Տիգրան Հակոբյանի գործով դատավարությունը Տիգրան Հակոբյանի գործի մշտադիտարկումը (թիվ ԵԴ/0773/01/18 գործով 15.02.2023թ. դատական նիստը)

1169

Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Արմեն Քեյանի կազմակերպմամբ և նրա պատվերով Արամայիս Ջոմարդյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, Արմեն Քեյանի հրամանով 2013թ․ հունվար ամսին մեկնել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք։ Սպանության իրագործման նպատակով քննությամբ չպարզված ժամանակահատվածում և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2013թ․ փետրվարի 25-ն ապօրինի պահել «Մակարով» տեսակի  հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 7 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք օգտագործել է 2013թ․ փետրվարի 25-ին Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ՝ Արամայիս Ջոմարդյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ, սակայն, հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Արամայիս Ջոմարդյանն ինքնապաշտպանության նպատակով իր մոտ օրինական պահվող «WASP R» ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել Տիգրան Հակոբյանի ուղղությամբ, որի հետևանքով Տ․ Հակոբյանը դիմել է փախուստի․ իսկ Արամայիս Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց և ստացել բուժօգնություն։

24.04.2013թ. թիվ 2013497353 քրեական գործով որոշում է կայացվել Տիգրան  Հակոբյանին ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասի-105-րդ հոդվածի 2-րդ մասի <<Ժ>> և <<Զ>> կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չբացակայելու մասին և հայտարարվել է հետախուզում:
29.05.2013թ. Տ. Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է միջազգաին հետախուզում:
04.06.2013թ. որոշում է կայացվել Տ. Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։

04.06.2013թ. Տիգրան Հակոբյանը Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվել և ձերբակալվել է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Տիգրան Հակոբյանի նկատմամբ 40 օր ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է մասնակի և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում 30 օր ժամկետով:

Նախաքննության մարմնի 15.07.2016թ. որոշմամբ Տիգրան Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել է, վերջինիս կողմից ՌԴ տարածքում ենթադրյալ կատարված հանցանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերին, 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներին, որոշում է կայացվել Տ. Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նույն մարմնի կողմից 25.11.2016թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քրեական գործով վարույթը կասեցնելու մասին։

27.05.2018թ. Տիգրան Հակոբյանը Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/9 հասցեից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Նախաքննության մարմնի կողմից 28.05.2018թ. որոշում է կայացվել թիվ 69100216 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին։
Նույն մարմնի կողմից 28.05.2018թ. Տ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2018թ. որոշմամբ թիվ 69100216 քրեական գործով մեղադրյալ Տիգրան Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2/երկու/ ամիս ժամկետով։

Դատավոր Մ.Մելքոնյանի 22.10.2018թ. որոշմամբ թիվ ԵԴ/0773/01/18 քրեական գործն ընդունվել է վարույթ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.10.2018թ. որոշմամբ մեղադրյալի Տ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցը քննության առնելու վերաբերյալ որոշմամբ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ 26.10.2018թ. որոշմամբ թիվ ԵԴ/0773/01/18 քրեական գործը նշանակվել է դատական քննության։

17.06.2019թ. ԲԴԽ-43-Ռ-97 որոշմամբ դատավոր Մ.Մելքոնյանը գործուղվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
27.06.2019թ. ԵԴ/0773/01/18 քրեական գործը վերամակագրվել և 28.06.2019թ. հանձնվել է դատավոր Ա.Մաթևոսյանին։ 01.07.2019թ. որոշմամբ ԵԴ/0773/01/18 քրեական գործն ընդունվել է դատավոր Ա.Մաթևոսյանի վարույթ։

Առաջին ատյանի դատարանի 2019թ. հուլիսի 15-ի որոշմամբ Տիգրան Հակոբյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցն անձնական երաշխավորություն խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվել է: 11.09.2019թ. որոշմամբ պաշտպանների կողմից ներկայացված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորություն խափանման միջոցով փոխարինելու մասին բողոքը մերժվել է:

23.03.2020թ. որոշմամբ Տիգրան Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու և նրա նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու մասին բողոքը մերժվել է: 06.04.2020թ. որոշմամբ խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու, կամ գրավը թույլատրելի համարելու և գրավի ողջամիտ չափ սահմանելու բողոքը ևս մերժվել է:

15.06.2020թ. որոշմամբ գրավը թույլատրելի համարելու և գրավի ողջամիտ չափ սահմանելու բողոքը կրկին մերժվել է: 19.10.2020թ. և 14.04.2021թ.  նույնաբովանդակ բողոքները ևս մերժվել են:

Ուշագրավ է այն, որ մշտադիտարկման պահին ամբաստանյալը չէր ուղեկցվում ոստիկանական ծառայության կողմից, իսկ նիստից հետո անարգել դուրս եկավ նիստերի դահլիճից: Դատական տեղեկատվական կայքից հնարավոր չէ պարզել, թե ինչ խափանման միջոց է կիրառվել կամ երբ է խափանման միջոց կալանավորումը փոխարինվել այլ խափանման միջոցի:

Դատական նիստը սկսվեց 13 րոպե ուշ: Դատական նիստերի դահլիճը բացվելուց հետո դիտորդը ներկայացավ նիստերի քարտուղարին, խնդրեց հայտնել դատարանին դիտորդի կողմից լուսանկարահանում իրականացնելու մասին:

Դատական նիստը բացվելուց հետո քարտուղարը միայն դատարանին լսելի ձայնով ներկայացրեց դիտորդին: Դատարանը հայտարարեց, որ դատական նիստը դռնբաց է, և ցանկացած անձ կարող է ներկա գտնվել: Այդպիսով, դիտորդը չներկայացվեց դատավարության մասնակիցներին և նիստի ներկաներին և հնարավորություն չունեցավ լուսանկարահանում իրականացնել:

Դատարանը որոշեց ստանձնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածով դատական նիստերի քարտուղարի վրա դրված պարտականությունը և ինքը   ներկայացրեց նիստին ներկայացած կողմերին: Նիստին ներկա էին ամբաստանյալը, պաշտպանը և դատախազը:

Նախորդ դատական նիստին դատաքննության ավարտի մասին որոշում էր կայացվել, սակայն, դատախազը նիստի ընթացքում ներկայացրեց միջնորդություն՝ դատաքննությունը վերսկսելու մասին, քանի որ իր մոտ առկա էին էական նշանակություն ունեցող փաստեր, որոնք կարող էին դատավճռի կայացման վրա էական նշանակություն ունենալ: Դատարանը պաշտպանական կողմից ճշտեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը. պաշտպանական կողմն առարկություն չուներ միջնորդության վերաբերյալ: Միջնորդությունն ընդունվեց:

Մեղադրողը ներկայացրեց իր մոտ առկա փաստերը, որոնց դեմ պաշտպանական կողմը նույնպես չառարկեց:

Փաստերը ներկայացվելու հետո դատարանի կողմից դատաքննության ավարտի մասին որոշում կայացվեց, որից հետո մեղադրողը ներկայացրեց մեղադրական ճառը: Դատախազը պահանջեց 13 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկում, ինչպես նաև միջնորդեց ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել և արգելանքի վերցնել դատական նիստերի դահլիճից:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի փետրվարի 24-ին, ժամը՝ 16:30-ին:

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments