Քվեախցի առասպելները․ ինչպես էին մեզ համոզում, որ մեր քվեն տեսանելի է, իսկ ընտրատեղամասերը՝ վերահսկելի

91

2026 թվականի հունիսին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերի աշխատանքի և քվեարկության կազմակերպման վերաբերյալ բազմաթիվ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություններ տարածվեցին սոցիալական ցանցերում և հատկապես Telegram ալիքներում։

Այս հաղորդագրությունների մի մասը փորձում էր մարդկանց համոզել, որ ընտրատեղամասերում հնարավոր է վերահսկել քաղաքացու ընտրությունը, տեսնել՝ ում օգտին է նա քվեարկել, կամ նույնիսկ տեխնիկական միջոցներով փոխել քվեարկության արդյունքը։

Սակայն նման պնդումները հաճախ հիմնված էին ոչ թե ընտրական գործընթացի իրական մեխանիզմների, այլ վախի և անվստահության վրա։

Այս նյութում ներկայացնում ենք տարածված մի քանի պնդումներ և պարզաբանում, թե ինչպես է իրականում պաշտպանվում քաղաքացու քվեն ընտրատեղամասում։

Առասպել 1․ «Հարյուրավոր մարդկանց ավտոբուսներով բերում են ընտրատեղամասեր՝ ուրիշների փոխարեն քվեարկելու համար»

Կեղծիքը։

Ընտրությունների օրը Telegram ալիքներում և սոցիալական ցանցերում տարածվեցին տեսանյութեր և լուսանկարներ, որոնց ուղեկցող գրառումներում պնդվում էր, թե իշխանությունները հարյուրավոր ավտոբուսներով «արտասահմանցիների» կամ այլ քաղաքների բնակիչների են տեղափոխում Երևանի կոնկրետ ընտրատեղամասեր՝ ուրիշների փոխարեն քվեարկելու նպատակով։

Որոշ հրապարակումներ փորձում էին նույն կադրերը ներկայացնել որպես ընտրակեղծիքի ապացույց՝ անկախ նրանից, թե երբ և որտեղ էին դրանք նկարահանվել։

Իրականությունը։

Նման տեսանյութի առկայությունն ինքնին չի ապացուցում ընտրատեղամասում կեղծ քվեարկության փաստ։ Փաստերի ստուգման ընթացքում նման կադրերի մի մասը պարզվել է, որ հին է կամ վերաբերում է այլ իրավիճակների, այդ թվում՝ աշխատողների տեղափոխմանը։

Բացի այդ, Հայաստանում ընտրողների նույնականացումը ընտրատեղամասում իրականացվում է էլեկտրոնային սարքերի միջոցով։ Սա նախատեսված է բացառելու այն դեպքերը, երբ մեկ անձ փորձում է քվեարկել մեկից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն։

Այսինքն՝ պարզապես մարդկանց մի վայրից մյուսը տեղափոխելը դեռևս չի նշանակում, որ նրանք կարող են ուրիշների փոխարեն քվեարկել։

 Առասպել 2․ «Նույն ընտրողների ցուցակը կարելի է մի քանի անգամ անցկացնել սարքով»

Կեղծիքը։

Սոցիալական ցանցերում շրջանառվում էր նաև պնդում, թե նույն ընտրողների ցուցակը հնարավոր է բազմիցս անցկացնել էլեկտրոնային նույնականացման սարքով՝ այդպիսով արհեստականորեն ավելացնելով քվեարկածների թիվը։

Իրականությունը։

Էլեկտրոնային նույնականացման համակարգը հենց նախատեսված է ընտրողի մեկանգամյա նույնականացման և քվեարկության գործընթացը վերահսկելու համար։ Էլեկտրոնային տվյալները համադրվում են ընտրողների գրանցման և ընտրական փաստաթղթերի հետ։

Հետևաբար «ցուցակը մի քանի անգամ սարքով անցկացնելու» մասին պնդումը չի նշանակում, որ հնարավոր է նույն անձանց փոխարեն կրկնակի քվեարկություն իրականացնել։

 Առասպել 3․ «Քվեախցում գաղտնի սարքեր են տեղադրվում, որոնք տեսնում են՝ ում օգտին եք քվեարկել»

Կեղծիքը։

Ընտրություններից առաջ Haymitq.am անունով կեղծ հարթակը, ինչպես հաղորդել էր JAMnews-ը, տարածեց տեղեկություն այն մասին, թե իբր ընտրատեղամասերի քվեախցերում տեղադրվելու են գաղտնի սարքեր, որոնք «Curtain» ծրագրի միջոցով կարող են իրական ժամանակում տեսնել քաղաքացու քվեարկությունը և փոխել ընտրության արդյունքը։

Իրականությունը։

Այս պնդումը հակասում է Հայաստանում կիրառվող քվեարկության մեխանիզմին։

Քաղաքացին իր ընտրությունը կատարում է թղթային քվեաթերթիկով՝ քվեախցում։ Քվեախցիկը նախատեսված է ընտրության գաղտնիությունն ապահովելու համար, և քվեարկության պահին այնտեղ քաղաքացու ընտրությունը էլեկտրոնային համակարգում չի գրանցվում։

Կարևոր է նաև տարբերակել երկու գործընթաց՝ քվեարկությունը և քվեների հաշվարկը։

Քվեարկության ընթացքում ընտրողի կատարած ընտրությունը գաղտնի է։ Իսկ քվեների հաշվարկը կատարվում է ընտրատեղամասում՝ հանձնաժողովի սահմանված ընթացակարգով, և արդյունքները գրանցվում են համապատասխան արձանագրության մեջ։

Այսպիսով, «քվեախցում տեսախցիկով կամ գաղտնի սարքով տեսնում են, թե քաղաքացին ում է ընտրել» պնդումը չի համապատասխանում քվեարկության իրական կազմակերպմանը։

 Առասպել 4․ «Տեսախցիկները հաշվարկի ժամանակ անջատում են, որպեսզի հնարավոր լինի քվեների լցոնում»

Կեղծիքը։

Սոցիալական ցանցերում տարածվում էին նաև պնդումներ, թե ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները, որոնք ուղիղ հեռարձակում են ապահովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, դիտավորյալ անջատվելու են քվեների հաշվարկի ժամանակ՝ կեղծիքներ իրականացնելու համար։

Իրականությունը։

2026 թվականի ընտրությունների ընթացքում ուղիղ հեռարձակմամբ ապահովվել է ավելի քան 1,800 ընտրատեղամաս՝ ընդգրկելով ընտրողների շուրջ 99 տոկոսը։ Տեխնիկական խնդիրների դեպքում դրանք կարող են արձանագրվել և ստուգվել նաև ընտրատեղամասում ներկա դիտորդների, վստահված անձանց և այլ մասնակիցների կողմից։

Այսպիսով, առանձին տեխնիկական խափանումը չի կարող ինքնաբերաբար ներկայացվել որպես ապացույց, որ տվյալ տեղամասում իրականացվել է ընտրակեղծիք։

Առավել ևս՝ տեսախցիկի հնարավոր անջատումը և քվեների հաշվարկի կեղծումը նույն բանը չեն։

Իսկ ո՞վ է վերահսկում ընտրատեղամասը

Ընտրատեղամասում գործընթացը չի իրականացվում մեկ անձի կամ մեկ կառույցի վերահսկողության ներքո։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու իրավունք ունեն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և դաշինքները, ինչպես նաև համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովը՝ օրենքով սահմանված համամասնությամբ։

Բացի հանձնաժողովի անդամներից, ընտրական գործընթացին կարող են հետևել դիտորդներ և վստահված անձինք, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև լրագրողներ։

Այս բազմաշերտ վերահսկողությունը կարևոր է, քանի որ ընտրական գործընթացի տարբեր փուլերում հնարավոր է արձանագրել խնդիրներ, բարձրաձայնել խախտումների մասին և պահանջել դրանց ստուգում։

 Ինչն է իրականում պաշտպանում մեր քվեն

Ընտրողի քվեի գաղտնիությունը և ընտրական գործընթացի վերահսկելիությունը ապահովվում են ոչ թե մեկ «հրաշագործ» տեխնոլոգիայով, այլ մի քանի մեխանիզմների համադրությամբ։

Էլեկտրոնային նույնականացումը թույլ է տալիս ստուգել ընտրողի ինքնությունը և կանխել կրկնակի կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերը։

Թղթային քվեարկությունը ապահովում է, որ քաղաքացին իր ընտրությունը կատարի գաղտնի՝ քվեախցում, առանց այն էլեկտրոնային եղանակով գրանցելու։

Քվեների հաշվարկը ընտրատեղամասում հնարավորություն է տալիս վերահսկել գործընթացը և արդյունքները՝ հանձնաժողովի անդամների, դիտորդների և վստահված անձանց ներկայությամբ։

Տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը լրացուցիչ թափանցիկություն են ստեղծում՝ հնարավորություն տալով հետևել ընտրատեղամասերի աշխատանքին։

Եվ, վերջապես, ընտրական հանձնաժողովների բազմակողմ կազմը, դիտորդների և վստահված անձանց ներկայությունը ստեղծում են փոխադարձ վերահսկողության մեխանիզմ։

Ինչո՞ւ են նման կեղծիքները վտանգավոր

Ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվության ամենավտանգավոր ձևը միշտ չէ, որ կոնկրետ թեկնածուի կամ կուսակցության օգտին քարոզն է։

Երբեմն նպատակը շատ ավելի լայն է՝ մարդկանց համոզել, որ իրենց քվեն ոչինչ չի նշանակում, որ ընտրությունը վերահսկվում է ինչ-որ «գաղտնի համակարգի» կողմից, կամ որ ընտրատեղամասում հնարավոր չէ պաշտպանել քաղաքացու ընտրությունը։

Այդպիսի պատմությունները կարող են տարածվել շատ արագ, հատկապես երբ ուղեկցվում են տեսանյութերով, տեխնիկական տերմիններով կամ կիսատ-պռատ «ապացույցներով»։

Հետևաբար յուրաքանչյուր ընտրության ժամանակ կարևոր է ոչ միայն հարցնել՝ «ո՞ւմ օգտին է այս տեղեկությունը», այլ նաև՝ «ինչպե՞ս է իրականում աշխատում այն մեխանիզմը, որի մասին խոսվում է»։

Քվեախցի շուրջ տարածվող յուրաքանչյուր պնդում պետք է ստուգել փաստերով, ընտրական օրենսդրությամբ և ընտրական գործընթացի իրական տեխնիկական մեխանիզմներով։

Քվեի գաղտնիությունը առասպել չէ։ Այն ընտրական գործընթացի հիմնարար սկզբունքներից է։

Տաթևիկ Բարսեղյան

Նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ

0 0 ձայներ
Article Rating
Բաժանորդագրվել
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted