Հայկ Ադամյանի՝ աշխատանքային իրավունքների վերականգնման պահանջի մասին դատական նիստի մշտադիտարկումը (թիվ ԵԴ/49421/02/22 գործով 22.02.2023թ. դատական նիստը)

1174

Դիմելով դատարան՝ Հայկ Ադամյանի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը պահանջել է «Սիսկո Ինտերնեթուորինգ» ՍՊ ընկերության 30.06.2022թ. թիվ 1 որոշումն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում՝ ընկերության տնօրենի պաշտոնին վերականգնել և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել:

Դատական նիստերի դահլիճը բացվելուց հետո ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին՝ հայտնելով լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին:

Դատական նիստը բացվելուց հետո քարտուղարը միայն դատարանին լսելի ձայնով ներկայացրեց դիտորդին և դատավորին հանձնեց դիտորդի անվանաքարտը: Սակայն, դիտորդը չներկայացվեց դատավարության մասնակիցներին ու նիստի ներկաներին և հնարավորություն չունեցավ լուսանկարահանում իրականացնելու:

Ըստ քաղաքացիադատավարական ընթացակարգի, դատական նիստի կամ դրա մի մասի կինո-լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո՝ գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:

Հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց կողմերից ստորագրություն վերցնել առ այն, որ իրազեկված են սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության ենթարկվելու մասին: Դատարանը չքննեց միջնորդությունը, քանի որ այն ներկայացվել էր բանավոր եղանակով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի իմաստով, միջնորդությունները դատարան ներկայացվում են բացառապես գրավոր:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը, նախքան դատական նիստը, ներկայացրել էր միջնորդություն՝ գործին նոր ապացույցներ կցելու վերաբերյալ: Դատական նիստի ընթացքում քննարկվեց միջնորդությունը, որի վերաբերյալ հայցվոր կողմն առարկություն չուներ: Ապացույցները ներկայացնում էին հայցվորի և պատասխանողի նամակագրությունը՝ աշխատանքից ազատման հարցի վերաբերյալ:

Դատարանն ավարտեց ապացույցների հետազոտումը և հայտարարեց դատաքննության ավարտի մասին:

Վճիռը հրապարակվելու է 2023 թվականի մարտի 14-ին, DataLex դատական տեղեկատվական համակարգում:

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments