Անդրանիկ Երիցյանի գործով դատական նիստի մոնիթորինգ
11.10.2022թ-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում տեղի է ունեցել թիվ ԱՎԴ2/0024/01/22 քրեական գործով հերթական դատական նիստը, ըստ Անդրանիկ Երիցյանի դեմ հարուցված մեղադրանքի: Դատական նիստը սկսվել է 14:00-ին և տևել գրեթե 20 րոպե:
Ամբաստանյալ Անդրանիկ Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 22֊ի սահմաններում Այնթապ համայնքի 16-րդ փողոցի 10/1 հասցեում Ռեհան Գառնիկի Հայրապետյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ, վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Ամուսիններ Հայրապետ Հայրապետյանը և Ռեհան Հայրապետյանը 2021 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09-ի սահմաններում իրենց Այնթապ համայնքի 16-րդ փողոցի 10/1 հասցեում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել միմյանց։ Որից հետո Հայրապետ Հայրապետյանը օգնության է կանչել իր եղբորը՝ Անդրանիկ Երիցյանին և միասին ժամանել են վերջինիս բնակության հասցե՝ Արարատի մարզի Լուսառատ համայնքի Մաշտոցի փողոցի 1 տուն։ Նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում Հայրապետ Հայրապետյանը և Անդրանիկ Երիցյանը վերադարձել են Այնթապ համայնքի 16-րդ փողոցի 10/1 հասցե։ Անդրանիկ Երիցյանն չհանդուրժելով Ռեհան Հայրապետյանի կողմից եղբոր՝ Հայրապետ Հայրապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու հանգամանքը, այդ շարժառիթով սկսել է վիճաբանել Ռեհան Հայրապետյանի հետ և նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ, մազերից քաշելով գցել է բնակարանի առաջին հարկում առկա անկողնու վրա, բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ռեհան Հայրապետյանի մարմնի տարբեր հատվածներին և ձախից կողերի, թիակի կոտրվածքների, ձախ թոքի պատռվածքի և պարենխիմատոզ արյունազեղումների, ձախից հեմոպնևմոթորաքսի ձևով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։
Դատական նիստին ներկա էին մեղադրանքը պաշտպանող դատախաղը, ամբաստանյալը, նրա պաշտպանը:
Դատական նիստը սկսելուց հետո, դատականնիստերի քարտուղարը հայտարարեց դատական նիստին ներկայացած անձանց ցուցակը:
Դատարանը ճշտեց վերջիններիս ինքնությունները, և խոսքը տրամադրեց մեղադրանքը պաշտպանող դատախազին, մեղադրական եզրկացությունը ներկայացնելու համար: Դատախազի կողմից մեղադրական եզրակացության ներկայացումից հետո դատարանը լսեց ամբաստանյալին, որը չէր ընդունում իր մեղավորությունը: Պետք է նշել որ ամբաստանյալը նախկինում ևս դատապարտված է եղել:
Պետք է նշել, որ գնալով ավելի են շատանում ընտանեկան բռնության դեպքերը և բռնության զոհեր են դառնում կանայք; Ճիշտ է գործում են բազում հասարակական կազմակերությունները, ընդունվում են օրենքներ, սակայն դեռևս չունենք գործուն մեխանիզմներ, որոնք կկանխեն ընտանեկան բռնությունները:
Այս գործը ընտրվել է մոնիթորինգի համար հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շատ լավ օրինակ է ընտանեկան բռնության արդյունքում հարուցված քրեական գործի և այն գործի մոնիթորինգը նպատակ ունի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու այսպիսի դեպքերի վրա:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 09.01.2023 թվականին: