Անչափահաս Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. մարտի 27-ին, ժամը՝ 14:30-ի սահմաններում, իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառներով, Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Դադրայանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, եկել է Գյումրի քաղաք և, մոտենալով Երևանյան խճուղու 135ա շենքի 1-ին հարկում տեղակայված մթերային խանութների աշխատակիցներին և նույն շենքի բնակիչներին, ցուցադրել է իր բջջային հեռախոսի մեջ առկա Գ. Դադարյանի լուսանկարը, ապա տեղեկություններ ստանալով նրա բնակության հասցեի վերաբերյալ՝ գնացել է հիշյալ շենքի 4-րդ հարկում գտնվող Գ. Դադարյանի բնակարանի մուտքի դռան մոտ, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու պատրվակով տանից դուրս է կանչել և աստիճանների վրա իր հետ նախապես վերցված սուր կտրող-ծակող գործիքով՝ ծալովի դանակով, ապօրինաբար Գ. Դադարյանին կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ հարվածել է նրա կրծքավանդակին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ Դ. Վարդանյանը դեպքի վայրից դիմել փախուստի:
2021 թվականի մարտի 30-ի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Դավիթ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ մեղադրյալ Դավիթ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ: 08․10․2021 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել խափանման միջոցը կալանավորումը փոխարինել գրավով, սակայն, վերաքննիչ բողոքը մերժվել է։
Դատական նիստը սկսվեց 16 րոպե ուշացումով, դատավորի մեկ այլ դատական նիստ վարելու պատճառով։ Նախքան դատական նիստի բացվելը ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատարանին, հայտնեց լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին։
Նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկա գտնվող կողմերին, որից հետո նախագահող դատավորը ներկայացրեց ՄԻՄՀ դիտորդին, կողմերից ճշտեց արդյոք դեմ չեն լուսանկարահանմանը, որին կողմերը չառարկեցին։
Դատարանը ներկայացրեց ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, որով վերջինս միջնորդում էր կրկնակի հարցաքննել դատական բժշկին, քանի որ, ըստ պաշտպանական կողմի, առկա են էական անհամապատասխանություններ գործում եղած առկա տվյալների և բացահայտված նոր տեղեկությունների միջև, որոնցից են, օրինակ, տուժողի մահվան վրա հասնելու ժամը և բուժօգնության տրամադրման ժամը, որը տեղի է ունեցել դեպքից գրեթե 40 րոպե անց։ Միջնորդվում էր նաև հարցաքննել տաքսու վարորդին, ում հետ ամբաստանյալը Երևանից եկել է Գյումրի։ Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ այն մասով, որ դատաբժշկի հարցաքննությունն արդեն տեղի ունեցել է, հետևապես, կրկնակի հարցաքննության կարիք չէր տեսնում, ուստի առաջարկեց մերժել միջնորդությունը։ Դատարանը, առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումների պատճառաբանված լինելու պահանջով, որոշեց միջնորդությունը բավարարել։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը՝ 16։30-ին։