Արցախից բռնագաղթածների անհատական պատմությունները

1151

Սիլվա Վերդիյանը Ստեփանակերտից է, 44 օրյա պատերազմում կորցրել է որդիներից մեկին։ Տիկին Սիլվայի պատմությունը ներկայացնում ենք բառացի << Ես մինչեվ վերջին օրը չեմ ուզեցել դուրս գալ Արցախից,  մենք մտածում էիք՝ մի օգնություն կլինի, մեզ կպաշտպանեն, բայց երբ  թուրքերը /ադրբեջանցիները/ մտան քաղաք, պարզ էր, որ պետք է փախչել, կյանքը փրկել։ Անասելի դժվարություններով ենք  եկել,  մեքենա չունեինք, ծանոթների օգնությամբ, տարբեր մեքենաներով ենք տեղ հասել։  48 ժամ ճանապարհին էինք,  որդուս կինը հղի է,  մյուս երեխան չորս տարեկան է, ճանապարհին  սոված էինք, Հակարիի կամուրջի մոտ անասելի վախենում էի տղայիս համար, մի կերպ անցանք։  Հայաստանում մեզ շատ լավ են դիմավորել։

Ամուսինս 93 թվականին, առաջին Ղարաբաղյան պատերազմում է զոհվել, տղաներս երկու և երեք տարեկան էրն, մեծ դժվարություններով մեծացրեցի։ Տղաս  2020-ի  44 օրյա պատերազմում է զոհվել։  Վերջին անգամ իր հետ խոսել եմ  Նոյեմբերի սկզբին,  որից հետո էլ իրենից լուր չունեինք։ Որոշ ժամանակ անց՝ անօդաչուների հարվածներից վառված  զինվորների մասունքներ էին գտել, ԴՆԿ անալիզներով իմացանք, որ մեկը տղաս է։ Մյուս տղայիս հետ եմ ապրում , ունեմ չորս տարեկան  թոռ, դեկտեմբերի 25-ին կծնվի երկրորդ թոռս ։   Շատ դժվար էր ամեն ինչ թողնել, դուրս գալը, բայց ամենացավոտը՝ որդուս գերեզմանը թողնելն  էր։ Այստեղ, տանը, իր անունով անկյուն եմ սարքել, փախչելուց ոչինչ չեմ վերցրել՝ բացի որդուս լուսանկարից։ Այժմ վարձով ենք ապրում, շատ բարդ է վարձ տալը, ձեր օգնության կարիքը շատ ունեինք, տաք անկողնու կարիքը շատ կար, տունը ցուրտ է, ջեռուցումն էլ շատ թանկ է։ Պետական աջակցության  գումարով հազիվ տան վարձ տանք, տղաս փորձում է աշխատանք գտնել, ես չեմ կարող աշխատել, հաշմանդամության պատճառով >>։

Ծաղիկ Մարգարյան

Տիկին Ծաղիկը այսօր մեզ գրել էր <<Շատ շնորհակալ ենք բոլորիցդ, երեխեքս տաք ու փափուկ քնում են, Աստված օրհնի ձեզ>>։

<<Մենք Ստեփանակերտի Կրկջան թաղամասից ենք,  որը Ադրբեջանի հենց սահմանին է։ Այդ օրը, երբ կրակոցները սկսվեցին,  տանը ես էի, հարսս, թոռներս, տեգորս ընտանիքը՝ կինը, երեխաները եվ թոռները։ Տանը  տղամարդ չկար, մենք մնացինք կուչ եկած, երեխաները մեր հետ էին, արդեն վաղուց, շրջափակման պատճառով, մանկապարտեզ չէին գնում, չգիտեինք՝ ինչ անել, որտեղ թաքնվել։ Մենք մեքենա ունեինք, բայց քանի որ տանը գտնվողներս վարել չգիտեինք, չէինք կարող օգտագործել, հարևանի տղան՝ 15 տարեկան, եկավ ասաց՝ ես կտանեմ ձեզ մեքենայով,  եկեղեցին մեզանից բավական հեռու էր, այդ տղան, մի կերպ մեզ հասցրեց եկեղեցու նկուղ, մի անբողջ օր ամուսնուցս ու տղաներիցս լուր չունեինք։ Հետո  ամուսինս հարց ու փորձով եկել մեզ գտել էր, երեխաները, բոլորս այդտեղ մի քանի օր է ինչ սոված էինք։ Ամուսինս ասաց՝ թեկուզ ինձ սպանեն՝ պետք է գնամ ուտելիք բերեմ տնից։ Դրանից հետո, երբ կրակի ինտենսիվությունը քչացել էր, որոշեցինք գնալ Խոջալու, որտեղ ռուս խաղաղապահներն էին։ Այնտեղ ռուսները  մեզ չընդունեցին, ասեցին ետ գնացեք ձեր տեղերը, մենք չենք կարող ձեզ պաշտպանել։ Որից հետո  գնացինք  Ստեփանակերտի ինստիտուտի նկուղը, այնտեղ հինգ օր մնացինք։ Կամուրջը շատ վախենալով անցանք, բոլոր փաստաթղթերը այրել էինք։ Այնքան վախ ունեցանք, բայց համեմատաբար հեշտ անցանք։ Այստեղ  եկանք Գորիս,մեզ շատ  ջերմ ընդունեցին, հաշվառվեցինք, առաջին օրը մեզ ուղարկեցին Ղափան, հետո եկանք Երեվան։  Հետո էլ տուն գտանք Արտաշատում/Արարատի մարզ/։ Այս տունը շատ նան է իմ Կրկջանի տանը, այնտեղ, իհարկե, շատ բարեկարգ էր, բայց նույն հարմարությունները կան՝ անասնապահության, հողագործության համար։ Այս տաննէլ կա հավի բույն, ճագարի բույն։ Երեխաները դեռ աշխատանք չեն գտել։ Այնտեղ թողել ենք երհարկանի տուն, երեք մուտքով, բոլորը առանձին, խաղողի այգով, փեթակներով, հավեր ու ճագարներ էինք պահում։ Այստեղի տունը, չնայած վարձակալում ենք, բայց տան տերը երկրում չի, կարող ենք երկար մնալ։ Եթե մեզ աջակցեն, կենդանիներ գնենք, ես այստեղ էլ եմ պատրաստ կենդանիներ պահել, մեղուներ, հավեր, նապաստակներ։ Ես տնից միայն դեղերս եմ վերցրել եվ հեռախոսի մեջ նկարները, տեսեք՝ ինչ տնտեսություն ունեի>>։

