Թիվ 267 հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին մշտադիտարկումը (թիվ ԵԴ/46248/02/22 գործով 20․12․2022թ. դատական նիստը)

1233

2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի 2-րդ նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ դիմումի Նունե Ժամկոչյանի ընդդեմ <<Շտապօգնություն>> ՊՓԲԸ-ի՝ «Նունե Ժամկոչյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 267 հրամանն անվավեր ճանաչելու և իրեն նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի վերաբերյալ։

Դատական նիստը սկսվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատավարությանը ներկայացած մասնակիցներին՝ հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներին: Դատարանը սահմանված կարգով ներկայացրեց ՄԻՄՀ դիտորդին և լսելով կողմերի կարծիքը՝ դիտորդին թույլ տվեց իրականացնել դատական նիստի ընթացք լուսանկարահանում:

Դատարանը կողմերին առաջարկեց ներգրավել լրացուցիչ ապացույցներ։ Հայցվոր կողմը հանդես եկավ հայտարարությամբ, որ աշխատանքից ազատման մասին ծանուցման ժամկետը պատասխանողի կողմից չի պահպանվել, և հետևապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի պահանջով, հայցվոր կողմն ակնկալում է աշխատանքից ազատման ծանուցման ժամկետների բացթողման դեպքում պատասխանողի կողմից տուժանքի վճարում։

Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով (Trgon v. Croatia, 2009 թվականի հունիսի 11-ի վճիռ, 44 կետ) ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն` նշված կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը: Այսինքն՝ եթե Նունե Ժամկոչյանի աշխատանքից ազատումը ճանաչվի անօրինական, վերջինս կարող է տուժանք պահանջել գործատուից։

Ըստ պատասխանող կողմի՝ հայցվորը չի ունեցել աշխատանքային կանոնակարգով նախատեսվող աշխատակցի մասնագիտական որակները։ Պատասխանողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց «Շտապօգնություն» ՊՓԲԸ-ի աշխատանքային կանոնակարգը։ Միաժամանակ, միջնորդեց հայցվորին հրավիրել  դատարան և մասնագետի միջոցով ստուգել վերջինիս մասնագիտական ունակությունները։ Դատարանը մերժեց միջնորդությունը, քանի որ քաղաքացիադատավարական ոչ մի դրույթով չի կարող պարտավորեցնել հայցվորին ներկայանալ դատարան, նամանավանդ, երբ հայցվորը չի

ցանկանում ներկայանալ դատական նիստերին:

Դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին։

Հայցվոր կողմն ամբողջությամբ պնդեց իր պահանջները։ Հայցվորի ներկայացուցիչը հանդես եկավ ամփոփ ելույթով, մասնավորապես, նշեց, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մինչդեռ, թիվ 267 հրամանում վրիպակի ուղղում է կատարվել ոչ թե մեկ այլ հրամանով, այլ գրությամբ։ Նա նաև նշեց,որ հայցվորը այդ հաստատությում աշխատել է ավելի քան 40 տարի, հետևաբար, ենթադրվում է, որ հայցվորը ունի համապատասխան մասնագիտական ունակությունները։

Պատասխանող կողմը հաստատեց, որ ընդունում է հայցվորի պահանջները։ Պատասխանողի ներկայացուցիչը նույնպես հանդես եկավ ամփոփ ելույթով՝ նշելով, որ  ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուժով՝ աշխատակցի մասնագիտական ունակությունները անբավարար գնահատելու դեպքում գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ գործատուի և աշխատակցի միջև հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում, դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում՝ փոխարենը պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի համար վճարել հատուցում։

Հայցվորի ներկայացուցիչը առարկեց՝ պնդելով, որ Եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը չպետք է աշխատանքից ազատվի առանց պատշաճ հիմնավորման։ Նաև հավելեց, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը վիճարկվող անհատական ակտը ճանաչվում է անվավեր,եթե դրանում նշված չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական կամ իրավական հիմքը։

Դատարանը հետազոտեց ապացույցները։Ապացույցները հետազոտելուց հետո ավարտեց գործի քննությունը։

Վճռի հրապարակման օր նշանակվեց դեկտեմբերի 30-ը, ժամը՝ 17։00-ն։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments