Հայցվոր Էլմիրա Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արթուր Հրաչի Խաչատրյանի՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը որոշելու, ալիմենտի բռնագանձման, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների վերաբերյալ։
Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընդունվել է վարույթ 30.06.2022 թվականին ։
21.02.2023 թվականին, ժամը՝ 14։00-ին, նշանակվել էր հերթական նախնական դատական նիստը, որը սկսվեց 20 րոպե ուշացումով։
Դատական նիստը սկսվելուց առաջ ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատական նիստը նախագահող դատավորին և հայտնեց դատական նիստը լուսանկարահանելու ցանկության մասին։
Դատական նիստի բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած մասնակցին՝ հայցվորի ներկայացուցչին։ Պատասխանող կողմը չէր ներկայացել դատական նիստին։ Դատարանը հայտնեց, որ ծանուցումը եղել է ինչպես փոստային եղանակով՝ փաստացի բնակության հասցեով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով։
Դատարանը հայցվոր կողմին և դատական նիստին ներկաներին ներկայացրեց դիտորդին և ճշտեց հայցվոր կողմի դիրքորոշումը լուսանկարահանում իրականացնելու մասին. հայցվոր կողմը չթույլատրեց:
Հայցվոր կողմի ներկայացուցիչը կարծիք հայտնեց դատական նիստն առանց պատասխանող կողմի ներկայության շարունակելու մասին՝ հիմնավորելով, որ դիտավորություն է տեսնում պատասխան կողմի արարքում՝ դատավարական գործընթացը ձգելու և ալիմենտային պարտավորությունները չկատարելու համար։
Դատարանը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը և նիստը շարունակեց։
Հայցվոր կողմը ներկայացրեց պահանջները՝ կապված ամուսնալուծության, կայուն ալիմենտի (50 000 ՀՀ դրամ) բռնագանձման, երեխայի բնակության վայրը որոշելու և որպես համատեղ բնակության ընթացքում ձեռք բերված գույք` հայցվորի մասնաբաժինն առանձնացնելու մասով։
Դատարանը հարցերի միջոցով հստակեցրեց ներկա պահին երեխայի բնակության վայրի, գույքի ձեռք բերման հետ կապված մանրամասները։
Պատասխանող կողմի բացակայելու պատճառով դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-169-րդ հոդվածների ուժով, ապացուցման բեռը դրեց հայցվոր կողմի վրա և հանձնարարեց մինչև հաջորդ դատական նիստը ներկայացնել հիմնավորումներ՝
- ամուսնության առկայության մասին,
- հարաբերությունների փաստացի խզված լինելու մասին,
- ալիմենտի մասով պատասխանող կողմի գույքային դրության մասին,
- երեխայի առկայության փաստի մասին,
- բնակարանի ձեռք բերված լինելու մասին,
- հայցվորի բնակարանային պայմանների, աշխատանքի առկայության, բավարար կենսապայմանների առկայության։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի մայիսի 11-ին, ժամը՝ 15։45-ին։