Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի մոնիթորինգ
18.10.2022թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով հերթական դատական նիստը, ըստ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի դեմ մեղադրանքի:
Դատական նիստին ներկա էին մեղադրանքի և պաշտպանության կողմերը: Դատական նիստը սկսվել է 13:00-ին և տևել է գրեթե 4 ժամ:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին՝ գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։
Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը, Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Դատական նիստի ընթացքում փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ:
Դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, նշեց, որ նախկին նախագահը մեղադրվում է Հայաստանի հին քրեական օրենսգրքով, որն ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին և ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին:
Այսինքն, քրեական հոդվածները, որոնցով մեղադրվում է Քոչարյանը, դադարել են գոյություն ունենալ։ Այն դեպքերում, երբ օրենքի վերացումը դրական է անդրադառնում քաղաքացու վիճակի վրա, այն հետադարձ ուժ է ստանում, այսինքն ՝ տարածվում է նախկինում հարուցված քրեական գործերի վրա։
Իսկ դատախազության կարծիքով ՝ նոր Քրեական օրենսգրքի կիրառման հիմքեր չկան, քանի որ Քոչարյանին վերագրվող հանցանքի ապաքրեականացում տեղի չի ունեցել, ուստի մեղադրանքը մնում է ուժի մեջ։
Լսելով կողմերին ՝ դատարանը որոշեց պաշտպանության միջնորդությունը քննարկել խորհրդակցական սենյակում։
Քանի որ այս գործը ունի հասարակական մեծ հնչեղություն, անհրաժեշտ եմ համարում կարճ անդրադառնալ նաև գործի նախապատմությանը:
Քրեական գործը դատարան է ուղարկվել 29.04.2019 թվականին: Քրեական գործը սկզբում մակագրվել է դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին , որը ինքնաբացարկ է հայտնել:
06.05.2019 թվականին գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին
Դատական նիստի ընթացքում օրենքի և մարդու իրավունքների խախտումներ չեն արձանագրվել: Դատավորին այս անգամ բացարկի միջնորդություն է ներկայացրվել պաշտպանության կողմի փաստաբանների կողմից, որը մերժվել է:
20.05.2019 թվականին դատարանը որոշում է կայացրել դիմելու Սահմանադրական դատարան և կասեցնելու գործի վարույթը:
Քանի որ գործը քննող դատավորի լիազորությունները կասեցվել են, գործը երրորդ անգամ մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին: Նշեմ նաև որ գործի քննության սկզբնական փուլում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը և վերջինիս պաշտպանների բազիցս ներկայացրած միջնորդություններից հետո միայն կալանքը փոխարինվել է գրավով:
Այս դատական գործը ընտրվել է մոնիթորինգի համար, հաշվի առնելով վերջինիս հանրային մեծ հնչեղությունը, ինչպես նաև ամբաստանյալների ունեցած հեղինակությունը:
Հաջորդ դատական նիստի վերաբերյալ տեղեակատվությունը կտեղադրվի դատալեքս տեղեկտվական համակարգում: