Սարգիս Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, գտնվելով իր փաստացի բնակության՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 8-րդ փողոցի 4-րդ հասցեի տան դիմաց, տեսել է հարևանությամբ՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 8-րդ փողոցի 6-րդ հասցի տանը փաստացի բնակվող, «չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն» ախտորոշում հոգեկան հիվանդությամբ տառապող՝ Ա. Բ-ին, որին ձայն տալով կանչել է, այնուհետև իր հասցեի տանը կից գտնվող ավտոտնակում կայանված «Վազ 21065» մակնիշի 31 UO 250 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վերանորոգելուն օգնելու պատրվակով նրան ուղեկցել է ավտոտնակ, ներսից փակել է մուտքի դուռը և հաստատապես իմանալով Ա. Բ-ի հիշյալ հոգեկան հիվանդության առկայության մասին, օգտագործել է դրա հետևանքով նրա անօգնական վիճակը՝ համասեռական գործողություններ կատարելու ուղղակի դիտավորությամբ սեռական բնույթի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Այսպիսով, Սարգիս Գևորգի Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:
Մկրտիչ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, հարևանությամբ բնակվող Ժաննա Մաթևոսյանից և վերջինիս որդուց` Արմեն Բաղդասարյանից տեղեկանալով, որ հարևանությամբ` Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 8-րդ փողոցի 4-րդ հասցեում բնակվող Սարգիս Սարգսյանը նույն հասցեի տանը կից գտնվող ավտոտնակում իր «չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն» ախտորոշում հոգեկան հիվանդությամբ տառապող որդու նկատմամբ համասեռական գործողություններ է կատարել, 2021 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն ավտոտնակում նշված հարցի շուրջ վիճաբանել է Սարգիս Սարգսյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել Ս. Սարգսյանին` դիտավորությամբ ձեռքերով 5-6 անգամ հարվածեր է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այսպիսով, Մկրտիչ Վանուշի Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:
Խանում Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, հարևանությամբ բնակվող Ժաննա Մաթևոսյանից և ամուսնուց` Մկրտիչ Բաղդասարյանից տեղեկանալով, որ հարևանությամբ` Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 8-րդ փողոցի 4-րդ հասցեում բնակվող Սարգիս Սարգսյանը նույն հասցեի տանը կից գտնվող ավտոտնակում իր «չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն» ախտորոշում հոգեկան հիվանդությամբ տառապող որդու` Արմեն Բաղդասարյանի նկատմամբ համասեռական գործողություններ է կատարել, նույն օրը` քննությամբ չպարզված ժամին, գնացել է Ս. Սարգսյանի տուն և նշված հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան` դիտավորությամբ ձեռքին եղած ծառի ճյուղով 5-6 անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այսպիսով, Խանում Միհրանի Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:
Նիստերի դահլիճը բացվեց միայն ժամը 14։17-ին: Մինչև դատական նիստի բացվելը ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին, ով հարկ չհամարեց ներկայացնել դիտորդին՝ նիստի դռնբաց անցկացվելու հիմքով։ Դատական նիստը չէր սկսվում, քանի որ գործով դատախազն ուշանում էր, ով մեկնել էր Մարալիկ՝ այլ դատական նիստի մասնակցելու նպատակով։ Դատական նիստը սկսվեց մեղադրողի ժամանելուց հետո՝ ժամը՝ 14։30-ին, որը տևեց 7 րոպե։ Նիստերի քարտուղարը ներկայացրեց, դատական նիստին ներկայացած անձանց: Դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալներ Մկրտիչ Բաղդասարյանը, Խանում Գասպարյանը, Սարգիս Սարգսյանի պաշտպան Արտուշ Հակոբյանը, դատախազը։ Նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Սարգիս Սարգսյանը։
Դատարանը, ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի /ընդունված 01.07.1998թ․/ 302-րդ հոդվածի պահանջից, դատական նիստը հետաձգեց ամբաստանյալ Սարգիս Սարգսյանի բացակության պատճառով։ Դատավորը նշեց, որ ամբաստանյալ Ս. Սարգսյանին ծանուցում ուղարկվել է սույն թվականի հոկտեմբերի 13-ին, սակայն, քրեական գործում առկա չէր ամբաստանյալի պատշաճ ծանուցված լինելու մասին հետադարձ ծանուցման հանգամանքը։ Որոշվեց հաջորդ դատական նիստին ոստիկանության միջոցով ապահովել ամբաստանյալի ներկայությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 07․02․2023թ․, ժամը՝ 12։30-ին։