Լապշինը հայտնել է, որ հայ նախկին գերիները հրաժարվել են ՄԻԵԴ դիմելուց․ ի՞նչ է իրականում ասվել

224

Սեպտեմբերի 20-ին «Հանրային Լուրեր» Facebook-յան էջում տարածված տեսանյութը ավելի քան 141 հազար դիտում է հավաքել և ներկայացվել է որպես Ալեքսանդր Լապշինի «սկանդալային բացահայտում»։ Տեսանյութում, սակայն, Լապշինի իրական հայտարարությունը վերաշարադրված է էականորեն այլ կերպ․ ամենակարևոր տարբերությունը Գևորգ Սուջյանի գործն է։ Սուջյանը հրապարակման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ իր դիմումը ներկայացվել է ՄԻԵԴ և ընդունվել է դատարանի կողմից։

Ի՞նչ էր պնդում տարածված տեսանյութը

Սեպտեմբերի 20-ին «Հանրային Լուրեր» էջում հրապարակված տեսանյութում ասվում էր, որ ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը «սկանդալային

մանրամասներ» է հայտնել Ադրբեջանում պահվող նախկին հայ գերիների գործերի մասին։

Տեսանյութի առանցքային պնդումն այն էր, թե ադրբեջանական բանտերում տարիներ անցկացրած չորս նախկին զինծառայողներ հրաժարվել են Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց, քանի որ նրանց,

ըստ ներկայացված պատմության, Հայաստանում «շատ կարևոր պաշտոնյա» խորհուրդ է տվել չդիմել դատարան։

Այս ձևակերպումը, փաստերի ստուգման տեսանկյունից, մի քանի առանձին պնդում է պարունակում, և դրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է ստուգել առանձին։

Առաջին խնդիրը հենց թվի և անձանց շրջանակի հետ է կապված։

Ալեքսանդր Լապշինի՝ սեպտեմբերի 18-ին տարածված հայտարարության մասին հրապարակած մի քանի աղբյուրների համաձայն՝ նա խոսել է չորս նախկին հայ գերիների մասին, որոնց համար ինքը և ֆրանսիացի փաստաբանները

պատրաստել էին Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ դիմումների փաստաթղթեր։ Սակայն Լապշինի ձևակերպմամբ՝ չորսից երեքն էին հրաժարվել դիմումներ ներկայացնելուց, իսկ չորրորդը՝ Գևորգ Սուջյանը, ընտրել էր այլ փաստաբանների։ Լապշինը նշել էր, որ այդ պահին ինքը չգիտեր՝ Սուջյանը հետագայում դիմե՞լ է

ՄԻԵԴ, թե՞ ոչ։

Այսինքն՝ «չորսն էլ հրաժարվել են» ձևակերպումը չի համապատասխանում նույնիսկ այն հայտարարությանը, որի վրա տեսանյութը հղում է անում։Ավելին՝ տեսանյութի հրապարակման պահին արդեն գոյություն ուներ Գևորգ Սուջյանի հրապարակային հայտարարությունը, որը ամբողջությամբ փոխում է այս հատվածի փաստական պատկերը։

Սեպտեմբերի 19-ին՝ տեսանյութի տարածումից մեկ օր առաջ, Սուջյանը հայտարարել էր, որ իր գործով ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ դիմումը ներկայացվել է և ընդունվել է, իսկ իր ներկայացուցիչը Եվրոպական դատարանում փաստաբան Սիրանուշ Սահակյանն է։ Այդ հայտարարությունը հրապարակվել է նաև լրատվամիջոցների կողմից։

Հետևաբար սեպտեմբերի 20-ի տեսանյութում Սուջյանին այն խմբի մեջ ներառելը, որը «հրաժարվել է դատարան դիմելուց», փաստացի հակասում է հենց Սուջյանի՝ մեկ օր առաջ արված հրապարակային հայտարարությանը։

Միաժամանակ կարևոր է մեկ այլ ուղղում։ Տեսանյութում խոսվում է «չորս նախկին զինծառայողների» մասին, մինչդեռ հունվարի 14-ին Հայաստան վերադարձած չորս անձինք էին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը։ Հանրային աղբյուրները Սուջյանին և Դավթյանին նկարագրում են որպես մարդասիրական գործունեությամբ զբաղված անձանց, իսկ Վիգեն

Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը նույնպես ներկայացվել են որպես քաղաքացիական անձինք։ Օրինակ՝ «Հետքի» տվյալներով՝ Էուլջեքչյանը քաղաքացի էր, որը Շուշիում անձնական իրերը վերցնելու նպատակով էր գտնվում և մարտական գործողության մասնակից չէր, իսկ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել էին մարդասիրական օգնություն տեղափոխելու ճանապարհին։

Գևորգ Սուջյանն ինքը մեզ փոխանցած մեկնաբանության մեջ նույնպես հստակեցրել է, որ զինվորական չի եղել։ Նրա խոսքով՝ ինքը «Նոր Հայաստան

Հայրենիք-Սփյուռք» բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահն է եղել և պատերազմի ընթացքում Արցախ է տեղափոխել մեծածավալ մարդասիրական օգնություն։

Այսպիսով, այստեղ առկա է առնվազն երկու էական աղավաղում՝ «չորսից հրաժարվել են» և «չորս նախկին զինծառայողներ»։

Ո՞վ է Գևորգ Սուջյանը, և ո՞վ է Ալեքսանդր Լապշինը

Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ պատերազմի ավարտից հետո, Բերձոր-Շուշի ուղղությամբ գերեվարվել էին Ադրբեջանի կողմից։ Սուջյանը «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք»

բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահն էր։ 2026 թվականի հունվարի 14-ին նրանք Վիգեն Էուլջեքչյանի և Վագիֆ Խաչատրյանի հետ վերադարձան Հայաստան։

Սուջյանը գերության ընթացքում Ադրբեջանում դատապարտվել էր երկարատև ազատազրկման։ Հայաստան վերադառնալուց հետո նա հրապարակայնորեն պատմել է իր նկատմամբ, իր պնդմամբ, կիրառված բռնությունների, դատավարական խախտումների և Բաքվի բանտում անցկացրած տարիների մասին։

Ալեքսանդր Լապշինը ռուս-իսրայելական բլոգեր և լրագրող է։ Նա 2011 և 2012 թվականներին այցելել էր Արցախ, 2016-ին ձերբակալվել էր Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, իսկ 2017-ին արտահանձնվել Ադրբեջանին, որտեղ

դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Նույն տարվա սեպտեմբերին Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել։

Լապշինի և Ադրբեջանի պատմությունն ունի նաև իրավական շարունակություն։ 2021 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա գործով արձանագրել էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ կապված նրա կյանքին վտանգ սպառնացող բանտային միջադեպի արդյունավետ քննության բացակայության և Ադրբեջանի կողմից բավարար ու համոզիչ բացատրություն չներկայացնելու հետ։

Հենց այս անցյալի պատճառով Լապշինը վերջին տարիներին ակտիվորեն անդրադառնում է Ադրբեջանում պահված հայերի իրավունքների հարցերին։ Սուջյանի հետ նա նաև հարցազրույց է հրապարակել՝ նրա՝ Բաքվի բանտում անցկացրած տարիների մասին։

2026 թվականի ապրիլի 5-ին Լապշինին թույլ չէր տրվել մուտք գործել Հայաստան։ Լապշինը պնդել է, որ սահմանապահներն այդ որոշումը կապել են Սուջյանի հետ իր հարցազրույցի հետ։ Սակայն Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն չեն հաստատել Լապշինի ներկայացրած այդ

պատճառաբանությունը։

Այս փաստը կարևոր է նաև ներկայիս պատմության համատեքստում, սակայն Լապշինի մուտքի արգելքի պատճառը և Սուջյանի հարցազրույցի հետ դրա կապը փաստված հանգամանք չէ, այլ Լապշինի կողմից ներկայացված վարկած։

Ի՞նչ է իրականում ասել Լապշինը, և ի՞նչ է ավելացրել «Հանրային Լուրեր»-ը

Լապշինի հայտարարության մեջ իսկապես կա պնդում, որ իր և ֆրանսիացի փաստաբանների կողմից պատրաստված փաստաթղթերից հետո երեք նախկին հայ գերիներ հրաժարվել են Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ դիմումներ ներկայացնելուց։

Նա նաև պնդել է, որ այդ մարդիկ իրեն ասել են՝ Հայաստանում ինչ-որ «շատ

կարևոր անձ» խորհուրդ է տվել չներկայացնել հայցերը։ Սակայն Լապշինը չի նշել այդ անձի անունը և չի ներկայացրել ճնշման վերաբերյալ որևէ ապացույց։ Այդ

հանգամանքը հաստատում են նաև նրա հայտարարությունը վերարտադրած լրատվամիջոցները։

Այսինքն՝ այստեղ պետք է տարբերակել երեք մակարդակ.

Փաստ 1․ Լապշինը նման հայտարարություն արել է՝ խոսելով երեք նախկին գերիների մասին։

Փաստ 2․ Լապշինը պնդել է, որ այդ երեքը պատճառաբանել են Հայաստանում ինչ-որ ազդեցիկ անձի խորհուրդը։ Այդ պնդումը հրապարակային ապացույցով չի

հաստատվել։

Փաստ 3․ Գևորգ Սուջյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ ինքն Ադրբեջանի դեմ դիմել է ՄԻԵԴ, և իր դիմումն ընդունվել է։

Հետևաբար «Հանրային Լուրերի» տեսանյութը վերցրել է իրական

հայտարարության հիմքը, սակայն այն ներկայացրել է էականորեն փոփոխված համատեքստում։

Սուջյանը մեզ փոխանցած մեկնաբանության մեջ ասում է, որ Լապշինը

լավատեղյակ էր իր՝ ՄԻԵԴ դիմելու մասին։ Նրա խոսքով՝ ինքը Լապշինի նյութն ուղարկել է իր փաստաբան Սիրանուշ Սահակյանին, և փաստաբանը պատրաստ է եղել Լապշինին տրամադրել անհրաժեշտ մանրամասները։ Սուջյանը նաև ասում է, որ Լապշինին անձամբ տեղեկացրել է տարածվող տեղեկության սխալ լինելու

մասին։ Սուջյանի այս պնդումները նրա սեփական հայտարարություններն են, և մենք չենք կարող անկախ աղբյուրով հաստատել նրանց միջև ամբողջ հաղորդակցության բովանդակությունը։ Սակայն ՄԻԵԴ դիմելու մասին Սուջյանի հայտարարությունն արդեն հրապարակային փաստ է, իսկ դրա ամսաթիվը՝ սեպտեմբերի 19-ը, նախորդում է «Հանրային Լուրերի» սեպտեմբերի 20-ի տեսանյութին։

Նույն պատճառով «արդյունքում Բաքվի հանցագործությունները մնացել են անպատիժ» ձևակերպումը նույնպես չի կարելի ներկայացնել որպես հաստատված

փաստ։ Եթե որևէ նախկին գերի չի ներկայացրել ՄԻԵԴ դիմում, այդ կոնկրետ գործով դատարանի քննություն կարող էր չլինել, բայց դրանից չի հետևում, որ

Ադրբեջանի կողմից ենթադրյալ կամ արձանագրված բոլոր խախտումները «մնացել են անպատիժ»։ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ գործեր կան, այդ թվում՝ Լապշինի սեփական գործը, որով դատարանը 2021-ին խախտումներ էր

արձանագրել։

«Հանրային Լուրեր» էջը․ ինչպե՞ս է ստեղծվում վստահելիության տպավորությունը

Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ «Հանրային Լուրեր» էջը ունի մոտ 2,7

հազար հետևորդ, 19 հրապարակում, իսկ Բիոյում (կենսագրականու ) գրված է, որ

նյութերի ստեղծման համար օգտագործվում է արհեստական բանականություն։ Էջը նաև Facebook-ում ունի «Журналист» կատեգորիա և ներկայացնում է կայք ու հեռախոսահամար։

Սակայն «Журналист » կատեգորիան ինքնին լրագրողական հավատարմագրման կամ լրատվամիջոցի պաշտոնական կարգավիճակի ապացույց չէ։ Նույնը վերաբերում է «100% առաջարկվող (5 reviews)» ցուցանիշին․ հինգ օգտատիրոջ դրական գնահատականը լրատվական աղբյուրի փաստացի հավաստիության չափանիշ չէ։

Այս կոնկրետ տեսանյութը, ըստ տրամադրված տվյալների, ստացել է մոտ 141 հազար դիտում, 1500 հավանում, 181 մեկնաբանություն, 274 կիսում և 81 պահպանում։ Այդ թվերը, որքան էլ տպավորիչ լինեն, չեն կարող փոխարինել աղբյուրի և փաստերի ստուգմանը։

Հատկանշական է նաև էջի հրապարակումների կառուցվածքը․դրանք հիմնականում կարճ տեսանյութեր են (Reels) , իսկ ամենադիտված

հրապարակումներից մեկը քաղաքական բովանդակություն ունի՝ «Առուշ

Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում» վերնագրով և, ըստ որի, հավաքել է մոտ 358 հազար դիտում։ Սակայն դիտումների, հավանումների կամ կիսումների մեծ թիվը որևէ տեղեկության ճշմարտացիության ապացույց չէ։ Վիրուսային

տարածումը ցույց է տալիս տարածման ծավալը, ոչ թե պնդման փաստացիությունը։

Ավելին, տեսանյութի պատրաստման ԱԲ օգտագործումը էջը ինքն է բացահայտում իր կենսագրականում։

Տեսանյութի կադրերի տեսողական ուսումնասիրությունն էլ տալիս է լրացուցիչ նշաններ, որոնք համատեղելի են սինթետիկ/ԱԲ-ով ստեղծված հաղորդավարի

հետ․ դեմքի չափազանց հարթ և միատեսակ մաշկային տեքստուրա, մազերի և ականջների եզրերի որոշակի անբնական հարթեցում, շուրթերի ու ծնոտի հատվածի չափազանց «մաքուր» շարժում, աչքերի և դեմքի միկրոշարժումների սահմանափակ բնականություն, ինչպես նաև ձեռքերի, մատների և թղթի հատվածներում մանր դետալների հնարավոր անկայունություն։

Սրանք, սակայն, առանձին վերցրած վերջնական ապացույցներ չեն։ Փաստերի ստուգման մասնագիտացված ուղեցույցները ևս զգուշացնում են, որ

ժամանակակից ԱԲ տեսանյութերի դեպքում մեկ տեսողական «նշանը» բավարար չէ․ անհրաժեշտ է համադրել տեսանյութի տեսողական ուսումնասիրությունը, սկզբնաղբյուրը, համատեքստը և անկախ աղբյուրները։

Այս դեպքում ԱԲ-ի օգտագործման վերաբերյալ առավել ուժեղ ապացույցն արդեն ոչ թե հաղորդավարի ականջը, շուրթը կամ ձեռքն է, այլ էջի սեփական

բացահայտումը, որ նյութերի ստեղծման համար օգտագործվում է ԱԲ։

Իսկ ո՞րն է վերջնական փաստերի ստուգման արդյունքը

Պնդում՝ «Լապշինը հայտնել է, որ չորս նախկին հայ զինծառայողները հրաժարվել են Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ դիմելուց»։

Գնահատական՝ ԿԵՂԾ/ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՂ։

Լապշինը հրապարակայնորեն խոսել է չորս նախկին գերիների մասին, որոնցից երեքի դեպքում, ըստ իր պնդման, դիմումներ չեն ներկայացվել։ Չորրորդը՝ Գևորգ Սուջյանը, ըստ Լապշինի այդ պահին ունեցած տեղեկության, ընտրել էր այլ

փաստաբանների, և Լապշինը չէր իմացել՝ նա հետագայում դիմե՞լ է ՄԻԵԴ, թե՞ ոչ։

Սակայն սեպտեմբերի 19-ին՝ «Հանրային Լուրեր»-ի տեսանյութից մեկ օր առաջ, Գևորգ Սուջյանը հայտարարել էր, որ իր գործով Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ դիմումը ներկայացվել և ընդունվել է, և նշել էր իր փաստաբան Սիրանուշ Սահակյանի անունը։

Ուստի Սուջյանին «դատարան չդիմածների» շարքում ներառելը փաստական սխալ է։

Ավելին, տեսանյութի «չորս նախկին զինծառայող» ձևակերպումը նույնպես չի համապատասխանում հրապարակային կենսագրական տվյալներին․ Սուջյանը և Դավթյանը ներկայացվել են որպես մարդասիրական գործունեությամբ զբաղված

անձինք, իսկ առնվազն Վիգեն Էուլջեքչյանի դեպքում աղբյուրները հստակ նշում են, որ նա քաղաքացիական անձ էր և մարտական գործողության մասնակից չէր։

Իսկ «շատ կարևոր պաշտոնյան նրանց հորդորել է չդիմել» մասը Լապշինի կողմից ներկայացված, բայց չապացուցված պնդում է։ Անձի անունը չի նշվել, և հրապարակային ապացույց չկա, որը հաստատում է, որ նման պաշտոնյա իսկապես տվել է այդ հանձնարարականը։ Հետևաբար այդ հատվածը պետք է ներկայացնել որպես չհաստատված հայտարարություն, ոչ թե որպես փաստ։

Վերջապես, «ով էր շահագրգռված լռեցնել միջազգային գործընթացը» հարցը տեսանյութում ներկայացվում է որպես փաստերի վրա հիմնված ենթատեքստ, մինչդեռ մեր ուսումնասիրած նյութերում չկա բավարար ապացույց որևէ կոնկրետ ուժի, պաշտոնյայի կամ կազմակերպության կողմից գործընթացը կազմակերպված կերպով լռեցնելու մասին։

Նույնը վերաբերում է Գևորգ Սուջյանի այն տեսակետին, թե Լապշինի գործողությունների հետևում կարող են լինել «դրսի ուժեր», կամ որ դրանց կապը կարող է հասնել Ռուսաստանին և Սամվել Կարապետյանի քաղաքական շրջանակներին։ Դրանք Սուջյանի անձնական գնահատականներն ու կասկածներն են, և առկա նյութերով դրանք փաստացի հաստատված չեն։ Դրանց ներկայացումը որպես հաստատված փաստ արդեն կլիներ նոր ապատեղեկատվության ռիսկ։Այսպիսով, տվյալ դեպքը ավելի ճիշտ է բնութագրել որպես իրական հայտարարության էական աղավաղմամբ տարածված ապակողմնորոշող տեղեկատվություն։

 

Նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ

Լրագրող՝ Սարգիս Ասատրյան

0 0 ձայներ
Article Rating
Բաժանորդագրվել
Ծանուցել
1 Մեկնաբանություն
Oldest
Newest Most Voted
Yepraksya SHIKARYAN
11 ժամ առաջ

Thanks