Ինչո՞ւ է կեղծ տեղեկատվությունը սոցիալական ցանցերում այդքան արագ տարածվում։
Պատճառներից մեկը սոցիալական ցանցերի ալգորիթմներն են։
Հարթակները հետևում են՝ ինչ ենք դիտում, ինչի վրա ենք երկար կանգնում, ինչ ենք հավանում, մեկնաբանում կամ կիսվում։ Եթե որևէ բովանդակություն մեծ արձագանք է ստանում, ալգորիթմը կարող է այն ցույց տալ ավելի շատ մարդկանց։
Բայց այստեղ կարևոր մի բան կա․ ալգորիթմը չի որոշում՝ տեղեկատվությունը ճի՞շտ է, թե՞ կեղծ։ Այն փորձում է հասկանալ, թե ինչն է գրավում մեր ուշադրությունը։
Իսկ ապատեղեկատվությունը հաճախ հենց դրա վրա է կառուցվում։
«ՇՏԱՊ»։
«ՑՆՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ»։
«Թաքցնում են ձեզնից»։
«Այս տեսանյութը ամեն ինչ ապացուցում է»։
Վախը, զայրույթը կամ շոկը մեզ ստիպում են ավելի արագ դիտել, մեկնաբանել և տարածել։
Հայաստանի դեպքում հատկապես զգայուն են պատերազմի և խաղաղության, անվտանգության, ընտրությունների, արտաքին քաղաքականության և Հայաստանի ապագայի թեմաները։
Օրինակ՝ սոցիալական ցանցերում կարող է հայտնվել կեղծ գրառում, թե՝ «Հայաստանում շուտով նոր պատերազմ է սկսվելու»։
Մի մարդ այն տարածում է։ Հետո՝ ևս մեկը։ Գրառումը հայտնվում է տարբեր խմբերում և ալիքներում, նույն պատմությունը կարող է տարածվել մեկ այլ վերնագրով կամ հայտնվել այլ կայքում։
Եվ մենք այն տեսնում ենք կրկին ու կրկին։
Այստեղ առաջանում է մի վտանգավոր զգացողություն․
«Եթե այսքան տեղերում է գրված, ուրեմն երևի ճիշտ է»։
Բայց բազմաթիվ հրապարակումներ դեռևս չեն նշանակում բազմաթիվ անկախ աղբյուրներ։ Երբեմն բոլոր այդ հրապարակումների սկզբնաղբյուրը կարող է լինել ընդամենը մեկ չստուգված գրառում։
Իսկ երբեմն այդ տարածման հետևում նույնիսկ իրական մարդիկ չեն լինում։
Սոցիալական ցանցերում կարող են գործել կեղծ կամ համակարգված հաշիվների ցանցեր, որոնք նույն բովանդակությունը տարածում են տարբեր էջերից՝ ստեղծելով տպավորություն, թե տվյալ կարծիքը շատ տարածված է։
Meta-ն պարբերաբար հայտնաբերում և հեռացնում է նման ոչ իսկական հաշիվների և էջերի ցանցեր։ Սակայն սա մշտական պայքար է․ փակված հաշիվների փոխարեն կարող են ստեղծվել նորերը, իսկ երբեմն օգտագործվում են նաև գողացված կամ երկար ժամանակ անգործուն հաշիվներ։
Այս ամենը կարող է ազդել ոչ միայն այն բանի վրա, թե ինչ ենք մենք տեսնում համացանցում, այլ նաև ինչ ենք մտածում, ինչի ենք հավատում և ինչպես ենք վերաբերվում կարևոր հասարակական հարցերին։
Ուստի սոցիալական ցանցում ամենակարևոր հարցը ոչ թե՝
«Քանի՞ մարդ է սա տարածել»,
այլ՝
«Որտեղի՞ց է սա սկսվել»։
Ո՞վ է առաջին աղբյուրը։
Ի՞նչ ապացույց կա։
Կա՞ նույն տեղեկությունը վստահելի աղբյուրներում։
Իսկ լուսանկարը կամ տեսանյութը իսկակա՞ն է։
Հիշիր՝ ալգորիթմը կարող է արագացնել տեղեկատվության տարածումը, բայց մենք ենք որոշում՝ դառնալ դրա տարածողը, թե կանգնեցնել այն։
Կանգ առ։ Ստուգիր։ Հետո միայն՝ տարածիր։
Անի Սուքիասյան ISHR Armenia
#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Նյութերի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն ISHR Հայաստան կազմակերպությունը