 

 

 

Մարինե Ղուկասյան

<<Մենք վեց հոգի ենք, ամուսինս կռվի ժամանակ դիրքերում էր, բոլոր սարսափների միջով անցել ենք։ Մի կերպ դիմացանք շրջափակմանը, ուղղակի սովի էինք մատնվել։ Ամուսնուս ծնողները տեղափոխվել էին գյուղ, որպիսզի հողագործությամբ մեր գոյությունը պաշտպանենք։ Մենք չէինք մտածում, որ ադքան դիմանալուց հետո, ուղղակի ստիպված կլինենք լքել մեր տունը, իրոք, սոսկալի էր ամենը, պատմելով չենք կարող նկարագրել իրականությունը։ Հայաստանում, իհարկե, մեզ շատ լավ դիմավորեցին, Նոր Խարբերդում բարեկամներ ունեինք, սկզբից իրենց տանն էինք ապրում, բայց իրենք էլ մեծ ընտանիք են, հնարավոր չէ երկար մնալ, հիմա տեղափոխվել ենք Էջմիածին, շատ բաների կարիք ունենք, ամենից շատ տաք անկողնային պարագաների, որի  համար անչափ շնորհակալ ենք>>։

Էլեն Պետրոսյանը 17 տարեկան է, ծնդունդով Հադրութից է, այժմ սովորում է  Շուշիի տեխլոլոգիական քոլեջում, որը այժմ,  տեղափոխվել է եվ գործում է Երեվանում։ Էլենը պատմում է, որ սեպտեմբերի 20-ին ընտանիքով փախել են Ստեփանակերտ, բեռնատար մեքենայի թափքին, քանի որ այլ միջոց չի եղել, այժմ ընտանիքը գտնվում է Ղափանում/Սյունիքի մարզ/ իսկ Էլենը Երեվանում է` մորաքրոջ ընտանիքի հետ։ Մորաքույրը եվ տատիկը այժմ ապրում են Երեվանում՝ հանրակացարանում, կենցաղային ծանր պայմաններում։ Մեր կազմակերպությունը, հատկացրեց 10 անկողնային պարագաներ երկու ընտանիքի համար, որոնց կարիքը շատ ունեին։

Մեր շահառուներից Վեհանուշ Հովսեփյանի պատմությունը առանձնահատուկ հուզիչ է։ նա իր առաջնեկին ծննդաբերել է հենց սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։  Տարբեր  լրատվամիջոցներ են անդրադարձել Վեհանուշի պատմությանը։ Կնոջը բժիշկները վիրահատել են պայթյունների տակ, հիվանդանոցի նկուղում, որտեղ չորս օր գտնվելուց հետո, կինը նորածնի՝ Սոֆեիի,  հետ ստիպված է եղել փախչել Ղարաբաղից։

<<Սոֆին Վեհանուշ Հովսեփյանի առաջնեկն է:  Ծնվել է  2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր: Մայրը  փոքրիկի ծնունդը երազում  էր Ստեփանակերտի  «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի նոր շենքում, սակայն Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով  այն այդպես էլ  շահագործման չհանձնվեց: Բլոկադային օրեր հաղթահարած Սոֆին լույս աշխարհ եկավ ռումբերի ու պայթյունների ձայների ներքո, իսկ հետո` 3 օր, դժվարին ճանապարհ անցավ: Ընտանիքն ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում: Մի քանի օրից Սոֆին կդառնա երկու ամսական>>   հատված Ամերիկայի ձայն հանդեսի ռեպորտաժից։

Մենք  Վեհանուշի  համար ձմեռային անկողիններ  փոխանցեցինք  նրա եղբոր միջոցով, քանի որ նորաթուխ մայրիկը չէր կարող անձամբ գալ։

Շիրինյան Համեստը 77 տարեկան է՝ Մարտակերտի Դրմբոն գյուղից, իննսունական թվականներին, առաջին արցախյան պատերազմում, կորցրել է որդուն, այժմ բնակվում է աղջկա եվ թոռների հետ։ Մեծ դժվարություններով հասել են Ստեփանակերտ, բենզալցակայանների պայթյունի օրը  դուստրը ՝ Անուշ Պետրոսյանը, եղել է բենզալցակայանի տարածքում եվ ստացել է առաջին կարգի այրվածքներ, դեմքի որոշ հատվածներ այրված են, այժմ փորձում են   գտնել միջոցներ՝ արտերկրում այրվածքների վերականգնաման համար։ Ընտանիքը, վեց հոգով, տեղավորվել է նախկին ուսանողական հանրակացարանի մեկ սենյակում, տարրական միջոցներից զուրկ։ Այս ընտանիքը մեր կազմակերպությանը դիմած 1000-ից ավել անձանցից մեկն էր, որ, ըստ կարիքավորության, ընտրվել է մեր կողմից։ Իրենց ընտանիքին հատկացրել ենք տաք անկողնու մոտ 10 հավաքածու։

 

5 1 vote
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments