2022 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ հայցի «Դ․Ա․Ն. ՇԻՆ» ՍՊԸ-ի ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ա. Մալխասյանի 18.10.2022թ. որոշումը՝ «Դ.Ա.Ն. ՇԻՆ» ՍՊԸ-ն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ։
Դատական նիստը սկսվելուց հետո նիստերի քարտուղարը ներկայացրեց դատավարությանը ներկայացած մասնակիցներին՝ պատասխանողի ներկայացուցչին։ Հայցվոր կողմը համապատասխան ձևով ծանուցվել էր դատական նիստի մասին, սակայն, առանց հարգելի պատճառի, չեր ներկայացել դատավարությանը։
Դատարանը չներկայացրեց դատական նիստերի դահլիճում գտնվող ՄԻՄՀ դիտորդին, ով մինչև դատական նիստի սկսվելը ներկայացել էր դատական նիստերի քարտուղարին և հայտնել լուսանակարահանում իրականացնելու ցանկության մասին։
Դատարանը ճշտեց պատասխանող կողմի դիրքորոշումը՝ հայցվոր կողմի բացակայությամբ գործի վարույթը շարունակելու վերաբերյալ։ Պատասխանողի ներկայացուցիչը համաձայնեց շարունակել գործի վարույթը հայցվոր կողմի բացակայությամբ:
Դատարանը ճշտեց, թե արդյոք պատասխանող կողմը ծանոթ է հայցին և գործի նյութերին։ Պատասխանողի ներկայացուցիչը հաստատեց, որ ծանոթ է հայցին և նյութերին։
Դատարանը հակիրճ ներկայացրեց հայցը։ Ըստ ներկայացված հայցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կողմից կազմակերպվել է գնման ընթացակարգ, որին մասնակցել է նաև հայցվորը։ Հայտերի բացման գործընթացի ժամանակ հայցվորի հայտի մեջ հայտնաբերվել են անհամապատասխանություններ, որոնց շտկման համար հայցվորին տրվել է 1(մեկ) աշխատանքային օր ժամանակ։ Շտկումները կատարվել են, սակայն, ի հայտ են եկել նոր անհամապատասխանություններ՝ կապված բերված փաստաթղթերի ստորագրությունների հետ, մասնավորապես, փաստաթղթերը ստորագրվել են կոնսորցիումի մյուս գործընկերոջ կողմից, որը չի ունեցել նման լիազորություն։ Արդյունքում «Դ․Ա․Ն․ ՇԻՆ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող նորմերը՝ «Դ․Ա․Ն․ ՇԻՆ» ՍՊԸ-ն ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Պատասխանողի ներկայացուցիչը, ՀՀ քաղաքացիական դատավարության 168-րդ հոդվածի համաձայն, միջնորդություն ներկայացրեց՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ։ Հայցվորը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառվելու որոշման մասին էլ․ փոստի միջոցով ծանուցվել է 18․10․2022-ին, իսկ հայցը դատարան ներկայացվել է 30․11․2022-ին։ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու մասին որոշումը բողոքարկելու հայցային վաղեմության ժամկետը 30 օրացուցային օր է։
Դատարանը նշված ամսաթվին հայցվորի ծանուցման փաստի ապացուցման պարտավորությունը դրեց պատասխանող կողմի վրա։ Վերջինս պարտավորվեց 1(մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ապացույցը ներկայացնել դատարանին։
Դատարանը գործի քննությունը հայտարարեց ավարտված և դատական ակտի հրապարակման օր նշանակեց 2023 թվականի հունվարի 10-ը։