Բագրատ Հովհաննիսյանի գործով դատավարությունը Բագրատ Հովհաննիսյանի գործի մշտադիտարկումը (թիվ ՇԴ/0134/01/21 գործով 21.12.2022թ․դատական նիստը)

1139

Բագրատ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Մուրադյանի հետ նախնական համաձայնությամբ և իր ծանոթներ՝ Գյումրի քաղաքի բնակչուհիներ Արփինե Վարդանյանի և Ալիսա Գասպարյանի օժանդակությամբ ավազակություն՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակում կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի նոյեմբերի 21-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 6/1 շենքի 15 բնակարանի բնակչուհի Սեդա Գալստյանի բնակարան և որպես զենք օգտագործվող առարկաների՝ դանակների գործադրմամբ, վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պատճառելով վերջինին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, հափշտակել են ընդհանուր 289.351 ՀՀ դրամին համարժեք 575 ԱՄՆ դոլար գումար, 1000 ՀՀ դրամ արժողության սև գույնի դրամապանակ և դիմել փախուստի:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Բագրատ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը դատարանի 2021 թվականի հուլիսի 31-ի և գործը դատական քննության նախապատրաստելու մասին 2021 սեպտեմբերի 8-ի որոշումներով թողնվել է անփոփոխ:

Դատական նիստը սկսվեց 23 րոպե ուշացումով, դատավորի մեկ այլ դատական նիստ վարելու պատճառով։ Նախքան դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատարանին, հայտնեց լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին։

Նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկա գտնվող կողմերին, որից հետո նախագահող դատավորը ներկայացրեց ՄԻՄՀ դիտորդին, կողմերից ճշտեց՝ արդյոք դեմ չեն լուսանկարահանմանը, որին մեղադրող կողմն առարկեց, իսկ պաշտպանական կողմը՝ ոչ։

Նիստին ներկայացած մեղադրողը՝ Ա․Պետրոսյանը փոխարինում էր հիմնական մեղադրողին, սակայն, դատարան լիազորագիր չներկայացրեց, պատճառաբանելով, որ շտապողականության պատճառով մոռացել է լիազորագիրը վերցնել իր հետ։ Դատավորը պաշտպանական կողմից ճշտեց, արդյոք որևէ խնդիր տեսնում է պաշտպանական կողմը լիազորագիրը տվյալ պահին չներկայացնելու մեջ, որին ի պատասխան պաշտպանը չառարկեց։

01.07.1998թ․ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է: Նույն օրենսգրքի 306-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Գործին նոր ընդգրկված դատախազին տրամադրվում է նախապատրաստվելու և մեղադրանքը պաշտպանելու համար անհրաժեշտ ժամանակ: Լիազորագրի բացակայության արդյունքում պարզ չդարձավ, արդյոք Ա․Պետրոսյանն էր իրականում լիազորված դատախազը։

Մեղադրող Ա․Պետրոսյանը կարդաց մեղադրական ճառը, որից հետո խոսքը տրվեց պաշտպանական կողմին ելույթի համար։ Նախագահող դատավորը պաշտպանի ելույթից հետո վերջին խոսքի իրավունք տվեց ամբաստանյալին, ով ևս օգտվեց իր դատավարական իրավունքից։

Դատարանը 10 րոպե ընդմիջումից հետո  հրապարակվեց դատավճիռը, Բագրատ Հովհաննիսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։

 

5 1 vote
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments