2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի 2-րդ նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ հայցի Թովմաս Ռաֆայելի Յանխյանի, Ռաֆայել Թովմասի Յանխյանի, Անաիդա Շավարշի Աբրահամյանի ընդդեմ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի՝ 29.07.2022 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ։
Դատական նիստը սկսվեց ուշացումով՝ 11։47-ին՝ նշանակված 11։20-ի փոխարեն։ Դատական նիստը սկսվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատավարությանը ներկայացած մասնակիցներին՝ հայցվորի ներկայացուցիչին։ Դատարանը սահմանված կարգով ներկայացրեց ՄԻՄՀ դիտորդին և, լսելով կողմի կարծիքը, դիտորդին թույլ տվեց իրականացնել դատական նիստի ընթացքի լուսանկարահանում:
Դատարանը հրապարակեց դատարան ներկայացված փաստաթղթերը, ապա առաջարկեց հայցվոր կողմին ներկայացնել իր պահանջները։ Հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ հայցվոր Թովմաս Յանխյանը սնանկ է ճանաչվել, որից հետո սնանկության կառավարիչը աճուրդի միջոցով վաճառել է ք․ Երևան, Սարի թաղ, 4 շարք, 13 և 14 բնակելի տները, մինչդեռ, այդ տները չեն հանդիսացել գրավի առարկա սնանկության դատարանի կողմից քննված գործով և չեն պատկանում Թովմաս Յանխյանին, հետևաբար, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ այդ գույքը չէր կարող իրացվել։ Նաև հավելեց, որ չեն պահպանվել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմերը, մասնավորապես, աճուրդի մասին ծանուցման մեջ նշված չեն եղել աճուրդի պայմանները, լոտի անվանումը, ինչպես նաև «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի նորմերը, մասնավորապես, աճուրդի մասին արձանագրության մեջ նշված չեն եղել լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները։
Դատարանը հայտարարեց, որ գործով որպես պատասխանող ներգրավված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն կապված չէ գործի առարկայի հետ և որ որպես պատասխանող պետք է ներգրավվի աճուրդը կազմակերպած սնանկության կառավարիչը։
Հայցվորի ներկայացուցիչը դատարանից ողջամիտ ժամկետ հայցեց սնանկության
կառավարիչին որպես պատասխանող ներգրավելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։ Դատարանը սահմանեց ողջամիտ ժամկետ։
Առհասարակ, ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու ընթացակարգն իրենից ենթադրում է հայցվորի ազատ կամքի վրա հիմնված գործընթաց, քանի որ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի իմաստով, դատարանը ոչ պատշաճ պատասխանողի փոփոխության վերաբերյալ որոշում կայացնում է միմիայն հայցվորի նախնական համաձայնությամբ:
Ոչ պատշաճ պատասխանողի փոփոխության ինստիտուտը ՀՀ Վճռաբեկ դատարանը կապում է քաղաքացիական դատավարության հիմնաքարերից մեկը հանդիսացող մրցակցության սկզբունքի հետ, մասնավորապես, 2007թ. թիվ 3-1222(ՎԴ) (Հայկո Պետրոսյանն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության) քաղաքացիական գործով հայտնել է դիրքորոշում առ այն, որ «մրցակցային դատավարությունում պատշաճ պատասխանող ներգրավելը պետք է լինի միմիայն հայցվորի պարտականությունը, կամ նման ներգրավում պիտի կատարվի հայցվորի միջնորդության հիման վրա»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը՝ 9։40-ին։