուժով հայցվորին վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։

Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով (Trgon v. Croatia, 2009 թվականի հունիսի 11-ի վճիռ, 44 կետ) ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն` նշված կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը: Այսինքն՝ եթե Զեփյուռ Իզյանի աշխատանքից ազատումը ճանաչվի անօրինական, վերջինս կարող է տուժանք պահանջել գործատուից։

Դատարանը կասկածի տակ դրեց հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության համապատասխանությունը օրենքին՝ պնդելով, որ հայցվոր կողմը, փաստորեն, հայցի առարկայի և հիմքի փոփոխություն չի կատարում, այլ կատարում է լրացում, ուստի, հայցվորի ներկայացուցիչը մեջբերեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի դրույթը, որի համաձայն՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն է համարվում նաև դրանց լրացումը։

Պատասխանող կողմն ընդունեց հայցվորի պահանջները։

Դատարանը բավարարեց միջնորդությունը և պատասխանող կողմին տրամադրեց մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար։

Դատավորը կարծիք հայտնեց, որ առկա է տարաձայնություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի շուրջ։ Մասնավորապես, հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ դատարանը վարույթն ընդունելու հետ միաժամանակ կայացնում է որոշում՝ պատասխանողից որոշակի ապացույցներ պահանջելու վերաբերյալ։ Ըստ դատարանի՝ վերոնշյալ նորմը պետք է գործի նաև հայցի հիմքի և առարկայի փոփոխության դեպքում։ Դատարանը առաջարկեց կողմերին իրավական դիրքորոշում հայտնել հարցի վերաբերյալ։ Կողմերը տարաձայնություն չնկատեցին բերված նորմի մեջ։

Հայցի հիմքի կամ առարկայի փոփոխության միջնորդություն ներկայացվելուց հետո պատասխանող կողմը չմիջնորդեց գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, հետևաբար, դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ կարգով, հետաձգեց դատական նիստը։

Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց 2023 թվականի հունվարի 23-ը, ժամը՝ 10։00-ն։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments