
<<Մարդու իրավունքների միջազգաին հանրություն>> հասարակական կազմակերպության հարցազրույցը ՀՀ Աշխատանքի առողջապահական տեսչության՝ Աշխատողների առողջապահության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ՝ Աշոտ Հարությունյանի, գլխավոր մասնագետ Ալվարդ Արշակյանի և առաջատար մասնագետ Ստեփան Շահումյանի հետ
Ցանցային առևտրի կետերում աշխատողների աշխատանքային պայմանների նկատմամբ կառույցի կողմից իրականացվող գործողությունների և ընդհանուր առմամաբ տեսչական մարմնի դերակատարության մասին՝ աշխատողների իրավունքների պաշտպանության գործում
Սուպերմարկետների և ցանցային առևտրի կենտրոնների աշխատաողների աշխատանքային պայմանների մասին մեր կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության արդյունքում՝ տեսչական մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, հայտարարությունը կատարվել է զուտ մեր կողմից փոխանցված տվյալներով, թե՝ սեփական և այլ հետազոտությունների արդյունքում։
Ալվարդ Արշակյան— Տեսչական մարմնի նպատակներից մեկը աշխատողների առողջության պահպանումը և անվտանգության ապհովումն է, սակայն տեսչական մարմինը օրենքով իրեն վերապահված նպատակին հասնելու համար ոչ միայն վարչական վարույթներ է հարուցում, բնականաբար, այս պահին ստուգումներ իրականացնելու իրավասություն չունի, այլ իրականացնում է նաև կանխարգելիչ գործողություններ, մասնավորապես, տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպում է սեմինարներ:
Տեսչական մարմնի կողմից, առևտրի և ծառայությունների ոլորտում (ցանցային առևտրի կենտրոններում) աշխատանքի վնասակար պայմանների վերաբերյալ Ձեր ահազանգից ելնելով, աշխատողների աշխատանքային պայմաններին առնչվող իրավական ակտերի պահանջների վերաբերյալ պատրաստվել և տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է իրազեկման նյութ:
Ցանցային առևտրի կենտրոնների աշխատողների համար կազմակերպվել են նաև սեմինարներ, որոնց ընթացքում մենք ներկայացրել ենք այն իրավական ակտերի պահանջները, որոնց կատարումը պարտադիր է, այսինքն այն իրավական ակտերի պահանջներն ենք ներկայացրել, որոնց կատարումը կբերի աշխատողների առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովմանը։ Սակայն Ձեր կողմից տրամադրված նյութում հիմնականում ընդհանուր էր նշված, բացառությամբ մեկ երկու դեպքի:
Մեր համագործակցությունը արդյունավետ է նաև նրանով, որ իրականում Ձեր կողմից բարձրացվում են խնդիրներ, որոնք ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքում են ի հայտ գալիս, որոնց հնարավորությունը այս պահին տեսչական մարմինը, ըստ էության, չունի։ Ուսումնասիրություններ անցկացնելու և խնդիրները բացահայտելու ընթացակարգեր սահմանված չեն ու հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ բնականաբար մեր գործառույթներին առնչվող, տեսչական մարմնին բավականին օժանդակություն է տալիս։
Մենք այժմ արդեն իրականացրել են ութ առևտրի ցանցային կենտրոնների ուսումնասիրությունը, որը շուտով կհրապարակենք, և այն հասանելի կլինի համացանցում։
Աշոտ Հարությունյան- տեսչական մարմնի նպատակը անվտանգության՝ օրենսդրության պահանջների ապահովումն է, խնդիրները՝ մի քանիսն են՝ ռիսկերի կառավարումը, օրենքների, այլ նորմատիվ ակտերի պահպանման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, այսինքն տեսչական մարմնի գաղափարախոսության մեջ դրված է երկու կոնցեպտուալ հարց՝ վերահսկողություն և կանխարգելիչ գործունեություն։ Այժմ տեսչական մարմինների, վերահսկողական մարմինների այդ օրենքին համապատասխան, առանցքային դերը օրենքով նախատեսված՝ կանխարգելիչ սեմինարների, խորհրդատվությունների, տեղեկատվական թերթիկների, իրազեկուման միջոցառումների իրականացումն է, իսկ մյուս վերահսկողության մեխանիզմը, այսօր չկա։ Միևնույն ժամանակ վարչարարության հիմունքների վարչական վարույթների մասին օրենքը բավականին կոնկրետ պահանջներ է ներկայացնում այն տեղեկատվությանը, դիմումին, մասնավորապես դիմումին, որի հիման վրա պետք է վարույթ հարուցվի։
Այսօրվա , ձեր կողմից ստացված, տեղեկատվությունը հավաստի է, անձամբ մենք չենք կարող այդ հետազոտությանը մասնակցել, մենք չենք կարող հարցեր տալ ճշտել, մենք կարող ենք տեղեկատվությունը ուսումնասիրել՝ միևնույն ժամանակ, ինքը տեղեկատվությունը պետք է պարունակի խնդիրը ամբողջությամբ և մենք պատրաստակամ ենք հետագայում էլ Ձեր տեղեկատվության համաձայն մինչև վերջ այս աշխատանքները տանել, մեկ անգամ ևս հաստատում ենք, որ մենք պատրաստակամ ենք մինչև վերջ էս ուղղությամբ այս աշխատանքները տանել։ Այսօր տեսչական մարմինը, իր կանխարգելիչ գործողությունը, ընդ որոում շատ համակարգված անում է, սկսել ենք մեծերից՝ ցանցային խանութներից, միևնույն ժամանակ մեխանիզմ է լինելու ոչ ցանցային խանութներին տեղում հրավիրենք և իրականացնենք մեր տեղեկատվական գործունեությունը։ Այս մեխանիզմը, տեղեկատվություն թե խորհրդատվություն տրամադրելը, ունի կանխարգելիչ բնույթ։ Գործատուներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկում կատարելը հենց մտնում է մեր իրավասությունների մեջ, բացատրական աշխատանքներ տանելը։ Չենք կասկածում, որ իրենք գիտեն օրենսդրությունը, բայց մենք մեր պարտականությունը իրականացնում ենք և ասում ենք՝ ձեր տնտեսական գործունեության ասպարեզում, մենք ըստ ստացված տեղեկատվության, դա էլ գաղտնի չենք պահում, նշմարվում են այսպիսի խախտումներ, դրա համար ձեր պարտականությունն է այս այս այս և ներկայացվում է իրավական ակտերով նախատեսված դրույթները։ Այսօր եթե մեր ուղղությունը դա է, չի նշանակում, որ հետագայում տեղեկատվությունը կոնկրետ ստանալու, ինֆորմացիան ամբողջանալու դեպքում, չի բացառվում, որ տեսչական մարմինը, քանի որ դա հայեցողական լիազորություն է, իր նախաձեռնությամբ կարող է և վարչարարություն իրականացնել, որը իր ընթացակարգով կընդգրկի իր ողջ պրոցեսը, որը նակարագրեց տիկին Արշակյանը։
Տեսչական մարմինը ունի իրազեկման կառուցվածքային ստորաբաժանում, որը լրջագույնս մանրակրկիտորեն ուսումնասիրում է տեղեկատվական դաշտը, մենք փաստորեն ստացել ենք <<Մարդու իրավունքների միջազգային հանրություն>> ՀԿ նախնական հետազոտությունների արդյունքներով ստացված տեղեկատվությունը, որը տեսչական մարմինը ուսումնասիրել է, վերլուծել է, պլանավորել է և իրականացնում է խորհրդատվական տեղեկատվական գործողությունները ցանցային սուպերմարկետներում, որը իրականացնելու է նաև առևտրի բնագավառի այլ կետերում տնտեսվարող սուբյեկտների և գործատուների համար։ Մենք այս գործառույթը սկսել են Ձեր կազմակերպության տրամադրած հավաստի տեղեկատվության հիման վրա։
Իսկ ընդհանրապես, Ինչ ֆունկցիա և լիազորություններ ունի տեսչական մարմինը
Ալվարդ Արշակյան-Տեսչական բարեփոխումների ընթացքում, ինչպես գիտեք, աշխատանքի պետական տեսչությունը միացավ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը: Մինչև 2015 թվականի հունվարի 9-ը միաձուլման ձևով վերակազմակերպված ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը, հանդիսանում էր Աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը և ուներ բոլոր լիազորությունները և իրավասությունները, ինչ ուներ Աշխատանքի պետական տեսչությունը։ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտավ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը և միաժամանակ ուժը կորցրած ճանաչվեց նաև Աշխատանքի պետական տեսչության մասին օրենքը։ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու արդյունքում ուժը կորցրած ճանաչվեց աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածը, համաձայն որի Աշխատանքի պետական տեսչությունը աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող բոլոր իրավական ակտերի նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն էր իրականացնում։ Փոփոխություններից հետո, արդեն 2015 թվականի հունիսին, փոփոխություն կատարվեց նաև մեր՝ Առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կանոնադրության մեջ, որի արդյունքում տեսչությանը վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակը փոխվեց, եթե մինչ փոփոխությունը, ամբողջական վերահսկողություն էր իրականացնում աշխատանքային օրենսդրության նկատմամբ, փոփոխությունից հետո տեսչությանը վերապահվեց միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողությունը: Դրանից հետո 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 444-Ն որոշմամբ ստեղծվեց Առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը։ Անցած տարվա հունիսի 11-ի 755-Լ որոշմամբ այս մարմինը վերակազմակերպվեց և արդեն դարձավ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, վարչապետի 2018 թվականի 755-Լ որոշմամբ հաստատվեց մարմնի կանոնադրությունը։ Այս գործող կանոնադրությամբ, ըստ էության, տեսչական մարմնի լիազորությունների շրջանակը չփոխվեց, մնաց նույնը, փոխվեց միայն կարգավիճակը, Առողջապահական տեսչական մարմինը այդ որոշման համաձայն դարձավ կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
Տեսչական մարմնի լիազորությունները, նպատակներն ու խնդիրները այդ որոշմամբ են սահմանված, կոնկրետ նշված է՝ թէ ինչ գործառույթներ ունի տեսչական մարմինը՝ աշխատողների առողջության և անվտանգության պահպանման բնագավառում, այդ լիազորությունների շրջանակը վերաբերում է հիմնականում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովմանը առնչվող իրավական ակտերի կիրարկման նկատմամբ վերահսկողությունը, բացառություն է կազմում միայն մինչև 18 տարեկան աշխատողների, հղի կանաց և երեխա խնամողների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների շրջանակը, եթե մյուս աշխատողների մասով, բացի այս նշած կատեգորիայից, միայն առողջության պահպանման ու անվտանգության պահպանման նկատմամբ է վերահսկողություն իրականացվում, այս խմբի մասով, ըստ էության, վերահսկողությունը ներառում է օրենսդրությամբ սահմանված բոլոր երաշխիքները:
Ինչ լծակներ կամ պատժամիջոցներ ունի տեսչական մարմինը օրենքը խախտած գործատուի նկատմամբ
Ալվարդ Արշակյան- ԱԱՏՄ-ն, ինչպես և բոլոր տեսչական մարմինները և ՀՀ—ում ստուգումներ իրականացնող մարմինները, բացառությամբ ֆինանսների նախարարության, ստուգումները իրականացնում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով, որը ենթադրում է ոչ միայն ռիսկայնությունը որոշող չափորոշիչների սահմանում, այլև ստուգաթերթերի հաստատում կառավարության կողմից ու բոլոր ստուգող մարինները ստուգումները պետք է իրականացնեն ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ու ստուգաթերթերի հիման վրա։ Տեսչական մարմնի կողմից կառավարության երկու որոշումների նախագծերը մշակվել են, սակայն դրանք դեռ նախագծի տեսք ունեն և չեն հաստատվել, և քանի դեռ կառավարության կողմից չեն հաստատվել, տեսչական մարմինը ստուգումներ իրականացնելու իրավասություն չունի։ Սակայն տեսչական մարմինը, որպես վարչական մարմին, վարչական վարույթներ հարուցելու իրավասություն ունի: Վարչական վարույթների հարուցման հիմքերը, վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման, վարչական ակտի կատարումն ապահովելու ընթացակարգերը սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ու տեսչական մարմինը, ղեկավարվելով վկայակոչված օրենքով, հարուցում է վարչական վարույթներ։ Վարչական վարույթները հարուցվում են դիմում-բողոքների հիման վրա։ Վարչական վարույթներ կարող են հարուցվել նաև վարչական մարմինների նախաձեռնությամբ, եթե իր գործառույթների շրջանակներին առնչվող խնդիրներ է բարձրացվում, օրինակ՝ լրատվամիջոցներով։ Վարչական վարույթի հարուցման արդյունքում վարչական մարմնի կողմից, եթե խախտում է հայտնաբերվում, ընդունվում է վարչական ակտ։ Մասնավորապես, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում հարուցված վարչական վարույթի արդյունքում, եթե հաստատված է համարվում, որ կա աշխատողների առողջությանը և անվտանգությանն առնչվող իրավական ակտերի պահանջների խախտումներ, տեսչական մարմնի կողմից տրվում է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու վերաբերյալ, այդ կարգադրագրով նաև սահմանվում է այն ժամանակը, որի ընթացքում այդ խախտումները պետք է վերացվեն։ Եթե խախտումները չեն վերացվում կամ տրված կարգադրագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն տեսչական մարմնին չի ներկայացվում, տեսչական մարմինն իրավունք ունի վարչական ակտի կատարումն ապահովել հարկադրանքի միջոցներ կիրառելու միջոցով: Հարկադրանքի միջոցները նույնպես սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Տեսչական մարմինն օրենքով սահմանված հարկադրանքի միջոցներից կիրառում է տուգանքը, ընդ որում, պարտավոր անձը հարկադրանքի միջոցների կիրառման մասին պետք է նախապես նախազգուշացվի: Միաժամանակ, տեսչական մարմինը նախազգուշացումը կարող է կրկնել այնքան ժամանակ, մինչև վարչական ակտն ի կատար ածվի, սակայն եթե, այնուամենայնիվ, կարգադրագրի պահանջները չեն կատարվում, տեսչական մարմինը կարող է նշանակել տուգանք, ինչի չափերը ևս սահմանված են այդ օրենքով։ Այսինքն տեսչական մարմինը իր կողմից ընդունված վարչական ակտի կիրարկումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված ընթացակարգերի միջոցով հասնում է իր նպատակին։
Առևտրի ոլորտի աշխատողները կառավարության համապատասխան որոշմամբ, պետք է անցնեն նախնական և ընթացիկ բուժ զննություն՝ գործատուի հաշվին, ինչ վերահսկողության մեխանիզմներ, կամ տեղեկատվություն կա:
Ինչ վերաբերում է կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմանը, նշված որոշման մեջ հստակ նշված են այն ոլորտները և նշված ոլորտների այն աշխատողները, ովքեր բնակչության առողջության պահպանման նպատակներից ելնելով, պետք է անպայման անցնեն առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն: Կարգի նկատմամբ վերահսկողություն է իրականացվում և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և տեսչական մարմնի կողմից, ընդ որում կարգով է սահմանված այդ մարմինների լիազորությունների շրջանակը: Մասնավորապես, զննության վերաբերյալ սանիտարական գրքույկի առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իսկ եթե աշխատողները նախնական և պարբերական բժշկական զննության չեն ենթարկվել, կամ եթե աշխատողների մոտ ախտորոշվել է կագով սահմանված հիվանդություններից որևէ մեկը, որի դեպքում արգելվում է աշխատողների աշխատանքը, այդ աշխատողների աշխատանքի չթույլատրելու վերաբերյալ որոշումը կայացվում է տեսչական մարմնի տարածքային կենտրոնի ղեկավարի կողմից` մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը կամ մինչև առողջացումը:
Կա նաև կառավարության մեկ այլ որոշում՝ 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշումը, որով նախատեսվում է, որ առողջության վրա վնասակար գործոնների ենթակվող աշխատողները ևս պետք է անցնեն նախնական և պարբերական բժշկական զննություն, երկրոդ իրավական ակտով զննության ենթակա աշխատողների թիվը որոշվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ:
Կարող եմ փաստել, որ հիմնականում աշխատողների պարտադիր բժշկական զննությունը իրականացվում է:
Կարծում եք, որ իրենք իրականում անցնում են այդ զննությունը:
Պարտադիր բժշկական զննության համար տվյալ կազմակերպությունը պայմանագիր է կնքում իրավասություն ունեցող համապատասխան բուժ հաստատության հետ և նաև այդ ծառայության համար վճարում է, դժվար թե առանց բժշկական զննություն իրականացնելու սանիտարական գրքույկներ տրամադրեն: Կարծում եմ, որ փաստացի բժշկական զննության անցկացումը բխում է նաև գործատուի շահերից։
Ստեփան Շահումյան- Մենք տվյալներ էլ ունենք պոլիկլինիկաներից, որ անցնում են այդ զննությունը, եղել են տուբերկուլյոզի դեպքեր են հայտնաբերվել։ Իմ կարծիքով անցնում են բոլորն էլ, կարող է լինեն բացառություններ։
Որ կառույցների հետ է համագործակցում ԱԱՏՄ-ն
Ա․ Արշակյան և Ա․ Հարությունյան- Այն բոլոր հասարակական կազմակերպությունների, ում գործունեությունը վերաբերում է աշխատողների աշխատանքային իրավունքների այն մասին, որ առնչվում է մեր գործառույթներին, հիմնականում մեզ դիմող հասարակական կառույցների հետ։ Մեր նպատակներին հասնելու համար համագործակցում ենք նաև պետական կառույցների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այդ թվում ոստիկանության հետ։ Կան որոշակի ռեեստրներ, որտեղ գրանցված են Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որոշակի տվյալների ռեեստրներ կան վտանգավոր աշխատատեղերի ցանկեր։ Համագործակցում ենք Գործատուների միության, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ԱՊՀ երկրներ և Մոնղոլիայի տարածաշրջանային դաշինքի, ՄԻՊ-ի հետ, Եվրոմիության հետ համապարփակ համաձայնագրի շրջանակներում հարցադրումների, միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում համագործակցում ենք, ստացված հանձնարարականների շրջանակներում մեր դիրքորոշումներն ենք ներկայացնում, թրաֆիքինգի շրջանակներում համագործակցում ենք ինչպես հասարակական կազմակերպությունների, այպես էլ պետական կառույցների հետ։ Միջազգային փորձագետների հետ շատ քննարկումներ ենք ունենում մինչև 18 տարեկանների աշխատանքի և հարկադիր աշխատանքի թեմաներով։ կոնկրետ պրոցեսներ իրականացվում են։ Տեղեկատվության փոխանցման մեխանիզմները դեռև շատ ակտիվ չեն և ենթակա են զարգացման։
Մարդու Իրավունքների միջազգային հանրություն ՀԿ նախագահ
Բելա Շիքարյան