Լուիզա Հաջաթյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան իր եղբորը՝ Գրիգոր Հակոբյանին, անգործունակ ճանաչելու պահանջի վերաբերյալ։
Դիմումը 16.02.2023 թվականին ընդունվել է վարույթ։
Նախնական դատական նիստը նշանակված էր 28.03.2023 թվականին, ժամը՝ 15։00-ին։
Դատական նիստը բացվելուց հետո քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած մասնակիցներին՝ հայցվորի ներկայացուցչին, հանրային պաշտպանին և Արթիկի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցչին։ Դատական նիստին ներկա է գտնվել նաև անգործունակ ճանաչվող անձը։
Գրիգոր Հակոբյանը, ունենալով մի շարք խնդիրներ, տևական ժամանակ ստացիոնար բուժում է ստացել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։ Այս պահին միայնակ բնակվում է Արթիկ քաղաքում։ Համաձայն պնդումների՝ ցուցաբերում է հասարակության համար վտանգավոր վարքագիծ, ինչպիսիք են՝ դանակով հարևանների փականները բացելու փորձերը, մուտքի մոտ մշտական հայհոյանքները, իրերի կոտրելը տարածքում և այլն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի համաձայն՝ Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա:
Դիմողի ներկայացուցչին լսելուց հետո դատարանը խոսքի հնարավորություն տվեց հանրային պաշտպանին, ով առաջնահերթ դատարանին խնդրեց Գրիգոր Հակոբյանին բացատրել իր իրավունքներն ու պարտականությունները։
Դատարանի կողմից անհրաժեշտություն առաջացավ մի քանի անգամ և շատ դանդաղ ընթերցել անգործունակ ճանաչվող Գ. Հակոբյանի իրավունքները և պարտականությունները, որպեսզի վերջինիս համար ընկալելի դառնային։
Դատարանի հարցին, թե արդյոք Գ. Հակոբյանը որևէ առարկություն ունի դատավորի կողմից գործը նախագահելու առնչությամբ, վերջինիս կողմից այդպես էլ հստակ պատասխան չտրվեց։
Նիստի ընթացքում հանրային պաշտպանը առարկություն ներկայացրեց՝ պնդելով, որ դիմում ներկայացնող անձն իրավունք չուներ այդ դիմումը ներկայացնելու՝ հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի վրա, այն է՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա։ Հանրային պաշտպանը փաստեց, որ Գրիգոր Հակոբյանը միայնակ է ապրում, իսկ Լուիզա Հաջաթյանը հաշվառված է Արթիկ քաղաքում, բայց, փաստացի բնակվում է Երևանում։ Ուստի, այս պարագայում, համաձայն հանրային պաշտպանի պնդման, քույրը ընտանիքի անդամ չի համարվում, քանի որ մի քանի անգամ շեշտվեց, որ Գրիգոր Հակոբյանը միայնակ է բնակվում։ Հանրային պաշտպանը դիմումը որակեց ոչ պատշաճ և քննարկեց դիմումը հետ վերադարձնելու անհրաժեշտությունը։
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը հաստատեց դիմողի ներկայացուցչի բերած փաստարկները՝ Գրիգոր Հակոբյանի հասարակության համար վտանգավոր վարքագծի հետ կապված։ Նաև նշեց, որ հետազոտություն է իրականացվել իրենց կողմից, հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ քույրը՝ Լուիզա Հաջաթյանը, զբաղվում է եղբոր խնամքով՝ շաբաթվա ընթացքում այցելում է եղբորը, զբաղվում է տան մաքրությամբ, անհրաժեշտ հագուստով և սնունդով է ապահովում եղբորը։
Հանրային պաշտպանի այն հարցին, թե արդյոք խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կատարած հետազոտությունն արձանագրվել է, և կա այնպիսի փաստաթուղթ, որը կապացուցի քրոջ կողմից եղբոր խնամքը կատարելու փաստը, ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենց ներքին կանոնադրությամբ սահմանված կարգով նման գործերը չեն արձանագրվում։
Դատարանը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252 հոդվածի պահանջով, Գրիգոր Հակոբյանին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակեց դատահոգեբուժական փորձաքննություն:
Դիմողի ներկայացուցիչն առաջարկեց փորձաքննությունն իրականացնել Վանաձորի հոգեկան առողջության կենտրոնում՝ վճարովի հիմունքներով։
Դատարանը դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնի կողմերին՝ փորձաքննության պատասխանները ստանալուց հետո։