Արտագնա աշխատաժողով <<Ապատեղեկատվական հոսքերի մոնիթորինգ>> ծրագրի շրջանակներում

41

«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» (ISHR) հայկական բաժանմունքը շարունակում է իրականացնել «Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել փաստերի ստուգման մշակույթը, բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը և նպաստել Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարին։

Ծրագրի շրջանակում արդեն կայացել էր մասնակիցների առաջին հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել էին ծրագրի նպատակները, աշխատանքային ձևաչափը, առաջիկա չորսամսյա մենթորական փուլի բովանդակությունը և մասնակիցների անելիքները։

Ծրագրի հաջորդ կարևոր փուլը դարձավ  ինտենսիվ արտագնա աշխատաժողովը, որը համախմբեց լրագրողների, խմբագիրների, հետազոտողների և ակտիվ քաղաքացիների՝ խորացնելու իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները փաստերի ստուգման ոլորտում։

Աշխատաժողովը կազմակերպվել էր Կոտայքի մարզի հանգստյան գոտիներից մեկում։ Այս վայրը ընտրվել էր ոչ պատահական. արտագնա ձևաչափը հնարավորություն տվեց մասնակիցներին կտրվել առօրյա աշխատանքային միջավայրից և ամբողջությամբ կենտրոնանալ ուսուցման, գործնական առաջադրանքների, մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման վրա։ Նման միջավայրը նպաստեց ոչ միայն գիտելիքների արդյունավետ յուրացմանը, այլև թիմային համագործակցության, փոխադարձ վստահության և մասնագիտական նոր կապերի ձևավորմանը։

Սա հնարավորություն տվեց ձևավորել բազմազան մասնագիտական խումբ, որտեղ լրագրողները, խմբագիրներն ու հետազոտողները ոչ միայն սովորում էին միմյանցից, այլև համատեղ մշակում էին փաստերի ստուգման գործնական մոտեցումներ։

Ժամանակակից տեղեկատվական մարտահրավերները՝ փորձագետների հետ

 

Վերջին տարիներին տեղեկատվական տարածքն էական փոփոխությունների է ենթարկվել։ Արհեստական բանականության արագ զարգացումը, սոցիալական ցանցերի ալգորիթմները և տեղեկատվության տարածման աննախադեպ արագությունը նոր մարտահրավերներ են ստեղծել ինչպես լրագրողների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։

Հենց այս համատեքստում աշխատաժողովի առանցքում էին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են.

  • Ինչպե՞ս տարբերել փաստը մանիպուլյացիայից,
  • Ինչպե՞ս բացահայտել կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը,
  • Ինչպե՞ս գտնել տեղեկատվության սկզբնաղբյուրը,
  • Ինչպե՞ս ճանաչել համակարգված ապատեղեկատվական արշավները,
  • և ինչ գործիքներով կարող է աշխատել ժամանակակից fact-check լրագրողը։

Քննարկումները հիմնված էին ինչպես միջազգային փորձի, այնպես էլ հայկական տեղեկատվական միջավայրի իրական օրինակների վրա։

Տեսությունից՝ գործնական աշխատանքի

Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր «Տեղեկատվական միջավայր և ապատեղեկատվության մեխանիզմներ» թեմայով դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին ապատեղեկատվության տարածման հիմնական մեխանիզմները, տեղեկատվական մանիպուլյացիաների տեսակները, սոցիալական ցանցերի ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման վրա, ինչպես նաև հիբրիդային պատերազմի պայմաններում տեղեկատվության դերը։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց փաստերի ստուգման գործիքներին և մեթոդներին։ Մասնակիցները գործնական վարժությունների միջոցով ծանոթացան բաց աղբյուրների հետազոտության (OSINT), լուսանկարների և տեսանյութերի իսկության ստուգման, մետատվյալների վերլուծության, աշխարհագրական տեղորոշման (Geolocation), սկզբնաղբյուրների որոնման և տեղեկատվության վավերացման ժամանակակից գործիքներին։

Աշխատաժողովի ամենաակտիվ հատվածներից մեկը «Մոնիթորինգից մինչև փաստերի ստուգում» գործնական աշխատանքն էր։ Իրական օրինակների հիման վրա մասնակիցները սովորեցին, թե ինչպես կարելի է սոցիալական ցանցերում կամ լրատվամիջոցներում հայտնված կասկածելի տեղեկությունը վերածել ամբողջական fact-check հետաքննության՝ պնդման նույնականացումից մինչև ապացույցների հավաքագրում, տարբեր աղբյուրների համադրություն և փաստարկված եզրակացության պատրաստում։

Գործնական սիմուլյացիաներ և փորձի փոխանակում

Ծրագրի ընթացքում անցկացվեց նաև գործնական սիմուլյացիա, որի շրջանակում մասնակիցները բաժանվեցին խմբերի և աշխատեցին իրականությանը մոտ տեղեկատվական դեպքերի վրա։

Նրանք վերլուծեցին մանիպուլացված լուսանկարներ, deepfake տեսանյութեր, կեղծ վիճակագրություններ և սոցիալական ցանցերում լայն տարածում գտած հրապարակումներ՝ կիրառելով դասընթացի ընթացքում ուսումնասիրված գործիքներն ու մեթոդները։

Սիմուլյացիաները ոչ միայն հնարավորություն տվեցին գործնականում ամրապնդել ստացած գիտելիքները, այլև նպաստեցին թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության և արագ որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը։

Առանձին քննարկման թեմա դարձան նաև տեղական լրատվամիջոցների փորձը, տեղեկատվական անվտանգության արդի մարտահրավերները և հիբրիդային պատերազմների պայմաններում լրագրողի պատասխանատվությունը։ Մասնակիցները վերլուծեցին իրական դեպքեր, քննարկեցին հայկական մեդիայի առջև ծառացած խնդիրները և կիսվեցին իրենց մասնագիտական փորձով։

Փորձագետներ, որոնք կիսվեցին իրենց գիտելիքներով

Դասընթացներն անցկացրին ոլորտի փորձառու մասնագետները՝

  • Բելա Շիքարյանը՝ Մարդու իրավունքների միջազգային հանրության (ISHR) հայկական բաժանմունքի նախագահ, լրագրող,
  • Հասմիկ Համբարձումյանը՝  (ՖԻՊ) գլխավոր խմբագիր,

  • Անահիտ Խաչատրյանը՝ խմբագիր, լրագրող։

Փորձագետները ներկայացրին ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև իրենց մասնագիտական փորձից բազմաթիվ օրինակներ՝ մասնակիցներին ներգրավելով ակտիվ քննարկումների և գործնական վարժությունների մեջ։

 Առաջիկա չորս ամիսների ընթացքում մասնակիցները կաշխատեն մենթորների անմիջական աջակցությամբ, կընտրեն հանրային դաշտում շրջանառվող պնդումներ, կիրականացնեն փաստերի ստուգում և կհրապարակեն սեփական fact-check նյութերը։

Ծրագրի նպատակն է ոչ միայն զարգացնել առանձին մասնակիցների մասնագիտական կարողությունները, այլև ձևավորել համագործակցող մասնագիտական համայնք, որը կնպաստի Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարին, փաստահեն լրագրության զարգացմանը և մեդիագրագիտության տարածմանը։

ՄԻՄՀ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին, դասախոսներին և գործընկերներին ակտիվ մասնակցության, մասնագիտական բարձր մակարդակի քննարկումների և համագործակցության պատրաստակամության համար։

Անի Սուքիասյան  ISHR Հայաստան ծրագրերի համակարգող

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck

0 0 ձայներ
Article Rating
Բաժանորդագրվել
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted