Գրիգոր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժանմունքի օպերլիազորներ Նարեկ Բարսեղյանի, Տիգրան Ավանեսյանի և գործով չպարզված այլ ծառայողների հետ՝ խմբով, 2020 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երևան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանին և վերջինիս ծանոթ Արմեն Ղազարյանին փաստացի բերման է ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:
24.03.2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը
Դատական նիստը բացվեց սահմանված ժամին:
Դատարանը դատավարության մասնակիցներին տեղյակ պահեց, որ դատական նիստին դեռ չեն ներկայացվել ամբաստանյալները, և ուղեկցող ոստիկանների հետ հեռախոսազրույցի ընթացքում պարզ է դարձել որ ուշացումը կապված է խցանումների հետ։ Ուստի, դատարանը որոշեց հայտարարել 40 րոպե ընդմիջում՝ ամբաստանյալների ներկայությունն ապահովելու համար։ Ընդմիջումից հետո ամբաստանյալներն արդեն նիստերի դահլիճում էին, հետևաբար, դատարանը շարունակեց դատաքննությունը։
Քանի որ դատարանը նախորդ դատական նիստի ընթացքում ուներ պայմանավորվածություն ամբաստանյալներին հարցաքննելու մասով, ամբաստանյալների պաշտպանները այս դատական նիստում հանդես եկան միջնորդությամբ։ Պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին դատարան առ այն, որ դատարանն ավարտի ապացույցների հետազոտման փուլը, նոր անցնի ամբաստանյալների հարցաքննությանը։ Հարցը կայանում էր նրանում, որ դատարանը դեռ չէր ուսումնասիրել գործի հետ ստացված իրեղեն ապացույցների փաթեթները։ Դատարանը, բավարարելով պաշտպանության կողմի միջնորդությունը, հայտարարեց 10 րոպե ընդմիջում՝ ապացույցները նիստերի դահլիճ տեղափոխելու համար։
Դատարան էր տեղափոխվել իրեղեն ապացույցների 7 փաթեթ:
Հարկ է նշել, որ դատական դեպարտամենտի կողմից վարվող datalex.am դատական տեղեկատվական համակարգում իրեղեն ապացույցների թիվը 8-ն է։
Դատարանը սկսեց իրեղեն ապացույցների հետազոտումը, որի ժամանակ ամբաստանյալների պաշտպանն արձանագրեց կնիքներից մեկի անհամապատասխանություն կնիքման պահանջներին. ըստ պաշտպանի՝ պարկը վատ էր կնիքված, ինչը հնարավորություն էր տալիս այն բացել ՝ առանց կնիքը վնասելու։ Հարկ է նշել, որ տուժող կողմի ներկայացուցիչները և դատախազը նման խնդիր չարձանագրեցին:
Մեղադրանքի կողմը, հղում անելով նախաքննական ցուցմունքներին, դատարանի ուշադրությունը հրավիրեց բռնության արդյունքում հագուստի վրա մնացած կոշիկի հետքերին։ Ուսումնասիրվեցին նաև մյուս իրեղեն ապացույցները։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ամբողջ դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը, մասնավորապես, ամբաստանյալները փորձում էին վեճ սադրել մեղադրանքի կողմի հետ, ուստի, դատարանը, համաձայն ՀՀ քրեական դատավարության 314.1-րդ հոդվածի 2-րդ մասի, հասկանալի ձևով նախազգուշացրեց դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին՝ պարզաբանելով դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները: Չնայած դատարանի նախազգուշացմանը, ամբաստանյալները շարունակում էին սադրիչ գործողությունները։ Ամբաստանյալները շարունակաբար թշնամական հայացքով նայում էին մեղադրանքի կողմին, առանց դատարանի թույլատրության մեկնաբանում էին դատախազի և տուժող կողմի ներկայացուցիչների գործողությունները։
Ամբաստանյալի պաշտպանը դատարանին ներկայացրեց միջնորդություն՝ նիստը հետաձգելու վերաբերյալ՝ որպես միջնորդության հիմք ծառայեցնելով այն, որ ներգրավված է այլ քննչական գործողությունների մեջ։ Դատարանը, բավարարելով ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը, ավարտեց դատական նիստը և, ելնելով գործի ողջամիտ ժամկետում քննության պահանջից, հաջորդ դատական նիստ նշանակեց հնարավորինս սեղմ ժամկետում՝ 28.03.2023 թվականին, ժամը՝ 12:30-ին։