Չնայած այն հանգամանքին, որ մենք արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում ենք աշխատողների, հատկապես սպասարկման ոլորտի, առևտրում ներգրավված աշխատողների իրավունքների պաշտպանությամբ, չենք դադարում զարմանալուց նոր հանգամանքների ի հայտ գալուց։ Օրինակ արդեն երկրորդ ամիսն է՝ ինչ մոնիտորինգ ենք իրականացնում մի քանի ցանցային առևտրի կենտրոններում։ Նախ սկսենք այն փաստից, որ աշխատակիցները ահավոր վախենում են որևէ հարցի պատասխանելուց, նույնիսկ աշխատանքից հետո, նույնիսկ՝ իրենց անունը խիստ գաղտնի պահելու հանգամանքին ու թերևս մեծ կոնսպերացիայի պայմաններում հնարավոր է դառնում ստանալ ինֆորմացիա՝ ընտրված խանութներում աշխատողների պայմանների մասին։ Օրինակի համար <<Հագուստի աշխարհ>> խանութների ցանցում աշխատանքային ժամը 9-9-նն է, այսինքն 13 ժամ, և, ուշադրություն, աշխատողը իրավունք չունի նստելու, հենվելու, ձեռքով մի տեղից բռնվելու 13 ժամ շարունակ, ընդմիջում ունի ընդամենը մի 15 րոպե,ազատ օրերի մասին ոչ մի տեղեկություն չունի, կարող է իմանալ տվյալ օրը, իր ազատ օրերը չեն վարձատրվում, չունի ամենամյա վճարովի արձակուրդ, զբաղված է նաև բեռնակրությամբ, որևէ ծանոթի հետ իրավունք չունի մտնելու կոնտակտի մեջ խանութում, իրվունք չունի նստելու նաև գանձապահը, ու լուռ ու սոված կանգնած է 13 ժամ․․․․․․․ կարծում եք այս աննախադեպ ստրկության համար, նա մեծ գումար է ստանում՞՞՞, օրական մոտ 3000 դրամ, ու այսպես ամեն օր ամեն օր ամեն օր։ Այս տեսարանը տարբեր առանձնահատկություններով, կրկնվում է մյուս սննդի և հագուստի վաճառքի ցանցերում։ Առայժմ, քանի դեռ մեր հետազոտությունը գտնվում է ընթացիկ փուլումմանրամասները դեռ չենք հրապարակում։ Սակայն ամեն օր մեր հետազոտական խումբը, որ հանգամանքների բերումով, դարձել է ,, մարդու շահագործման արձանագրման խումբ,, նոր աղաղակող տվյալներ է հայտնաբերում, որոնք մանրամասն հրապարակվելու են, և որ ամենակարևորն է, աշխատողները, նույնիսկ աշխատանքից ազատվածները, ԱՀԱՎՈՐ վախենում են իրեն անունների հրապարակումից, օրինակի համար ՍԱՍ-ի բոլոր խանութներում խստիվ արգելված է որևէ մեկի հետ շփվել, որևէ ինֆորմացիա տալը։ Մենք արդեն իսկ ունենք բավական մեծ ինֆորմացիա ցանցային առևտրի կենտրոններում աշխատողների աշխատանքային պայմանների վերաբերյալ, ու դեռևս այն համալրվում է, ու մենք լիահույս ենք, որ նոր Հայաստանում հնարավոր կլինի այս դրսևորումներին արդարացի լուծումներ գտնել, քանի որ աշխատանքային իրավունքը մարդու ամենօրյա, ամենակտուալ իրավունքն է, այո այն հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են այս մեծ սուպերմարկետներում, հիմնականում երիտասարդ աղջիկներ, չեն կարողանում հասկանալ ու երջանիկ լինել, որ երկրում իրավիճակ է փոխվել, որովհետև իրենք նույն ստրկական վիճակում են մնացել, իսկ աշխատանքից հրաժարվել, ուղղակի չեն կարող, իհարկե, մինչև ուժասպառ չընկնեն, նման դեպքեր էլ ունենք արձանագրած։ Արդյոք մեր հարգելի գործատուները չեն հասկանում, որ կեղեքված աշխատողը չի կարող իրեն օգուտ տալ, կամ եթե աշխատողը ունենա հնարավորություն աշխատանքից ազատ ժամանակ նստել, ինքը կսննկանա՞ ու ինչու այս իրավիճակը չպետք է կանոնակարգվի պետության օրենքներով, որոնք պետք է կոնկրետ չափորոշիչներ նշեն։ Ու եթե իրավասու մարմինները իրենց իրավասության տակ չփորձեն վերցնել այս հարցերը, այո այս աշխատողների համար ամեն փոփոխություն անիմաստ կլինի։