Եվգենյա Սարգսյանի և Արշալույս Սարգսյանի՝ ծնողների ապրուստը հոգալու պահանջի մասին դատական նիստի մշտադիտարկումը (թիվ ՇԴ/5288/02/22 գործով 19.01.2023թ. դատական նիստը)

1164

Համահայցվորներ Եվգենյա Սարգսյանը և Արշալույս Սարգսյանը հայց են ներկայացրել ընդդեմ իրենց դստեր՝ Անի Սարգսյանի՝ ծնողների ապրուստը հոգալու պահանջի մասին։

Համահայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.09.2022 թվականի որոշմամբ վերադարձվել է:

Կրկին ներկայացված հայցադիմումը 07․10․2022թ․ վարույթ է ընդունվել։

19.01.2023թ․, ժամը՝ 11։35-ին, նշանակված էր նախնական դատական նիստ։

Քանի որ դատական նիստը նախագահող դատավորը մինչև դատական նիստը սկսվելն արդեն իսկ գտնվում էր դատական նիստերի դահլիճում, ուստի, ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ նրան: Նախագահող դատավորը նշեց, որ նիստը դռնբաց է և դիտորդին առանձին ներկայացնելու կարիք չկա։ Դիտորդի՝ դատական նիստը լուսանկարահանելու թույլտվություն  տալու խնդրանքը նիստը նախագահող դատավորը մերժեց հայցվորի ներկայացուցչի կողմից առարկելու պատճառով։

Այսկերպ, նիստը նախագահող դատավորը քաղաքացիադատավարական նոր պրակտիկա ձևավորեց, ինչը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի պահանջից, որը հստակեցնում է դատական նիստի կարգը՝ դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահից սկսած, որից հետո դատավորը բացում է դատական նիստը: Ըստ ընթացակարգի՝ դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ: Այսինքն՝ նիստը նախագահող դատավորը լուսանկարահանում իրականացնելու թույլտվության հարցին պետք է անդրադառնար ոչ թե մինչև դատական նիստի սկսվելը, այլ միմիայն դրանից հետո:

Դատական նիստին ներկա էին հայցվոր Եվգենյա Սարգսյանը և նրա ներկայացուցիչը։

Դատական նիստերի քարտուղարը նշեց, որ պատասխանող կողմին ուղարկվել է ծանուցում դատական նիստի մասին, սակայն, վերջինիս կողմից պատշաճ ծանուցված լինելու մասին որևէ փաստ գործում առկա չէ ։

Դատարանը, ելնելով այն հանգամանքից, որ պատասխանող կողմի՝ դատական նիստին չներկայանալը տեղի է ունեցել հարգելի պատճառով, հետևապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի ուժով որոշում կայացրեց գործի քննությունը հետաձգելու մասին:

Դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի կողմերին։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments