19.10.2022թ. Յուղաբեր Գալստյանի կողմից ներկայացվել է դիմում՝ Գևորգ Գալստյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, ով հանդիսանում է Յուղաբեր Գալստյանի թոռը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Գևորգ Գալստյանին տրամադրվել էր հանրային պաշտպան։
13.12.2022թ․, ժամը՝ 12։30-ին, նշանակված էր նախնական դատական նիստ։ Սակայն, դատական նիստը բացվեց միայն ժամը 12։47, քանի որ նիստը նախագահող դատավոր Կիմա Արզումանյանն այլ նիստ էր վարում։
Քանի որ դատավորն արդեն իսկ գտնվում էր նիստերի դահլիճում, ուստի, ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատավորին, հայտնեց նիստը դիտարկելու ցանկության մասին, իսկ դատավորը նշեց, որ նիստը դռնբաց է, և դիտորդին առանձին ներկայացնելու կարիք չկա։
Դատական նիստին ներկա էին հայցվոր կողմի ներկայացուցիչը, Գևորգ Գալստյանի ներկայացուցիչը և Գյումրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը։
Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Մխիթարյանի /ով նաև բուժող բժշիկն է/ կողմից տրամադրված տեղեկանքն առ այն, որ Գևորգ Գալստյանը 21․07․2022 թվականից գտնվում է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժման մեջ, և նրա հոգեկան վիճակը թույլ չի տալիս մասնակցել 13․12․2022թ․, ժամը՝ 12։30-ի դատական նիստին, քանի որ հիվանդի մոտ հայտնաբերվել է ցնորքային մեծամոլություն, զառանցանքային մտքեր և բարձր տրամադրություն։ Նաև բանավոր տեղեկացրեց, որ տեղափոխման ընթացքում հնարավոր է հիվանդը դիմի փախուստի, այդ իսկ պատճառով միջնորդեց առաջնորդվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի պահանջով՝ ելնել Գ. Գալստյանի առողջական վիճակից և դատական նիստն անցկացնել արտագնա՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը, դատական նիստը հետաձգել, քանի որ դատական նիստին ներկա չէր Գևորգ Գալստյանը:
Դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի կողմերին։