Հայկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անհայտ անձին պատկանող տելեգրամյան օգտատիրոջից իր անձնական օգտագործման համար ձեռք է բերել խոշոր չափերի՝ 0,55 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
Հայկ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Սակայն, դատարանը, բավարարելով Հ. Մկրտչյանի պաշտպանի միջնորդությունը, 2022թ. նոյեմբերի 24-ին խափանման միջոցը փոխել է գրավով՝ գրավի չափ սահմանելով 1.500.000 ՀՀ դրամը։
Հերթական դատական նիստը նշանակված էր 26.12.22թ. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում։ Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ դիտորդը դատական նիստերի քարտուղարին տեղեկացրեց լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին, սակայն, նիստերի քարտուղարը դատարանին չծանուցեց այդ մասին։
Քանի որ ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացվել էր միջնորդություն համաձայնեցման վարույթ կիրառելու վերաբերյալ, ուստի, դատարանը կողմերին հստակեցրեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի կարգով համաձայնության վերաբերյալ բանակցություններ սկսելու պատրաստակամության անհրաժեշտության և կարգի մասին: Կողմերը բանակցությունների ցանկություն հայտնեցին:
Ելնելով այն հանգամանքից որ համաձայնեցված վարույթը չի կիրառվում միայն առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքում, և քանի որ ամբաստանյալը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ ամբաստանյալի կատարած հանցագործությունը դիտարկվում է միջին ծանրության հանցագործություն, հետևապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածը թույլատրում է սույն հանցանքի համար վարույթի համաձայնեցված ձևը։
Դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստը նշանակել 2023 թվականի հունվարի 24-ին, ժամը՝ 11:00-ին՝ պահպանելով կողմերի բանակցությունների համար առավելագույնը մեկամսյա ժամկետ սահմանելու վերաբերյալ քրեադատավարական պահանջը: