Հայցվորներ Էմմա Ստեփանյանը, Աննա, Արմինե, Տաթևիկ և Հրաչ Ռաշոյանները հայց են ներկայացրել ընդդեմ Ռիմա Եգանյանի, Արթուր Եղիազարյանի՝ բնակարանից վտարելու միջոցով գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի վերաբերյալ։
Հայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերաբաշխումից հետո 13.02.2023 թվականին ընդունվել է վարույթ։
Նախնական դատական նիստի հերթական օրը նշանակված էր 29․03․2023 թվականին, ժամը՝ 11։00-ին։
Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած մասնակիցներին՝ հայցվորին, պատասխանողին և պատասխանողի ներկայացուցչին։
Դատարանը ստուգեց հայցվորի անձը հաստատող փաստաթուղթը։ Հայցվորը ներկայացավ նաև մյուս հայցվորների ներկայացուցիչ։ Դատարանը ստուգեց կցված լիազորագրի բովանդակությունը, որը բավարար էր նիստը շարունակելու համար, սակայն, գործին կցված չէին ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը։ Դատարանն առաջարկեց ընդմիջում անել և նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնել, սակայն, հայցվորի առաջարկով փաստաթղթերի կցման գործընթացը հետաձգվեց նիստի ավարտից հետո։
Դատարանը ներկայացրեց, որ պատասխանող Ռիմա Եգանյանը հակընդդեմ հայց է ներկայացրել նիստին նախորդող օրը։
Դատարանը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով (գործի քննության հետաձգումը, երբ ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ), որոշում կայացրեց նիստը հետաձգելու վերաբերյալ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի մայիսի 17-ին, ժամը՝ 11։10-ին։
Նիստի փակման պահին պատասխանող կողմի ներկայացուցիչը արտահայտվելու թույլտվություն խնդրեց և դատավորին առաջարկեց պատասխանող կողմի ինքնությունն ու ներկայացուցչի ինքնությունն ու լիազորությունները ստուգել։ Սա դիտարկվում է որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասի (Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները) ոչ լիարժեք կատարում։