Մեր մասին

 

Մեր մասին

«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում գրանցված անկախ կազմակերպություն է, որն աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության, հանրային իրազեկման և քաղաքացիական մասնակցության ամրապնդման ուղղությամբ։

Մեր գործունեության կենտրոնում մարդն է՝ իր արժանապատվությամբ, իրավունքներով, ազատություններով և խնդիրներով։ Մենք կարևորում ենք, որ յուրաքանչյուր ոք կարողանա ճանաչել իր իրավունքները, պաշտպանել դրանք և իր ձայնը լսելի դարձնել։

Տարիների ընթացքում մեր աշխատանքն ընդգրկել է մարդու իրավունքների տարբեր ոլորտներ՝ խոսքի և մամուլի ազատություն, աշխատանքային իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, միգրացիայի խնդիրներ, դատական մշտադիտարկում և մարդասիրական աջակցություն։ Աշխատանքի ուղղությունները զարգացել են՝ արձագանքելով Հայաստանում մարդկանց ու համայնքների առջև ծառացած խնդիրներին։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետևողական պաշտպանությանը, բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը և զարգացնել սեփական ու այլոց իրավունքները պաշտպանելու նրանց կարողությունները։

Մենք ձգտում ենք, որ իրավունքների մասին գիտելիքը վերածվի գործնական կարողության՝ նկատելու անարդարությունը, բարձրաձայնելու խնդիրը, փնտրելու պաշտպանության միջոցներ և մասնակցելու հանրային կյանքին։

Մեր աշխատանքի ուղղությունները

Մարդու իրավունքներ և իրազեկում

Բարձրաձայնում ենք մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, պատրաստում տեղեկատվական ու վերլուծական նյութեր և խրախուսում հանրային քննարկումները։ Կարևորում ենք իրավունքների մասին պարզ, հասկանալի և հասանելի տեղեկության տարածումը։

Երիտասարդների կրթություն և մասնակցություն

Իրականացնում ենք դասընթացներ, սեմինարներ և քննարկումներ՝ երիտասարդների գիտելիքները, ինքնուրույն մտածողությունն ու հասարակական մասնակցությունը զարգացնելու նպատակով։ Մեր հանդիպումներում կարևոր տեղ ունեն մասնակիցների հարցերը, փորձը և սեփական տեսակետն արտահայտելու հնարավորությունը։

Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում

Մեր գործունեության կարևոր ուղղություններից է տեղեկատվական միջավայրի ուսումնասիրությունը։ Ստուգում ենք հանրային նշանակություն ունեցող պնդումները, վերլուծում ապատեղեկատվությունն ու մանիպուլյատիվ բովանդակությունը և պատրաստում բացատրական նյութեր։

Սեմինարների ու գործնական քննարկումների միջոցով օգնում ենք մարդկանց ստուգել աղբյուրները, տարբերակել փաստը կարծիքից, ճանաչել մոլորեցնող պատկերներն ու պատասխանատու օգտվել տեղեկատվությունից։ Հավաստի տեղեկության հասանելիությունը կարևորում ենք որպես գիտակցված որոշումների և իրավունքների պաշտպանության պայման։

Աշխատանք մարզային համայնքներում

Մեր կրթական և իրազեկման նախաձեռնություններն իրականացնում ենք նաև մարզերում՝ համագործակցելով տեղական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և երիտասարդական կենտրոնների հետ։ Կարևորում ենք համայնքների բնակիչների կարիքները և նրանց հասանելի կրթական հնարավորությունների ընդլայնումը։

Մեր սկզբունքները

Մեր աշխատանքում առաջնորդվում ենք մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքով, անկախությամբ, հավասարության և խտրականության բացառման սկզբունքներով։

Մենք կարևորում ենք փաստերի ճշգրտությունը, մարդկանց հանդեպ պատասխանատու վերաբերմունքը և տարբեր կարծիքների շուրջ հարգալից երկխոսությունը։

Աջակցում ենք մարդկանց ու խմբերին, որոնք իրենց իրավունքները պաշտպանում են խաղաղ միջոցներով՝ մերժելով բռնությունն ու ամբողջատիրության քարոզը։

Համագործակցություն

Համագործակցում ենք տեղական և միջազգային գործընկերների հետ՝ համատեղ կրթական, հետազոտական և իրավապաշտպան նախաձեռնություններ իրականացնելու համար։

Մեր կազմակերպությունը Մարդու իրավունքների միջազգային հանրության՝ ISHR միջազգային ցանցի անդամ է։

Գործընկերությունը մեզ համար փորձի փոխանակման, մարդկանց խնդիրները տարբեր հարթակներում ներկայացնելու և մեր աշխատանքի ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն է։

Մենք աշխատում ենք հանուն հասարակության, որտեղ մարդը ճանաչում է իր իրավունքները, հարգում է այլոց իրավունքները և կարող է մասնակցել իր ապագայի ձևավորմանը։