Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքն ազատելու պահանջի մասին մշտադիտարկումը (թիվ ՇԴ/2573/02/20 գործով 23.02.2023թ. դատական նիստը)

1075

Հայցվոր Գոհար Սարիբեկյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անահիտ, Մարգարիտ և Վարազդատ Պավլեյանների՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքն ազատելու պահանջի վերաբերյալ։

Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 16.07.2020 թվականին ընդունվել է վարույթ։

Գործն ի սկզբանե քննվել է դատավոր Հովհաննես Ղազարյանի կողմից։ 22.03.2022 թվականին գործը դասվել է այլ հերթի հետաձգված գործերի շարքին, և 08.07.2022 թվականին իրականացված վերաբաշխման արդյունքում գործի քննությունը հանձնվել է դատավոր Վահագն Թորոսյանին։

23.02.2023 թվականին, ժամը՝ 11։30-ին, նշանակված էր հերթական դատական նիստը։ Դատական նիստը բացվեց 8 րոպե ուշ, քանի որ միաժամանակ նշանակված էին եղել 2 դատական նիստ։

Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատական նիստը նախագահող դատավորին՝ հայտնելով դատական նիստը լուսանկարահանելու ցանկության մասին։

Դատական նիստի բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցներին՝ հայցվորին և հայցվորի ներկայացուցչին։ Դատական նիստին չէին ներկայացել պատասխանող կողմը և որպես երրորդ անձ ներգրավված Գյումրու համայնքապետարանը։

Դատարանը ճշտեց հայցվոր կողմի դիրքորոշումը դիտորդի կողմից լուսանկարահանում իրականացնելու վերաբերյալ. հայցվոր կողմն առարկեց, ուստի,  դիտորդի կողմից լուսանկարահանում չի իրականացվել։

Դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Գյումրու համայնքապետարանը բնակարանը տվել է Պավլեյանների ընտանիքին բնակության համար, սակայն, որևէ որոշում այդ մասին առկա չէ։

Հայցվոր կողմը պնդեց պահանջը՝ նշելով, որ Համայնքապետարանին ուղղված հարցման վերաբերյալ վերջինիս կողմից պատասխան  է ներկայացվել առ այն, որ բնակարանը Պավլեյաններին տրամադրելու որոշումը կայացրել է նախկին քաղաքապետը, սակայն, որևէ փաստացի հիմնավորում չի տրամադրվել։

Հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Գյումրու համայնքապետարանին որպես պատասխանող ներգրավելու մասին։

Դատարանը որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը՝ հայցվոր կողմին պարտավորեցնելով մինչև հաջորդ դատական նիստը Գյումրու համայնքապետարանին պատշաճ կերպով ուղարկել հայցադիմումի օրինակը և կից փաստաթղթերը:  ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի ապրիլի 11-ին, ժամը՝ 16։30-ին։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments