Հայցվոր Ռուբեն Աղայանը 18.11.2019թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հովսեփ Կարապետյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.11.2019թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
04.06.2020թ. հայցվոր Ռուբեն Աղայանի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որով հայտնել է, որ սույն հայցով պահանջ է ներկայացվել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, այն է՝ <<Ֆորդ-Տրանզիտ>> մակնիշի 25 US 643 պետական համարանիշի ավտոմեքենան վերադարձնել դրա սեփականատեր Ռուբեն Աղայանին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս հիշյալ ավտոմեքենան շահագործվում է անհայտ անձանց կողմից, որն առաջացնում է թե գույքի մաշվածություն և թե ֆինանսական պարտավորություն Ռուբեն Աղայանի համար: Մասնավորապես, ՃԵԿ խախտման համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ են կայացվում, որը կարող է հանգեցնել նաև տուգանային միավորների հանման, բացի այդ, տվյալ մեքենան, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, հանդիսանում է առավել վտանգի աղբյուր, որի շահագործմամբ պատճառված վնասի հատուցման պատասխանատու է նաև գույքի սեփականատերը: Միաժամանակ գտնում է, որ մեքենայի վիճակի վերաբերյալ տեղեկության բացակայության, ինչպես նաև այն, որ հնարավոր է մեքենան այլ կերպ վնասվի կամ թաքցվի, որով և անհնարին կլինի դատական ակտի կատարումը, անհրաժեշտ է հայցի ապահովման միջոցի կիրառումը: Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է պատասխանողին կամ այլ անձանց արգելել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող <<Ֆորդ-Տրանզիտ>> մակնիշի 25 US 643 պետական համարանիշի ավտոմեքենան որևէ եղանակով օգտագործել, շահագործել և նշված ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք:
Քանի որ դատական նիստը նախագահող դատավորը մինչև դատական նիստը սկսվելն արդեն իսկ գտնվում էր դատական նիստերի դահլիճում, ուստի, ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ նրան և լուսանկարահանման թույլտվություն խնդրեց, սակայն, դատավորն առարկեց՝ պատճառաբանելով, որ այդ պահին լուսանկարահանման համար իր արտաքին տեսքը հարմար չէ:
Դատական նիստին կողմերը չէին ներկայացել: Հայցվոր կողմի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, սակայն, միջնորդությանը չէր կցել լիազորագիր, իսկ գործում առկա լիազորագրի ժամկետն արդեն լրացել էր:
Քանի որ կողմերը չէին ներկայացել դատական նիստին, դատարանը որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 27.06.2023թ.-ին, ժամը՝ 11:00-ին: