Ֆակտչեք․ ՆԳՆ-ում «Ծնողական ժամն» արգելվա՞ծ է. ինչ է պնդում «Ժողովուրդը» և ինչ է ասում նախարարությունը

68

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ին, «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է «ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞» վերնագրով հոդված, որտեղ պնդվում է, թե Ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցների թույլ չեն տալիս օգտվել օրենքով նախատեսված «ծնողական ժամից»։

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ «ՆԳՆ մի շարք աշխատակիցներ ահազանգել են», թե նախարարությունում ներքին կարգով իրենց արգելում են օգտվել այդ հնարավորությունից և պահանջում են աշխատանքային օրը շարունակել մինչև 18։00-ը։

Սակայն հրապարակման հիմնական պնդումը՝ ՆԳՆ-ում աշխատակիցներին արգելվում է օգտվել «ծնողական ժամից», չի հաստատվել։

Ի՞նչ է պնդում «Ժողովուրդը»

Հրապարակման սկզբում ներկայացվում է այն վարկածը, որ ՆԳՆ-ում երեխաներ ունեցող աշխատակիցներին փաստացի զրկում են օրենքով նախատեսված

արտոնությունից։

Հոդվածում օգտագործվում են ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «ՆԳՆ մի շարք աշխատակիցներ ահազանգել են», «ներքին կարգով իրենց թույլ չեն տալիս» և

«աշխատակիցներին փոխանցվել է, որ նրանք չպետք է օգտվեն այդ հնարավորությունից»։

Միաժամանակ հրապարակման վերջում նշվում է, որ թերթը մեկնաբանության համար դիմել է ՆԳՆ-ին։

Այսինքն՝ հոդվածի սկզբում ներկայացված ծանրակշիռ պնդումը՝ որպես ՆԳՆ-ում առկա իրավիճակ, հրապարակման պահին դեռևս հաստատված փաստ չէր։

Ի՞նչ է պատասխանել ՆԳՆ-ն

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ըստ նույն հրապարակման, հերքել է ներկայացված տեղեկությունը։

Նախարարությունից հայտնել են, որ ՆԳՆ աշխատակիցները կարողանում են օգտվել օրենքով նախատեսված «ծնողական ժամից»։

Ավելին՝ նախարարության փոխանցմամբ՝ այդ իրավունքից արդեն օգտվել է 80-ից ավելի աշխատակից։

Այս փաստը էական է, քանի որ եթե նախարարությունում իրականում առկա լիներ ընդհանուր արգելք, ապա դրա համատեղելիությունը տասնյակ աշխատակիցների կողմից այդ իրավունքից փաստացի օգտվելու հանգամանքի հետ պետք էր հիմնավորել։

Ի՞նչ տեղի ունեցավ հրապարակումից հետո

Մոտ երկու ժամ անց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հրապարակմանը և գրել, որ «Ժողովուրդ» օրաթերթի տարածած տեղեկությունը, թե ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամից», իրականությանը չի համապատասխանում։

Այսպիսով, հոդվածի հիմնական պնդումը ոչ միայն չի ստացել հրապարակային ապացույց, այլև ուղղակիորեն հերքվել է այն կառույցի կողմից, որի մասին արվել է պնդումը։

Իսկ ի՞նչ է «ծնողական ժամը»

Հոդվածում ճիշտ ներկայացված է մեկ այլ՝ առանձին հանգամանք․ «ծնողական ժամը» օրենքով նախատեսված աշխատանքային իրավունք է։

Հրապարակման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և հուլիսի 10-ից ուժի մեջ մտած փոփոխություններով

Աշխատանքի օրենսգրքում ամրագրվել է «Ծնողական ժամը»։

Ըստ ներկայացված կարգավորման՝ համապատասխան պայմաններին բավարարող աշխատողը կարող է օգտվել օրական մինչև 30 րոպե կամ մինչև մեկ ժամ տևողությամբ ծնողական ժամից՝ կախված երեխաների թվից և օրենքով նախատեսված այլ հանգամանքներից։

Կարևոր է, սակայն, տարբերակել երկու տարբեր պնդումներ.

Փաստ 1. Օրենքով նախատեսված է «ծնողական ժամի» իրավունք։

Փաստ 2. ՆԳՆ-ում այդ իրավունքից օգտվելն արգելված է։

Առաջին պնդումը վերաբերում է օրենքով սահմանված ընդհանուր իրավունքին, իսկ երկրորդը՝ ՆԳՆ-ում այդ իրավունքի կիրառման կոնկրետ իրավիճակին։ Երկրորդ պնդումը չի հետևում առաջինից և ինքնուրույն ապացույցի կարիք ունի։

Որտե՞ղ է ապատեղեկատվության խնդիրը

Հրապարակման խնդրահարույց հատվածը ոչ թե «ծնողական ժամի» գոյության մասին տեղեկությունն է, այլ ՆԳՆ-ում դրա կիրառումն արգելելու մասին

չհաստատված տեղեկությունը որպես փաստ ներկայացնելը։

«ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից» ձևակերպումը վերնագրում ընթերցողի մոտ ստեղծում է հստակ տպավորություն, որ նախարարությունում առկա է նման արգելք։

Մինչդեռ հոդվածի բովանդակությունից չի ներկայացվում այդ արգելքի որևէ փաստաթուղթ, ներքին հրահանգ, հրաման կամ այլ ստուգելի ապացույց:

Միաժամանակ հենց հոդվածում հրապարակվում է ՆԳՆ-ի հակառակ դիրքորոշումը, ըստ որի՝ նման արգելք չկա, իսկ օրենքով նախատեսված հնարավորությունից արդեն օգտվել է ավելի քան 80 աշխատակից։

Ի՞նչն է մանիպուլյատիվ

Հոդվածի վերնագիրը ձևակերպված է որպես հաստատված իրողություն՝ «ՆԳՆ-ում արգելել են», մինչդեռ հոդվածի ներսում օգտագործվում է հարցական՝ «ներքին հրահանգ կա՞»։

Այս տարբերությունը կարևոր է։

Եթե առկա է միայն աշխատակիցների չհաստատված ահազանգ կամ տեղեկություն, լրագրողական առումով առավել ճշգրիտ կլիներ ներկայացնել այն որպես պնդում կամ ահազանգ, ոչ թե որպես հաստատված փաստ։

Ավելին, հոդվածում ՆԳՆ-ի հերքումը ներկայացված է միայն նյութի վերջում, մինչդեռ ընթերցողի առաջին և ամենաուժեղ տպավորությունը ձևավորվում է վերնագրից և նյութի սկզբից։

Եզրակացություն

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման առանցքային պնդումը, թե ՆԳՆ-ում աշխատակիցներին արգելում են օգտվել «Ծնողական ժամից», հրապարակված նյութով չի ապացուցվում։

ՆԳՆ-ն պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը և հայտնել, որ

աշխատակիցները կարողանում են օգտվել օրենքով նախատեսված իրավունքից, իսկ դրանից արդեն օգտվել է ավելի քան 80 աշխատակից:

Ուստի տվյալ հրապարակումը չի կարող ներկայացվել որպես հաստատված փաստ ՆԳՆ-ում «ծնողական ժամի» արգելքի վերաբերյալ։ Առանց ներքին հրահանգի,

փաստաթղթի կամ առնվազն ստուգելի ու անկախ աղբյուրների՝ նման պնդումը փաստի կարգավիճակով ներկայացնելը կարող է մոլորեցնել ընթերցողին։

Սարգիս Ասատրյան

նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ

0 0 ձայներ
Article Rating
Բաժանորդագրվել
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted