Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորել է իշխանության անգործություն:
Բացի այդ, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 02.03.2022թ. գործն ընդունել է վարույթ։ Դատական առաջին նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն՝ տարածքային ընդդատությունը փոխելու և քրեական գործն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Միջնորդությունը դատարանի կողմից բավարարել է։
25.04.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը գործն ընդունել է վարույթ:
Հերթական դատական նիստը նշանակված էր 08.12.2022թ., ժամը՝ 12։30-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում։
Հաշվի առնելով գործի հնչեղությունը և տուժող կողմի իրավահաջորդների բարոյահոգեբանական վիճակը՝ դատարանի մոտակայքում հերթապահություն էին իրականացնում ոստիկանները՝ ապահովելով նիստի հանրային, մասնավոր և օժանդակ մասնակիցների անվտանգությունը։
Կարգադրիչը նիստի ներկաներին տեղյակ պահեց, որ դատական նիստը բացվելու է ուշացումով, քանի որ նիստերի դահլիճը զբաղված է. կայանում էր այլ դատական նիստ։ Դատական նիստերի դահլիճը բացվեց 27 րոպե ուշացումով՝ 12։57։
Դատարանի կարգադրությամբ դատական նիստերի քարտուղարը դատարանին ներկայացրեց դատավարության մասնակիցներին, սակայն, չներկայացրեց ՄԻՄՀ/ ISHR, դիտորդին, ով մինչ դատական նիստի սկսվելը` նիստերի քարտուղարին տեղյակ էր պահել դիտորդական առաքելություն իրականացնելու և լուսանկարում իրականացնելու ցանկության մասին։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ դատական նիստի ընթացքում դատական նիստի լուսանկարահանումը, տեսանկարահանումը կամ հեռարձակումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում (տվյալ դեպքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք): Հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի կարգավորում դատական նիստը լուսանկարելու կարգը, ինչը ստեղծում է իրավական սահմանների լղոզում։
Գործով վկա էր Արթուր Քարամյանը, ով հանդիսացել է ամբաստանյալի վերադասը։ Դատավորը վկային տեղեկացրեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով նախատեսված վկայի իրավունքներին ու պարտականություններին։
Վկայի առաջին ցուցմունքը չէր համապատասխանում նիստի ժամանակ վկայի տված ցուցմունքին։ Մասնավորապես, վկան հստակ չէր հիշում դեպքերի ժամանակագրությունը, ամբաստանյալ Վահանյանի հետ ունեցած իր հեռախոսազրույցները և կապի այն միջոցները, որոնցով վկան և ամբաստանյալը պատերազմական գործողությունների ժամանակ կապ էին հաստատել միմյանց հետ: Վկան դատարան էր ներկայացել դատարանի որոշմամբ։
Հարցաքննությունը սկսեց դատարանը՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցաքննության հերթականության կարգը, համաձայն որի՝ վկային առաջին հերթին հարցաքննում է մեղադրանքի կողմը, ապա պաշտպանության կողմը, այնուհետև դատարանը։
Դատական նիստի ժամանակ տուժող կողմի իրավահաջորդները, առանց դատարանի թույլտվության, հարցեր էին ուղղում գործով վկային, սակայն, դատավորը, առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով, նրանց նկատմամբ հայտարարեց նկատողություն։
Դատարանը ժամը 14։06-ին հայտարարեց 10 րոպե ընդմիջում, սակայն, նիստը սկսվեց 10 րոպե ուշացումով։ Դատարանը շարունակեց դատաքննությունը, վկային հարցեր ուղղեցին դատախազը և տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները։
Դատարանը ժամը 15։49-ին կրկին հայտարարեց ընդմիջում 10 րոպեով։
Դատարանը շարունակեց դատական նիստը՝ մինչև ժամը 17։45։
Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան սահմանում է արդար դատաքննության իրավունքը՝ պահանջելով, որ գործերը քննվեն «ողջամիտ ժամկետում»: Կոնվենցիան ընդգծում է առանց ձգձգումների արդարադատության իրականացման կարևորությունը։ Ձգձգումները կարող են վնասել արդյունավետությունն ու օբյեկտիվությունը (Հ.-ն ընդդեմ Ֆրանսիայի, 1989, § 58, Քեյթ Կլիտշե Դե Լա Գրենջեն ընդդեմ Իտալիայի, 1994, § 61)։ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետը պարտավորեցնում է պայմանավորվող պետություններին այնպես կազմակերպել իրենց իրավական համակարգերը, որպեսզի դատարաններն կարողանան ապահովել իրենց տարբեր պահանջների իրականացումը։
Վերոնշյալից պարզ է դառնում, որ դատարանը գործել է համապատասխան Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիաի 6-րդ հոդվածի պահանջի։ Դատական նիստի տևողությունը (249 րոպե) փաստում է, որ դատարանի կողմից պահպանվում է գործի քննության «ողջամիտ ժամկետը»։
Հաշվի առնելով տուժող կողմի իրավահաջորդների բարոյահոգեբանական վիճակը և հնարավոր բախումները բացառելու նպատակով՝ դատարանն առաջնորդվեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 981-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով՝ ապահովելով պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին(սույն պարագայում՝ դատարան) ներկայանալու անվտանգությունը։
Ուշադրության արժանի էր նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի պաշտպանը, ով գործում ներգրավված էր Հանրային պաշտպանի գրասենյակից, ամբողջ նիստի ժամանակ լուռ էր, չներկայացրեց առարկություններ, միջնորդություններ, հարցեր չուղղեց վկային։ ՄԻԵԴ դիրքորոշմամբ, կողմին ներկայացնելու համար իրավաբան նշանակելն ինքնին չի երաշխավորում արդյունավետ պաշտպանություն (Սիատկովսկան ընդդեմ Լեհաստանի, 2007, §§110 և 116):»
Դատարանը վերահաստատում է, որ նշանակված իրավաբանին կարող են երկար ժամանակ թույլ չտալ իրականացնել իր գործառույթները կամ էլ նա կարող է խուսափել իր գործառույթներն իրականացնելուց։ Իրավիճակին ծանոթ լինելու դեպքում ներպետական մարմինները պետք է փոխարինեն իրավաբանին, եթե նրանք դա չանեն, կողմը գործնականում կզրկվի արդյունավետ պաշտպանության հնարավորությունից՝ չնայած իրավաբանական օգնությունը նախատեսող դրույթի առկայությանը (Բերտուզին-ն ընդդեմ Ֆրանսիայի, 2003, § 30)»:
Դատարանը ՀՀ քրեական դատավարության 153-րդ հոդվածի 1-ի ուժով` առանց հարգելի պատճառի, դատական նիստին չներկայացած վկաներին բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց, որից հետո դատական նիստը հայտարարեց փակված: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 12։30-ին։